Մարտի 6-ին ալբերտ Ազարեանի անուան մարզադպրոցում Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Ռոման Սահրադեանը «մեծ պտոյտ` առաջէ վարժութեամբ համաշխարհային ռեկորդ սահմանեց` կատարելով 152 պտոյտ:
«Մեծ պտոյտ`առաջ>> վարժութեան կատարումն իր նախադէպը չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում: 23-ամեայ Ռոման Սահրադեանը առաջինն էր, որ կատարեց այս վարժութիւնը: Մինչ այդ` 2011 թուականի սեպտեմբերի 24-ին, նա արդէն կատարել էր «Մեծ պտոյտ` հետ>> վարժութիւնը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը: Այս ռեկորդները գրանցուել են Հայաստանի «Դիւցազնագրքում>>: Մանկավարժական համալսարանի Պատմութեան եւ իրաւագիտութեան ֆակուլտետի իրաւագիտութեան մասնագիտութեամբ չորրորդ կուրսի ուսանողն այսօր ներկաններին զարմացրեց իր արտասովոր ուժով:
Պարապմունքների ժամանակ մինչեւ 250 եւ աւելի պտոյտ կատարած Ռոման Սահրադեանն ասաց. «Շատ լաւ տպաւորութիւններ ունեմ, չնայած նրան, որ նախատեսել էի կատարել 200-ից 300 պտոյտ, այնուամենայնիւ չեմ ընկճւում, քանի որ սպորտի մէջ չպէտք է ընկճուել: Այս վարժութիւնը, համեմատած իմ միւս կատարած վարժութեան հետ, շատ աւելի բարդ էր: Այսօր, ի հարկէ կար որոշակի լարուածութիւն, բայց այն շատ չէր: Պատրաստւում եմ աւելի երկար ժամանակ տրամադրել պարապմունքներիս եւ բարելաւել արդիւնքս: Շատ ուրախ կը լինեմ, որ ինչ-որ մէկը գերազանցի իմ այսօրուայ սահմանած ռեկորդը>>: Նման վարժութիւն կատարելու համար, ըստ Ռոմանի, նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ ճկունութիւն ու տոկունութիւն, իսկ յետագայում հնարաւոր է, որ նայ արդէն դիմի Գինեսի ռեկորդների գրքում աւելի բարձր ցուցանիշով գրանցուելու համար: