Բակոյ Սահակեանը շնորհակալութիւն է յայտնել Լոս Անջելեսի իշխանութիւններին


Բակոյ Սահակեանը շնորհակալութիւն է յայտնել Լոս Անջելեսի իշխանութիւններին

  • 20-11-2010 14:19:58   | ԱՄՆ  |  Քաղաքական
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 19-ին ելոյթով հանդէս է եկել Օրէնջ Քաունթիի Միջազգային յարաբերութիւնների խորհրդում: Ելոյթից յետոյ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացուած հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Նորեկ Գասպարեանը, պաշտօնատար այլ անձինք: Նոյն օրը Բակոյ Սահակեանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ եւ հանդիպել նրա անդամների հետ` խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի գլխաւորութեամբ: Արցախի նախագահը մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին եւ իր խօսքում շնորհակալութիւն յայտնել Լոս Անջելեսի իշխանութիւններին` մեր հայրենակիցների հանդէպ ունեցած վերաբերմունքի, հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը սատարելու համար: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, ելոյթներով հանդէս էն եկել նաեւ քաղաքային խորհրդի անդամները: Ողջունելով Արցախի Հանրապետութեան Նախագահին` նրանք ընդգծել էն, որ կարեւորում էն ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյութիւնը: Նրանց խօսքով` Արցախի եւ Միացեալ Նահանգների պատմութեան եւ պետականաշինութեան մէջ կան բազմաթիւ ընդհանրութիւններ, ինչն աւելի լաւ հեռանկարներ է ստեղծում երկկողմ յարաբերութիւնների զարգացման ու խորացման համար: Միջոցառումներին ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, Միացեալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Յարութ Սասունեանը, պաշտօնատար այլ անձինք: Նոյեմբերի 19-ին Բակոյ Սահակեանն այցելել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Դերդերեանի, ծխական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը կարեւոր է համարել թեմի նոր` Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի կառուցումը` նշելով, որ այս եկեղեցին ոչ միայն հայ ճարտարապետութեան կոթողներից մէկն է, այլ նաեւ մեծ դերակատարութիւն կ'ունենայ Սփիւռքում ազգապահպանութեան գործում: Հանդիպման ժամանակ արծարծուել էն Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ Հայրենիք-սփիւռք յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Բակոյ Սահակեանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի ներդրումը Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական