Էդուարդ Նալբանդեան. Հայաստանը շարունակելու է իր ակտիւ ներգրաւուածութիւնը Մակ-ի գործունէութեանը


Էդուարդ Նալբանդեան. Հայաստանը շարունակելու է իր ակտիւ ներգրաւուածութիւնը Մակ-ի գործունէութեանը

  • 02-03-2012 21:26:56   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը հանդէս է եկել յայտարարութեամբ Հայաստանի Հանրապետութեան Մակ-ի անդամակցութեան քսանամեակի կապացութեամբ: ՀՀ ԱԳՆ-ից ստացուել է յայտարարութեան տեքստը, որում մասնաւորապէս, նշուած է. "Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդուելով համամարդկային արժէքներով եւ խաղաղ համակեցութեան հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացաւ միաւորուած ազգերի ընտանիքին: Հայաստանը պատուով է ընդունել Մակ-ի կանոնադրութեամբ ստանձնած պարտաւորութիւնները, որոնք համահունչ էն մեր ժողովրդի իղձերին: Երկու տասնամեակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել Մակ-ի նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանը, խաղաղ միջոցներով եւ միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ վէճերի կարգաւորմանը, ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի յարգման հիման վրայ պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւնների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղութեամբ միջազգային համագործակցութեանը, մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների նկատմամբ յարգանքի խթանմանը: Հայաստանը շարունակելու է իր ակտիւ ներգրաւուածութիւնը Մակ-ի գործունէութեանը` միջազգային հանրութեան համատեղ ուժերով նպաստելով մարդկութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմագրաւմանն ու խնդիրների լուծմանը, մարդկութեան համար առաւել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիւ ապագայի կերտմանը":
  -   Քաղաքական