ԱՄԷ առաջին ամենամեայ ներդրումային համաժողովի շրջանակում տեղի ունեցաւ Հայաստանի շնորհանդէսը


ԱՄԷ առաջին ամենամեայ ներդրումային համաժողովի շրջանակում տեղի ունեցաւ Հայաստանի շնորհանդէսը

  • 12-05-2011 20:24:27   |   |  Տնտեսութիւն
Դուբայում ընթացող առաջին ամենամեայ ներդրումային համաժողովի (AIM-2011) շրջանակում մայիսի12-ին տեղի ունեցաւ Հայաստանի շնորհանդէսը, որին ներկայ էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը, համաժողովի մասնակից տարբեր երկրների պատուիրակութիւնների, ներդրումային ընկերութիւնների ներկայացուցիչներ, գործարարներ: Ազգային մրցունակութեան հիմնադամի գործադիր տնօրէն Բեկոր Փափազեանն անդրադարձաւ Հայաստանում պետական-մասնաւոր հատուածների համագործակցութեամբ իրականացուող ծրագրերին: Նա մասնաւորապէս ներկայացրեց զբօսաշրջութեան ոլորտում նախանշուած Հարաւային միջանցք նախագիծը, որը ներառում է Ջերմուկի զարգացման, «Տաթեւի վերածնունդ» եւ այլ ծրագրեր: Ներկայացուեց նաեւ Միջուկային բժշկութեան ծրագիրը, որով նախատեսւում է Երեւանում հիմնել ուռուցքային եւ սրտանօթային հիւանդութիւնների ախտորոշման ու քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր արտադրող կենտրոն: Զարգացման հայկական գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեանն ընդհանուր տեղեկութիւններ ներկայացրեց Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի, Հայաստանում իրականացուող մի շարք խոշոր ծրագրերի մասին: Շնորհանդէսին ԱՄԷ Ռաս ալ Խայմայի էմիրութեան ներկայացուցիչ, Ռաս ալ Խայմայի ներդրումային ընկերութեան ղեկավար դոկտոր Խաթր Մաասադը խօսեց ընկերութեան կողմից Հայաստանում անշարժ գոյքի, հանքարդիւնաբերութեան ոլորտներում իրականացուող ծրագրերի մասին` դրանք համարելով Հայաստան- ԱՄԷ արդիւնաւէտ համագործակցութեան յաջող օրինակ: Շնորհանդէսին յաջորդած առանձնազրոյցում փոխվարչապետ Արմէն Գէորգեանն ու Խաթր Մաասադը քննարկեցին Հայաստանում իրականացուող ծրագրերի ընթացքը: Խաթր Մաասադը մասնաւորապէս տեղեկացրեց, որ հանքարդիւնաբերութեան ոլորտում շարունակւում են ընդերքի ուսումնասիրութեան ու պաշարների հաստատման աշխատանքները, եւ կան բաւականին խոստումնալից արդիւնքներ: Նա նշեց, որ չնայած տնտեսական ճգնաժամին` ողջ թափով եւ համաձայն ժամանակացոյցի է իրականացւում է Երեւանի Կասկադի հատուածում 2008թ. մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը: Կառուցուող բնակարանները հետաքրքրութեան են առաջացանում թե' հայաստանցի, թե' Հայաստանից դուրս բնակուող հնարաւոր գնորդների շրջանակում: Տեղեկութիւններ ներկայացուեց Երեւանի Աւան թաղամասում նախատեսուող առեւտրաժամանցային համալիրի կառուցման ծրագրի ընթացքի մասին (որի համար ընկերութիւնը 12 մլն դոլարով ձեռք է բերել 10հայ տարածք), նշուեց, որ արդէն առկայ են պայմանաւորուածութիւններ ֆրանսիական «Քարֆուր» ընկերութեան հետ` համալիրի հիպերմարկետի կառավարման վերաբերեալ: Մի շարք ընկերութիւնների, այդ թւում` IFC-ի հետ, բանակցութիւններ են ընթանում ընդհանուր ծրագրի համաֆինանսաւորման վերաբերեալ: Խաթր Մաասադը վստահութիւն յայտնեց, որ առաջիկայում կ'ամփոփուեն պայմանաւորուածութիւնները, ինչը հնարաւորութիւն կը ստեղծի սկսել համալիրի կառուցման աշխատանքները: Ա. Գէորգեանը կարեւորեց նախանշուած ժամկէտներում դրանց իրականացումը: Քննարկուեցին նաեւ նոր ծրագրերի հնարաւորութիւնները: ՀՀ փոխվարչապետի յաջորդ հանդիպումը ԱՄԷ գործարար կանանց խորհրդի նախագահ շէյխայ Հինդ ալ Քասիմիի եւ խորհրդի մի շարք անդամների հետ էր: Խորհրդի նախագահը ներկայացրեց ապրիլին Հայաստան կատարած այցից իր տպաւորութիւնները` տեղեկացնելով, որ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն իրականացման ընթացքում են: Մասնաւորպէս նշուեց, որ մի քանի ընկերութիւնների միջեւ ուղիղ գործակցութիւն է սկիզբ առել, եւ ներկայումս յստակեցւում են համագործակցութեան մեխանիզմները: Տեղեկացուեց, որ արաբական կողմը հետաքրքրուած է սննդամթերքի արտադրութեան, զբօսաշրջութեան, ոսկերչութեան ոլորտներում փոխգործակցութեամբ: Հինդ ալ Քասիմին պատրաստակամութիւն յայտնեց առաջիկայում նորից այցելել Հայաստան` հաշուի առնելով արաբական կողմի հետաքրքրուածութիւնը: Ա. Գէորգեանը ողջունեց իրականացուող գործնական քայլերը եւ աջակցութեան պատրաստակամութիւն յայտնեց բոլոր նախաձեռնութիւններում: Հինդ ալ Քասիմին առաջարկեց երկու երկրների միջեւ ձեւաւորել համագործակցութեան յանձնաժողով` մշակութային, հումանիտար եւ բիզնես ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու, տեղեկատուութեան փոխանակման եւ շփումների շարունակականութիւնն ապահովելու նպատակով, որի կազմում կը ներգրաւուեն եւ ակտիւ գործունէութիւն կը ծաւալեն նաեւ կին գործարարներ: Ա. Գէորգեանը ողջունեց առաջարկը` պատրաստակամութիւն յայտնելով Երեւանում քննարկել նշուած ձեւաչափով կառոյց ստեղծելու նախաձեռնութիւնը եւ ներկայացնել հայկական կողմի առաջարկութիւնները:
  -   Տնտեսութիւն