Հոլանդիայի խորհրդարանում կը վերսկսուի՞ ցեղասպանութեան ժխտումը պատժելու օրինագծի քննարկումը


Հոլանդիայի խորհրդարանում կը վերսկսուի՞ ցեղասպանութեան ժխտումը պատժելու օրինագծի քննարկումը

  • 07-03-2011 12:34:47   |   |  Մամլո հաղորդագրություն
Հաագայ, 7 մարտի 2011 - Հոլանդիայի խորհրդարանի տարբեր խմբակցութիւնների հարցերին Քրիստոնէական Միութեան խմբակցութեան պատասխաններով, որոնք հրատարակուել էն մի 23 էջանոց փաստաթղթում, ցեղասպանութեան հասարակայնօրէն եւ կանխամտածուած ժխտումը պատժելու օրինագիծը նոր փուլի մէջ է մտնում: Օրինագիծը, որը ներկայացուել է հոլանդական խորհրդարանին (Հոլանդական Ներկայացուցիչների պալատին) 2006 թ. Քրիստոնէական Միութիւն խմբակցութեան կողմից, մինչ այժմ չէր վայելում մեծամասնութեան աջակցութիւնը: Դա ակնյայտ էր գրաւոր մշակման փուլի ընթացքում խորհրդարանական խմբակցութիւնների բազմաթիւ քննադատական հարցերից: Բարձրացրած խնդիրներից մէկը վերաբերում է այն հարցին, թէ արդեօ՞ք նման օրինագիծ անհրաժեշտ է, նկատի ունենալով, որ հոլանդական քրէական օրէնսգրքի խտրականութեան եւ խմբային վիրաւորանքի մասին յօդուածներն արդէն իսկ բաւարար երաշխիքներ էն նախատեսում ցեղասպանութեան ժխտման պատժելիութեան համար: Ծանրակշիռ դեր ունի նաեւ խօսքի ազատութեան սահմանափակումների մասին Հոլանդիայում ծաւալուած ներկայիս հանրային բանավէճը: Կան նաեւ բազմաթիւ հարցեր «ցեղասպանութիւն» եզրի շրջանակի եւ սահմանումի մասին: Քրիստոնէական Միութիւն կուսակցութիւնը վերջերս կազմակերպել էր կլոր սեղան, որտեղ մի քանի խմբաւորումներ մեկնաբանեցին օրինագիծը, իսկ որոշները, ինչպէս Իսրայէլի տեղեկատուութեան եւ վաւերագրութեան կենտրոնը (CIDI) եւ Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան (FAON), փաստարկներ առաջ քաշեցին ցեղասպանութեան ժխտման բացայայտ քրէականացման օգտին: Օրինագծի հեղինակ Քրիստոնէական Միութիւն խմբակցութիւնն իր պատասխան յուշագրում, ի թիւս այլոց, ընդգծել է ցեղասպանութեան հերքումի բացայայտ քրէականացման անհրաժեշտութիւնը` հիմնուելով 2008 թ. նոյեմբերի 28-ի «Պայքար ռասիզմի եւ այլատեացութեան որոշ ձեւերի եւ դրսեւորումների դէմ քրէական օրէնքի միջոցով» ԵՄ Շրջանակային որոշման բնագրի եւ նպատակադրումների վրայ: Սոյն որոշումն ուղղակիօրէն ենթադրում է ցեղասպանութեան հերքման քրէականացումն անդամ պետութիւնների կողմից: Օրինագծի հեղինակը նաեւ գտնում է, որ անհրաժեշտ է օրէնսդրութեան յստակութիւն, ինչը չի կարելի եզրակացնել գոյութիւն ունեցող դատական նախադէպից: Այս դատական նախադէպում, օրինակ, այն փաստն է դեր խաղացել, որ Հոլոքոսթի ժխտումը վիրաւորական է Հոլոքոստի ողջ մնացած զոհերի եւ նրանց անմիջական ընտանիքների համար: Պարզ չէ, թէ ինչ է որոշելու դատաւորը, երբ այլեւս չկան (Հոլոքոստը) վերապրածներ կամ նրանց անմիջական հարազատները: Ինչ վերաբերում է խօսքի ազատութեանը, պէտք է, ի թիւս այլոց պնդել, որ դրա պաշտպանութիւնը նկատի չի առնուած օրինակ Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայում (ՄԻԵԿ)` խմբային վիրաւորանքի լուրջ խախտումների համար: Ինչ վերաբերում է ցեղասպանութիւն հասկացութեանը, յամենայն դէպս, որպէս օրինակ այնտեղ նշուած էն Հոլոքոսթը եւ Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ Ռուանդայի եւ Սրեբրենիցայի ցեղասպանութիւնները: Նոյնպէս նկատառումներ էն արուած այնպիսի չափանիշների վերաբերեալ, ինչպիսիք էն այս կապակցութեամբ ճանաչումը եւ «ընդհանուր համաձայնութիւնը»: Գալիք ժամանակներում յայտնի կը դառնայ, թէ Հոլանդիայի ներկայիս քաղաքական իրավիճակում, որ ստեղծուել է 2010 թ. խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, արդեօ՞ք կը լինի օրինագծին աջակցող մեծամասնութիւն Հոլանդիայի խորհրդարանում: Կարելի է ակնկալել, որ մինչեւ այս տարուայ վերջը օրինագիծը կը քննարկուի Հոլանդիայի խորհրդարանի լիագումար նիստում: Հոլանդահայ Կազմակերպութիւնների Ֆեդերացիայ (FAON) Կայքէջ` www.faon.nl
  -   Մամլո հաղորդագրություն