Կը վերականգնուի Արաքս գետի ափապաշտպան կառոյցը


Կը վերականգնուի Արաքս գետի ափապաշտպան կառոյցը

  • 12-04-2012 19:22:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ապրիլի 12-ի նիստում Հայաստանի կառավարութիւնն որոշում է կայացրել. որով Արաքս գետի ափապաշտպան կառոյցի վերականգնման համար ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեանը յատկացուել է մօտ 348 մլն դրամ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առաւելագոյն ելքը մասնագէտները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը: Որոշմամբ նախատեսուած աշխատանքների իրականացմամբ կ'ամրացուի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարայ, Երուանդաշատ համայնքների տարածքում եւ Սիւնիքի մարզում, Արարատի մարզի Եղէգնաւան գիւղում կը բարձրացուի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում` նոյնպէս, ինչպէս նաեւ կը կառուցուի նոր կամուրջ: Այս ամէնի շնորհիւ առափնեայ տարածքները զերծ կը մնան ողողումից: Բարձրորակ տնկանիւթերի աճեցմանն ու կանաչ գօտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր»ՀԿ-ին որպէս նուիրաբերութիւն տրամադրելու համար կառավարութեան որոշմամբ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեանը յատկացուել է 5 մլն դրամ: Կազմակերպութիւնը 2010 եւ 2011 թթ. հանրապետութեան մի շարք մարզպետարաններին եւ այլ կազմակերպութիւնների անհատոյց տրամադրել է աւելի քան 100 հազար տնկանիւթ: Ծրագիրը շարունակւում է նաեւ այս տարի: Կառավարութիւնն իր նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարին յանձնարարել է ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով ապահովել Երեւան քաղաքի Ալիխանեան եղբայրների փ. 2 հասցէում գտնուող 13 հազար 500 քմ հողամասի շուկայական գնահատուած արժէքով ներդրումը «ռադիոիզոտոպների արտադրութեան կ'ենտրոնէ ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով: Նշուած կենտրոնի միջոցով կազմակերպուելու է ռադիօիզոտոպների արտադրութիւն, եւ այժմ կազմւում են հողամասում ցիկլոտրոն տեղադրելու նախագծանախահաշուային փաստաթղթերը: Գործադիրն ի գիտութիւն է ընդունել աղէտի գօտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղուած 2008-2012 թթ. պետական աջակցութեամբ իրականացուող ծրագրերի վերաբերեալ ներկայացուած տեղեկատուութիւնը: Դրանց իրականացման համար Ռուսաստանի Դաշնութիւնից ստացուած վարկային միջոցներից նախատեսուել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 մլրդ 500 մլն դրամ: 2009-2011 թթ. վճարուած եւ ՀՀ 2012 թ. պետբիւջէով նախատեսուած գումարները վճարելու դէպքում 2012 թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար յատկացուած ընդհանուր գումարը կը կազմի աւելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցուած բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիւը` 4 հազար 617: Ըստ կանխատեսման, ծրագրի իրականացումից յետոյ լուծում կը պահանջի 1008 ընտանիքի բնակարանային խնդիրը, որը կը լուծուի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գիւղական համայնքներում մէկ սենեականոցի յաւակնող 400 ընտանիքի ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքինը` բնակարանային շինարարութեան ծրագրով: Այս տարբերակով անհրաժեշտութիւն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների յատկացման, ինչի արդիւնքում ծրագրի ամբողջական արժէքը կը լինի 85 մլրդ 511 մլն դրամ: Փաստաթուղթը, վարչապետի դիտարկմամբ, բովանդակում է աղէտի գօտու ամբողջական պատկերը, թէ ռուսական վարկից տրամադրուած 250 մլն դոլարն ինչպէս է ծախսուել: «Մենք հարիւր տոկոսով կատարելու ենք մեր պարտաւորութիւնները», - շեշտել է Տիգրան Սարգսեանը: Յաջորդ որոշմամբ կառավարութիւնը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մէկում եւ ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեանը յատկացրել աւելի քան 266 մլն դրամ` Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի վարչական շէնքը 49 բնակարանից բաղկացած բնակելի շէնքի վերակառուցելու, «տաթեւէ վանական համալիրի պահպանական գօտու կառուցապատման սխեման եւ էսքիզային փաստաթղթերը մշակելու եւ Ջերմուկ քաղաքի գլխաւոր յատակագծում անհրաժեշտ փոփոխութիւններ կատարելու համար: Վարչապետը յատկապէս կարեւորել է Արմավիրի պահածոյի գործարանի վարչական շէնքի վերակառուցումը` շնորհակալութիւն յայտնելով ձեռնարկութեան ղեկավարութեանը, որը սիրայօժար տրամադրել է շէնքը: «Նոր բնակարանները երկու վթարային շէնքերի բնակիչներին տրամադրելուց յետոյ ազատուած վթարային շէնքերը եւ համապատասխան հողատարածքը պէտք է սեփականութեան իրաւունքով յանձնուեն կառավարութեանը, որպէսզի հնարաւոր լինի շարունակել սոցիալական ծրագիրը», - ասել է Տիգրան Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն