Ալեքսանդր Մանասեան. Ադրբեջանն է ֆաշիստ եւ ցեղասպանածին պետութիւն


Ալեքսանդր Մանասեան. Ադրբեջանն է ֆաշիստ եւ ցեղասպանածին պետութիւն

  • 04-04-2012 15:35:51   | Հայաստան  |  Քաղաքական



Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման 20-ամեայ պատմութեան մէջ եւ առայսօր բանակցային սեղանին դրուած չէ խնդրի իրաւական փաթեթը: այս մասին «Նոյեան Տապան»-ի մամուլի սրահում լրագրողների հետ ապրիլի 4-ի հանդիպմանը նշեց «Քաղաքական հետազօտութիւնների ակադեմիա»ՀԿ-ի նախագահ, փիլիսոփայութեան դոկտոր, պրոֆէսոր, հհ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր մանասեանը: Ըստ քաղաքագէտի, 1991թ. եւ դրանից առաջ Արեւմուտքը որոշում էր ընդունել հետխորհրդային տարածքում գոյացած նորանկախ պետութիւնները ճանաչել նախկին միութենական հանրապետութիւնների սահմաններում: Այդ էր պատճառը, որ անտեսուեց 1990թ. ապրիլի 3-ին խսհմ Գերագոյն խորհրդի կողմից ընդունուած օրէնքը, ըստ որի եթէ միութենական հանրապետութիւնը դուրս է գալիս Խորհրդային Միութեան կազմից, ապա դրա կազմում գտնուող ինքնավար կազմաւորումները իրաւունք ունեն ինքնուրոյն որոշելու իրենց կարգավիճակը` ընդհուպ մինչեւ անկախ պետութեան ստեղծումը: Արեւմուտքի այդ դիրքորոշումը ընդունելի է դարձել նաեւ Ռուսաստանի համար, որն իր կազմում ուներ տասնեակ ինքնավար կազմաւորումներ եւ Ադրբեջանի կազմից լեռնային Ղարաբաղի դուրս գալը կարող էր նախադէպ դառնալ նաեւ սեփական կազմաւորումների համար: հայաստանը նոյնպէս համաձայնեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ եւ նահանջ կատարեց հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի եւ Հայկական ԽՍՀ գերագոյն խորհուրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունած համատեղ որոշումից: Արդիւնքում Արցախը ստիպուած էր առաջ անցնել Հայաստանից եւ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Ալեքսանդր Մանասեանը գտնում է, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացը գնացել է խնդրի քաղաքական լուծման ճանապարհով: Այդուհանդերձ Արեւմուտքը յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդիրն ունի իրաւական կողմ` Եւրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից առաջարկուած բոլոր կարգաւորման առաջարկութիւններում նշւում են միջազգային իրաւունքի նորմեր` տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքները: Ա.Մանասեանը համամիտ չէ այն պնդումների հետ, թէ այդ սկզբունքները հակասում են իրար: Իրականութեանը չեն համապատասխանում նաեւ այն պնդումները, թէ տարածքային ամբողջականութեան սկզբունքը գերակայ է ազգերի ինքնորոշման իրաւունքի նկատմամբ: Քաղաքագէտը գտնում է, որ եթէ բանակցութիւնների սեղանին դրուէր խնդրի կարգաւորման իրաւական փաթեթը, շատ բանէր կը լուծուէին: նայ նկատեց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը մի քանի անգամ ճանաչուել է, այդ թւում` վերոյիշեալ 1990թ, ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի որոշմամբ, ուստի այսօր այդ ճանաչուած իրաւունքը պէտք է յարգուի: « Ադրբեջանը լաւ է իմանում, որ իրաւական փաթեթը դեռ սեղանին չի լինի, դրա համար էլ նոյնպէս բղաւում է, որ պահանջում ենք, որպէսզի խնդիրը լուծուի իրաւական դաշտում, լաւ իմանալով, որ այդ իրաւական փաթեթը իր դէմ է»,- ասաց Ալեքսանդր Մանասեանը: «Քաղաքական հետազօտութիւնների ակադեմիա» Հկ-ի նախագահը համոզուած է, որ ղարաբաղեան խնդիրն ունի պարզ լուծում, «Մեղքը ոչ թէ խնդրինն է, այլ մօտեցմանն է»: Կամաց-կամաց խնդիրը, ըստ Ա.Մանասեանի, սկսում են կապել` եւ Ադրբեջանը առաջին հերթին, տարածաշրջանային խնդիրների հետ` Իրանի, Թուրքիայի, Սիրիայի շուրջ իրադարձութիւնների շրջանակում: «Ադրբեջանը ամէն ինչ կ'անի, որպէսզի հրահրի Եւրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին մեր խնդիրները կապել այլ խնդիրների հետ, որպէսզի ինքը կարողանայ ծառայութիւն մատուցել Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եւրոպային կամ Ռուսաստանին»,- նկատեց քաղաքագէտը: Ըստ Ա.Մանասեանի, բանակցային գործընթացի ձգձգման արդիւնքներից է նաեւ Ադրբեջանի ագրեսիւ պահուածքի առաջընթացը. եթէ սկզբնական շրջանում Ադրբեջանը հանգիստ նստում էր բանակցութեան սեղանի շուրջ եւ համաձայն էր, որպէսզի ԼՂ ներկայացուցչի հետ դէմ առ դէմ բանակցութիւն վարի, ապա այսօր նա իր պահուածքը կոշտացրել է: նախօրէին բաքւում ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յոխորտանքների պատճառն այն է, որ «Ալիեւը տեսնում է, որ չի յաջողւում Մինսկի խմբի շրջանակներում վճռական բէկում մտցնել յօգուտ Ադրբեջանի»: Ա.Մանասեանը գտնում է, որ ԱԺ պատգամաւորները այլ պատասխան պէտք է տային` «Դեմ չենք, որ խնդիրը քննարկուի իրաւական փաթեթի հիմքի վրայ, եւ տեսնենք, թէ ով է զաւթիչը` հայաստանը, թէ՞ Ադրբեջանը», ինչը չարուեց: «Ֆաշիստական երկիրը ինքն է հէնց, պէտք է ասէին, բանտարկուած ժողովուրդներին` լեզգիներ, թաթեր, թալիշներ, ուդիներ, հարցրէք, թէ ով է ֆաշիստը»: Ալեքսանդր Մանասեանը գտնում է, որ ԼՂ խաղաղ կարգաւորման ներկայ ձեւաչափը շատ կայուն եւ այս փուլում ձեւաչափի որեւէ փոփոխութիւն անհնարին է: Նա միաժամանակ գտնում է, որ քարոզչական ճակատում հայկական իշխանութիւնները պասիւ են, դրա հետեւանքն է խօջալույի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած աղմուկը: Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է միջազգայնացնել ադրբեջանահայութեան ցեղասպանութեան հարցը, դրա մէկ դրուագը Մարաղան է. «Չենք խօսում, որ ադրբեջանը ցեղասպանածին պետութիւն է: Դա երեւում է նաեւ Խօջալուի դէպքերի օրինակի վրայ. Ադրբեջանցիները անտեր-անտիրական մեսխեթցի թուրքերին կոտորել են մեզ վրայ բարդելու համար, այն հաշուարկով, որ բողոքօղներ չեն լինելու, ադրբեջանցիներին նախապէս ապահով դուրս են բերել Խօջալուից»: Ադրբեջանցիների կողմից ներկայացուող նկարներն էլ Կոսովոյից, Իրաքից, Թուրքիայից են, ինչը բացայայտուել է, եւ նրանք խայտառակուել են:
  -   Քաղաքական