Յարութ Սասունեան. «Պէտք է հակազդել Օբամայի` Բաքւում եւ Անկարայում դեսպանների նշանակմանը»


Յարութ Սասունեան. «Պէտք է հակազդել Օբամայի` Բաքւում եւ Անկարայում դեսպանների նշանակմանը»

  • 11-01-2011 20:46:35   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Ամերիկահայերը պէտք է վճռական հակազդեցութիւն ցոյց տան նախագահ Օբամայի` Մեթիւ Բրայզային Ադրբեջանում եւ Ֆրենկ Ռիկիարդոնէին Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտօնում միակողմանի նշանակումներին: Օգտուելով խորհրդարանական արձակուրդներից, Նախագահը շրջանցեց Միացեալ Նահանգների Սենատը` այդ «ընդմիջումային նշանակումները» կատարելու համար դեկտեմբերի 29-ին: Չնայած Սենատի նստաշրջանից դուրս գտնուելու ժամանակ նախագահ Օբաման այսպիսի ժամանակաւոր նշանակումներ կատարելու օրինական իրաւասութիւն ունի, սակայն նրա անխոհեմ որոշումը կարող է մի շարք լուրջ հետեւանքներ ունենալ. -Միացեալ Նահանգների նոր դեսպանների օրինականութեան եւ վստահելիութեան ձախողում իրենց հիւրընկալող երկրների աչքում, քանի որ նրանց նշանակումները կատարուել էն օրէնսդրութեան մէջ առկայ վաղեմի գործընթացի պատճառով, այլ ոչ թէ Սենատի պատշաճ հաստատմամբ: -Առճակատում իր կուսակցութեան երկու նշանաւոր սենատորների` Բարբարայ Բոքսերի (Կալիֆորնիա) եւ Ռոբերտ Մենենդեսի (Նիւ Ջերսի) հետ, որոնք «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածութեան վրայ: Արդէն իսկ կորցնելով հանրապետականների կողմից վերահսկուող Ներկայացուցիչների պալատը, Օբաման այժմ Սենատի դեմոկրատական նօսրացած մեծամասնութեան իւրաքանչիւր ձայնի խիստ կարիք ունի: -Հակառակութիւն Սենատի բոլոր անդամների հետ` դեսպանների թեկնածութիւնը հաստատելու մանդատից սենատորներին զրկելու պատճառով: -Բոլոր կամուրջների այրում Նախագահի եւ ամերիկահայերի միջեւ, որոնք նրա ամենաջերմ աջակիցներից էին վերջին նախագահական ընտրութիւններում, արդէն իսկ խախտելով Հայոց ցեղասպանութեան, Արցախի ինքնորոշման եւ Հայաստանի ֆինանսական աջակցութեան վերաբերեալ տուած իր խոստումները: Բարեբախտաբար, նախագահ Օբամայի ընդմիջումային նշանակումները ժամանակաւոր բնոյթ էն կրում եւ տարբերւում էն դեսպանների բնականոն ծառայութեան ժամկէտից: Դրանք վաւերական էն ընդամէնը մէկ, այլ ոչ թէ սովորական երեք տարուայ համար: Որպէսզի Բրայզան եւ Ռիկիարդոնէն 2011 թուականից յետոյ եւս աշխատեն որպէս դեսպաններ, նախագահ Օբաման պէտք է նրանց անունները կրկին ներկայացնի Սենատ` պատշաճ կերպով հաստատելու համար: Սենատն ու Ամերիկայի հայկական համայնքը բաւարար ժամանակ ունէն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու` իրենց երեսին Նախագահի հասցրած ապտակն աննկատ եւ անպատասխան չթողնելու համար: Երկու դեսպաններն էլ պէտք է հետ ուղարկուէն ընթացիկ տարուայ վերջին: Ահա այն քայլերը, որոնք կարող էն խոչընդոտել Սենատում առաջիկայ ամիսներին Բրայզայի հաստատմանը. -Հանգամանօրէն ուսումնասիրել Բաքւում Բրայզայի հրապարակային յայտարարութիւնները, մամուլի ասուլիսներն ու հարցազրոյցները` ստուգելու համար, որ նա պատշաճօրէն է ներկայացնում Միացեալ Նահանգների շահերն Ադրբեջանում, այլ ոչ թէ` Բաքուի շահերը Վաշինգտօնում: -Հրապարակել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան դիմած ադրբեջանցի լրագրողի ներկայացրած փաստաթղթերը. նա պնդում է, թէ 2007 թուականին Ստամբուլում տեղի ունեցած Բրայզայի ճոխ հարսանեաց հանդէսի ծախսերը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարարը: Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի լսումների ժամանակ, Բրայզան երդում տալով վկայել է, որ իր հարսանիքի ծախսերը հոգացել է իր ընտանիքը: Եթէ Եւրադատարանը յայտնաբերի, որ, իրօք Ադրբեջանի կառավարութիւնն է ֆինանսաւորել Բրայզայի հարսանիքը, ապա նրան պէտք է մեղադրել երդման տակ ստելու, նուէրները որպէս եկամուտ հարկային ծառայութիւններին չներկայացնելու եւ Միացեալ Նահանգների` նուէրներ ստանալու եւ դրանց մասին յայտնելու քաղաքականութիւնը խախտելու համար: -Ուսումնասիրել անցեալ տարի Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում նրա բանաւոր եւ գրաւոր բոլոր յայտարարութիւնները` դրանց ճշմարտացիութիւնը պարզելու նպատակով: -Շահերի բախման ապացոյցներ փնտրել կապուած Բրայզայի թուրքական ծագում ունեցող կնոջ` Զեյնոյ Բարանի, Հադսոնի ինստիտուտի Եւրասիայի քաղաքականութեան հարցերով կենտրոնի տնօրէնի պաշտօնը զբաղեցնելու հետ, որը Վաշինգտօնում գործող վերլուծական կենտրոններից մէկն է եւ ֆինանսաւորւում է կասպեան տարածաշրջանում գործունէութիւն ծաւալած «ExxonMobil» եւ այլ էներգետիկ ընկերութիւնների կողմից: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մեղադրել էր Բրայզային` դաշնային բարոյականութեան կանոնները խախտելու համար` թուրքական եւ ադրբեջանական գործարար շահերի հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով: -Կապ պահպանել սենատորներ Բոքսերի եւ Մենենդեսի հետ, որոնք անցեալ տարի «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածութեան վրայ` յորդորելով նրանց մէկ անգամ եւս խափանել նրա հաստատումը, երբ Օբաման կրկին նրա անունը կը ներկայացնի Սենատին: Երկու սենատորները նման վարուելակերպով կը վերահաստատեն իրենց նախնական համոզմունքը, որ Բրայզան չի կարող պատշաճօրէն աշխատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում: Հայկական համայնքն ի սկզբանէ չէր առարկել Ռիկիարդոնէի թեկնածութեանը: Սակայն, քանի որ Օբաման հակադրուել է մի շարք կարեւոր հայկական նախաձեռնութիւնների եւ խախտել դրանց բոլորի վերաբերեալ տուած իր խոստումները, ապա ամերիկահայերը կարող էն Օբամայի վարչակարգի նկատմամբ իրենց ընդդիմութիւնն ընդլայնել տարբեր ճակատներով: Նրանք պէտք է աջակցեն այն սենատորներին, որոնք ընթացիկ տարուայ վերջին հակուած կլինէն «կասեցում» դնել Ռիկիարդոնէի թեկնածութեան հաստատմանը: Հաշուի առնելով անցեալ տարի հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկի` Ռիկիարդոնէի թեկնածութեան հաստատմանը «կասեցում» դնելն ու ընդմիջումային նշանակմանը ազդեցիկ պահպանողական շրջանակների առարկութիւնը, Ամերիկայի հայկական կազմակերպութիւնները եզակի հնարաւորութիւն ունէն սերտօրէն աշխատել հանրապետականների հետ` հակադրուելու նրա հաստատմանը ընթացիկ տարուայ վերջին: Եթէ Ամերիկայի հայկական համայնքն իր քաղաքական ուժերը լարելով ցոյց տա, որ պատրաստ է եւ ի զօրու պաշտպանել իր շահերը, ապա շատ հաւանական է, որ Միացեալ Նահանգների պետական պաշտօնեաներն առաւել ուշադիր կլինէն հայկական հարցերի նկատմամբ:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կ'ուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ