Նախագահ Սերժ Սարգսեանը պետական այցով գտնւում է Սինգապուրի Հանրապետութիւնում


Նախագահ Սերժ Սարգսեանը պետական այցով գտնւում է Սինգապուրի Հանրապետութիւնում

  • 28-03-2012 17:30:52   |   |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը պետական այցով մարտի 27-ի երեկոյեան ժամանել է Սինգապուրի Հանրապետութիւն: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, մարտի 28-ին Հանրապետութեան ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագոյն ղեկավարութեան` Նախագահ Թօնի Տան Քէն Եամի, վարչապետ Լի Սեան Լունի հետ, ինչպէս նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիւ Հայաստանի նախագահի տրուած ճաշին, որին ներկայ են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութիւնը զարգացնելու, հայ-սինգապուրեան քաղաքական երկխօսութիւնն ակտիւացնելու ուղղութեամբ հնարաւոր քայլերը: Սինգապուրի նախագահ Թօնի Տան Քէն Եամի խօսքով, չնայած երկու երկրները դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեցին քսան տարի առաջ, հայ-սինգապուրեան կապերը գոյութիւն ունեն 150 տարուց աւելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնէական եկեղեցին: Սերժ Սարգսեանի դիտարկմամբ, Սինգապուրն արագ զարգացած յաջողուած պետութեան լաւ օրինակ է բազմաթիւ երկրների, այդ թւում` Հայաստանի համար: Նախագահները երկուստէք ցանկութիւն են յայտնել, որ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման յոբելեանական այս տարին նշանաւորուի նաեւ որպէս Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցութեան ընդլայնման ու ամրապնդման տարի: Երկու երկրների նախագահները խօսել են կրթութեան, գիտութեան, քաղաքացիական ծառայութեան ոլորտներում համագործակցութեան, սինգապուրեան փորձը Հայաստանում ներդնելու մասին եւս: Սինգապուրի վարչապետ Լի Սեան Լունի հետ Նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպմանն անդրադարձ է եղել յատկապէս երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը: Վարչապետ Լի Սեան Լունի խօսքով, փոքր երկրները միջազգային յարաբերութիւնների ուղեգիծը չեն որոշում, բայց հետեւում են միջազգային կանոններին: Երկրի չափերը, վարչապետի համոզմամբ, զարգացման խոչընդոտ լինել չեն կարող: Այդ իմաստով, ըստ նրա, պատահական չէ, որ երկու երկրներն էլ մասնակցել են Սէուլի միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին: Հայաստանի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի հանդիպմանը եւս երկուստէք ընդգծուել է Սինգապուրի պատմութեան ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Յատկապէս յիշելով հայ գործարարների բարի համբաւը եւ Սինգապուրում 19-րդ դարի վերջին առեւտրային յարաբերութիւնները զարգացնելու գործում նրանց ունեցած իւրայատուկ առաքելութիւնը` Լի Սեան Լունը ցանկութիւն է յայտնել վերականգնուած տեսնել հայ-սինգապուրեան տնտեսական սերտ կապերը: Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտօնական բանակցութիւնները եզրափակուել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնաւորապէս, ստորագրուել են Փոխըմբռնման յուշագիր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Սինգապուրի Հանրապետութեան կառավարութեան միջեւ մշակոյթի ոլորտում համագործակցութեան մասին եւ Համաձայնագիր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Սինգապուրի Հանրապետութեան կառավարութեան միջեւ դիւանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտօնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին: Պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր այցելել է նաեւ Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարուող ծաղկի` «Սինգապուրեան խոլորձի» անուանակոչութեան արարողութիւնը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիւ երկրի բարձրաստիճան հիւրերի եւ անուանի գործիչների: Վերոնշեալ արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցութիւնը մէկ այլ խորհուրդ եւս ունէր. ,Վանդա Միսս Ջոակիմէ անունը կրող խոլորձի տեսակը, որը յայտնի է նաեւ որպէս ,Սինգապուրեան խոլորձէ կամ ,Ալոհայ արքայադստեր խոլորձէ, իր անուանումն ստացել է` ի պատիւ Սինգապուրում բնակուող հայազգի ծաղկաբոյծ Ագնէս Ջոակիմի (Աշխէն Յովակիմեան), ով յայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնէս Ջոակիմը (Աշխէն Յովակիմեան) ծնուել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ եւ Ուրելիայ Ջոակիմների (Յովակիմեան) ընտանիքում: Նախագահ Սերժ Սարգսեանը պատուոյ հիւրերի գրքում իր գրառման մէջ այս կապակցութեամբ նշել է. «Բնութեան այս հրաշքը` «Վանդայ Միսս Ջոակիմ» խոլորձը, իր մէջ ամփոփում է նոյնքան ներդաշնակութիւն եւ գեղեցկութիւն, որքան յատուկ է Սինգապուրին եւ նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբոյծ Ագնէս Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդէպ իր քնքուշ սիրով Ագնէսը հայերիս անունը առյաւէտ միահիւսեց Սինգապուրի ժողովրդի պատմութեանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաեւ հայ-սինգապուրեան բարեկամութեան յարատեւութեան խորհրդանիշը լինիէ: Հանրապետութեան ղեկավարը Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրուել են յատկապէս տեղեկատուական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցութեան, առողջապահութեան, քաղաքաշինութեան եւ քաղաքաշինական ծրագրաւորման, Հէկ-երի շինարարութեան, աղբահանութեան եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցութեան հնարաւորութիւններով: Նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել, որ առաջիկայում Սինգապուր կ'այցելեն նաեւ հայ գործարարները` բանակցութիւններն ու մտադրութիւններն աւելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով: Սինգապուրի Հանրապետութիւն Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրուայ աւարտին նախատեսուած է նաեւ Նախագահ Սերժ Սարգսեանի պատուին Սինգապուրի նախագահ Թօնի Տան Քէն Եամի անունից պետական ընթրիք:
  -   Քաղաքական