Վիւասել- ՄՏՍ -ը հերթական անգամ աջակցում է սահմանափակ մտաւոր ունակութիւներով անձանց


Վիւասել- ՄՏՍ -ը հերթական անգամ աջակցում է սահմանափակ մտաւոր ունակութիւներով անձանց

  • 11-12-2010 14:09:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վիւասել- ՄՏՍ -ի օժանդակութեամբ եօթ մարզիկից բաղկացած հայկական պատուիրակութիւնը մասնակցեց Վարշաւայում կայացած «Յատուկ Օլիմպիադաների» 2010թ. Եւրոպական Ամառային Խաղերին ԵՐԵՒԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական Յատուկ Օլիմպիադաներ» կազմակերպութիւնը դեկտեմբերի 3-ից 5-ը կազմակերպեց հաշմանդամների միջազգային օրուան նուիրուած մարզական խաղեր` թեթեւ աթլետիկայ, բասկետբոլ եւ ֆուտբոլ մարզաձեւերում: Վանաձորում դրանց մասնակցեց յատուկ, հանրակրթական եւ սպորտդպրոցներից ներկայացած 12-15 տարեկան 120 մարզիկ: Խաղերի անցկացմանն աջակցում էին ՀՀ կառավարութիւնը` ի դէմս Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան, Վիւասել- ՄՏՍ ընկերութիւնը եւ Լոռու մարզպետարանը: Ըստ Վիւասել- ՄՏՍ -ի տարածած մամլոյ հաղորդագրութեան, սա Վիւասել- ՄՏՍ -ի հերթական աջակցութիւնն էր «Հայկական Յատուկ Օլիմպիադաներում» ներգրաւուած սահմանափակ մտաւոր ունակութիւններով մարզիկներին: Այս օժանդակութեան շնորհիւ եօթ հոգուց բաղկացած հայկական պատուիրակութիւնն այս տարուայ սեպտեմբերին մասնակցեց Վարշաւայում կայացած «Յատուկ Օլիմպիադաների» Եւրոպական Ամա-ռա-յին Խաղերին: Հայ յատուկ օլիմպիական 19-ամեայ Սուրէն Բալասանեանը, որը մրցեց 50 մ վազք եւ փափուկ գնդակի նետում ձեւերում, արժանացաւ մրցանակային առաջին տեղին եւ պարգեւատրուեց ոսկէ մեդալով: Նշենք, որ 2006 թ.-ին Վիւասել- ՄՏՍ -ի աջակցութեամբ հայկական պատուիրակութիւնը մասնակցել էր նաեւ Իտալիայում կայացած Յատուկ Օլիմպիադաների Եւրոպայի ամառային խաղերին, որտեղ հայ յատուկ մարզիկները դարձեալ շահել էին մրցանակային տեղեր: Այսօրինակ մարզիկների մասնակցութիւնը տեղական եւ միջազգային նման միջոցառումներին, սահմանափակ մտաւոր ունակութիւններով մարդկանց օգնում է յաղթահարել բազմաթիւ հոգեբանական խոչընդոտներ, ձեռք բերել նոր ընկերներ եւ նպաստում է աւելի բարեացակամ եւ ներառական հասարակութեան կառուցմանը:
  -   Հասարակութիւն