ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հիւրընկալուել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հիւրընկալուել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում

  • 07-03-2012 13:57:23   |   |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Բելգիայի Թագաւորութիւնում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 06-ի երեկոյեան հիւրընկալուել է կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդէս է եկել ելոյթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Նախագահն անդրադարձել է անկախութիւնից ի վեր եւրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետութեան եւրամերձեցման քաղաքականութեան իրագործման ուղղութեամբ եւրոպական կառոյցների հետ համագործակցութեամբ մեր երկրում իրականացուած աշխատանքներին ու առաջիկայ ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրութիւնը համարելով միանգամայն բնական` Սերժ Սարգսեանն իր ելոյթում նաեւ փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել, նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական աւանդոյթները, որոնց արմատները դարերի խորքում են: Հանրապետութեան ղեկավարը յիշել է դեռեւս Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող Արեւմտեան Հայաստանում 1860թ. ընդունուած «որոգայթ փառացէ կոչուող Ազգային սահմանադրութիւնը, որը մի քանի տարի անց եւրոպական պետութիւնների ճնշման տակ ստիպուած էր հաստատել նաեւ սուլթանը: Այն նախատեսում էր արեւմտահայերի ներկայացուցչական մարմինների ձեւաւորում համընդհանուր եւ գաղտնի քուէարկութեամբ: Աւելորդ համարելով նշել, որ օսմանեան իշխանութիւնները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմութեան այս բռնկումը եւ առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունէութիւնը` Նախագահ Սարգսեանը յիշեցրել է, թէ ինչով աւարտուեց հայ առաջադիմականութեան եւ օսմանեան դժնդակ իրականութեան բախումը, որը յայտնի է համաշխարհային պատմութեանը ծանօթ իւրաքանչիւր անձնաւորութեան: Եւրամերձեցման քաղաքականութիւնը, Նախագահ Սերժ Սարգսեանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: «հայաստանում եւ Հարաւային Կովկասում ԵՄ ներգրաւուածութիւնը կարեւորում ենք ոչ միայն նրա համար, որ Եմ­ն գլոբալ դերակատար է, այլեւ առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ եւ կայուն գոյակցութեան ամենայաջողուած մոդելն է: Հարաւային Կովկասի լիարժէք զարգացման մեր տեսլականը խարսխուած է այն արժէքների եւ գիտակցութեան վրայ, որոնք հնարաւոր են դարձրել Եւրոպայի յաջողութիւնը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժէքային համակարգի շնորհիւ կարող ենք կառուցել անվտանգ եւ զարգացող տարածաշրջան: Մեր տարածաշրջանն իսկապէս ընդհանուր արժէքների գիտակցութեան սերմանման, անվտանգութեան օրակարգի մշակման եւ ինտէգրուած տնտեսութեան ձեւաւորման կարիք ունի` մասնաւորապէս ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի իւրայատկութիւնները եւ առկայ մարտահրաւէրների բազմազանութիւնը: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մօտ է Եւրոպային եւ եւրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինութեան իմաստով, այլեւ իր վարքագծով` որպէս յուսալի գործընկեր թէ՛ տարածաշրջանային, եւ թէ՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդէս է գալիս առկայ բոլոր խնդիրները քաղաքական բանակցութիւնների, փոխհամաձայնութեան, բոլոր կողմերի շահերի յարգման եւ խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամէն հնարաւորը կանխելու աղէտաբեր զարգացումները, վտանգաւոր դիմակայութիւնները, նոր բաժանարար գծերի առաջացումը եւ գործով ենք ապացուցել մեր մտադրութիւնների լրջութիւնըէ,-ասել է Նախագահ Սարգսեանը: Հանրապետութեան ղեկավարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրաւէրներին, ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացին, Հայաստան-թուրքիայ յարաբերութիւններին: Ելոյթի աւարտին Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկայ խնդիրներից եւ մարտահրաւէրներից, Հայաստանը հաստատակամօրէն ընտրել է պետականաշինութեան իրապէս ժողովրդավարական ճանապարհը: «Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հաւուր պատշաճի յարգւում են մարդու իրաւունքները, երկիր, որտեղ դատաիրաւական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կայ հաւասար մրցակցութիւն քաղաքական ու տնտեսական դաշտերում, եւ ամենակարեւորը` երկիր, որտեղ ժողովրդավարութիւնը ոչ թէ լոկ ձեւ է, այլ նաեւ բովանդակութիւն: Սա է զարգացած երկիր եւ բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, եւ մենք հետամուտ ենք այն անցնել մինչեւ նպատակի իրագործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը: Այսօր Բրիւսէլում շարունակւում է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը, որի շրջանակերում առաւօտեան Սերժ Սարգսեանը հանդիպումներ է ունեցել Եւրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եւրոպական ժողովրդական կուսակցութեան նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: օրուայ ընթացքում հանդիպում է նախատեսուած նաեւ ԵՄ ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէի հետ:
  -   Մամլո հաղորդագրություն