Գիւղնախարարութիւնը գիւղացու կողքին չէ. Վկայում են Արարատի բնակիչները (ՏԵՍԱՆԻՒԹ)


Գիւղնախարարութիւնը գիւղացու կողքին չէ. Վկայում են Արարատի բնակիչները (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 14-04-2012 15:06:02   |   |  Տնտեսութիւն



Արարատի մարզում ջրի, վարելու, սերմի գումար չունենալու պատճառով գիւղացին ստիպուած հրաժարւում է սեփական հողը մշակել: Ինչպէս վկայում են տեղի բնակիչները, 1 հեկտր հողատարածք վարելու համար իրենցից 80 000-ից 100 000 դրամ գումար են պահանջում: Ստիպուած նրանք 3000 դրամ օրավարձով աշխատում են հարուստների համար: Այս խնդիրը շատ լուրջ է, կարծում են ապրիլի 5-ին` Արարատի Օրհուս կենտրոնում, «Քոյ ձայնը լսելի դարձրու» ծրագրի շրջանակներում կազմակերպուած քննարկման մասնակիցները: «Այսօր հողը մշակում է մի քանի հարուստ ընտանիք: Հէնց իմ աղջիկն ունի 9000մ սեփականաշնորհուած հող: Ինքն իր հողամասում ոչ մի բան չի կարողանում անել`մտածելով որ չի կարող վարել. օրէնքը դրել են, որ կանխիկ պիտի գումարը մուծես: Գումար չունեն: Գիւղ տեղ է, աշխատավարձ չեն ստանում, թոշակառու չեն, դրսից ոչ մի եկամուտ ներս չի մտնում այդ ընտանիքը: Հեռուստատեսութեամբ մենք շատ լսում ենք, գիւղնախարարութեան կողմից հաղորդում են` մենք գիւղացիների կողքին կանգնած ենք: Ճիշտ չեն ասում, ոչ մի ձեւով էլ կանգնած չեն: Վարկ են տալիս, բայց ինչքան են տուժւում այդ վարկի դիմաց: Սերմը բերել են, բայց չեն ասում, թէ որ գիւղացուն են տուել, որ ցանի, բացարձակ ճիշտը չեն ասում, գիւղացին սերմ չունի, որ ցանի: Կը գայ ժամանակը, ոչ մի վարելահող չի մշակուի: Միայն մեծահարուստները կը կարողանան դա անել»,- ասաց Արարատի Կանանց խորհրդի նախագահ Սեդա Դարբինեանը: «Հեռուստատեսութեամբ կառավարութիւնն ասում է` գիւղացիներին մենք ամէն ձեւով ընդառաջում ենք, բերքը կը ստանան, գումարը կը տան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս Ջօ-երին, Ջօ-ն ասում է, փողը չտուեց, ջուր չտաս, թող գնայ, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տուել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր»,- ասում Արարատի Շպակ-ի պատասխանատու Տիգրան Մաթեւոսեանը: «Եթէ ինչ-որ տեղ, գիւղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքուի գիւղացու հետ եւ ժամանակ տրուի, որ գիւղացին աշնանը հողը մշակելուց եւ եկամուտ ստանալուց յետոյ վճարի վարձերը, ապա բոլորն էլ կը մշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գիւղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումայ չի մտնում»,- առաջարկում է Սեդա դարբինեանը: Արարատի Օրհուս կենտրոնի տուեալների համաձայն` Արարատեան դաշտավայրը արդէն իսկ կորցրել է 30 000 հա վարելահող: Հողերը ենթարկւում են ուժեղ աղակալման, եւ անապատացման գործընթացներն աւելի են ինտենսիւանում: «Էկոլու» -ը յայտնում է, որ բնակիչները այս ահազանգերն ուղղում են ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Երիցեանին (կոալիցիայի մէջ մտնող Օրինաց Երկիր կուսակցութեան անդամ), ով քաղաքական պատասխանատուութիւն է կրում գիւղատնտեսական ոլորտում բարեփոխումների համար, եւ ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանին, ով պատասխանատու է ՄԱԿ-ի «Անապատացման դէմ պայքարի» կոնուենցիայի համար:
  -   Տնտեսութիւն