Իրավիճակի անատոմիան


Իրավիճակի անատոմիան

  • 06-04-2012 14:54:14   | Հայաստան  |  Յօդուածներ
Մայիսի 6-ին կայանալիք ընտրութիւնները միայն խորհրդարանական ընտրութիւններ չեն, այլեւ` կառավարութեան ընտրութիւն: Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան համաձայն` պատգամաւորների մեծամասնութիւնը ձեւաւորւում է կառավարութիւնը: Հետեւապէս` այս կամ այն կուսակցութեանը քուէ տալով` հասարակութիւնը ոչ միայն ընտրում է պատգամաւորներին, այլեւ վստահում է երկրի կառավարումը կոնկրէտ կուսակցութեան կամ կուսակցութիւնների դաշինքի` իրական կոալիցիայի համար հիմքեր ձեւաւորելով: Կարծում եմ` նախընտրական այս փուլում արժէ անկեղծ գնահատական տալ երկրի այսօրուայ իրավիճակին, մատնանշել դրա պատճառները եւ շատ ընդհանուր գծերով առաջարկութիւններ անել, թէ ինչպէս կարելի է շտկել իրավիճակը: Անզէն աչքով անգամ տեսանելի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է. այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլեւ մի շարք ուղղութիւններով նահանջ ենք ապրել: Այսօր համախառն ներքին արդիւնքն աւելի փոքր է, քան 2008թ., աղքատութիւնը աւելացել է շուրջ կէս միլիոն մարդով, արտաքին պետական պարտքը գրեթէ եռապատկուել է եւ տարեվերջին կը հատի 4 միլիարդ դոլարի շեմը, էապէս իջել է ժողովրդի կենսամակարդակը, քանզի գնաճը ոչ միշտ է յաջողուել պահել թիրախային միջակայքում, եւ բնաչութեան եկամուտների աճը համահունչ չի եղել գնաճին: Որո՞նք են այս վիճակի հիմնական պատճառները: Առաջին, կառավարութեան կանխատեսելու ունակութիւնը եղել է շատ թոյլ: Նման ունակութիւնը կարեւորագոյն յատկանիշ է արտաքին ճգնաժամերի ազդեցութիւնը նուազագոյնի հասցնելու եւ սեփական տնտեսութեան զարգացումը ճիշտ ծրագրելու համար: Երկրորդ, այս չորս տարիների ընթացքում համապետական կամ տարածաշրջանային բնոյթի որեւէ մեծ ծրագիր չի իրականացուել. դրանց մասին միայն խօսուել է` Հայաստան-իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հիւսիս-հարաւ աւտոմայրուղի, Համահայկական բանկ, Գիւմրիի տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն եւ այլն: Այս ծրագրերից ոչ մէկը կեանքի չի կոչուել: Մեծ ծրագրերի իրականացումը կարեւորագոյն խթան է ու շարժիչ ուժ տնտեսական աճի համար: Երրորդ, իշխանութիւնները լուրջ խնդիր են ունեցել նաեւ կառավարման հարցերում` առաջադրուած խնդիրները լուծելու գործում հետեւողականութիւն չի եղել, մի ձեռքը չի իմացել, թէ միւսն ինչ է անում, իշխանութիւնների եւ բիզնեսի սերտաճումը աւելի է խորացել, նկատուել են տնտեսութեան կենտրոնացման միտումներ, ինչպէս նաեւ սեփականութեան վերաբաշխման վտանգաւոր գործընթացնէր: Չորրորդ, ելնելով զուտ քաղաքական նպատակայարմարութիւնից, ինչպէս նաեւ նեղ անձնական, հատուածական եւ կուսակցական շահերից, իշխանութիւնները չեն համարձակուել իրականացնել տնտեսութեան զարգացման համար խիստ կարեւոր երկրորդ եւ երրորդ սերնդի բարեփոխումները: Հինգերորդ, կառավարութեան տնտեսական քաղաքականութիւնը սխալ թիրախներ է նախանշել: Անցած չորս տարում նշակէտ է վերցուել սղաճի զսպումը եւ մեծացող բիւջէի կատարումը: Երկու դէպքում էլ իշխոնութիւնները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը: Առաջինի դէպքում վարել են զսպողական դրամավարկային եւ հարկաբիւջետային քաղաքականութիւն, պարբերաբար եւ հետեւողական բարձրացրել վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը եւ ազգային ռեզերվների հաշուին պայքարել դրամի արժէզրկման դէմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բեօ ւջէին, ապա այն իրականացուել է ոչ այնքան ստուերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշուին, որը մեր տնտեսութեան ողնաշարն է եւ որի` հարկային պարտաւորութիւններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին: Այդ թերութիւնները կարելի է շուտափոյթ շտկել եւ երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրայ: Դրա համար անհրաժեշտ է նախ ազատ եւ արդար ընտրութիւնների արդիւնքում ստեղծել նոր կառավարութիւն, որտեղ ներգրաւուած կը լինեն պրոֆէսիոնալներ` ունակ ճիշտ կանխատեսումներ անելու, ստեղծագործական միտք բանեցնելու, մեծ ծրագրեր իրականացնելու եւ երկիրն արտաքին աշխարհի համար բացելու, ինչպէս նաեւ ժողովրդական աջակցութեան այնպիսի պաշար ունենալու, որը նրան համարձակութիւն կը տայ կեանքի կոչել նոյնիսկ ամենախորքային բարեփոխումները: Եւ վերջապէս, այս կառավարութիւնը իր գործունէութեան հիմնական թիրախ պէտք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ իւրաքանչիւր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Միւս բոլոր տնտեսական խնդիրներին պէտք է նայել միայն ու միայն վերը նշուած թիրախների համատեքստում: Վարդան Օսկանեան
  -   Յօդուածներ