Մայրաքաղաքի լուսաւորուող փողոցների, բակերի ու այգիների քանակը համալրւում է


Մայրաքաղաքի լուսաւորուող փողոցների, բակերի ու այգիների քանակը համալրւում է

  • 16-04-2012 15:10:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը նախ շնորհակալութիւն է յայտնել երեւանցիներին, աշխատակազմի համապատասխան կառոյցներին ու վարչական շրջաններին, ինչպէս նաեւ պետական եւ ոչ պետական կառոյցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրեակին եւ ծառատունկին ակտիւ մասնակցութեան համար. <<Համատեղ, համակարգուած ուժերով մենք, ըստ էութեան, եւս մէկ կարեւոր քայլ կատարեցինք <<Կանաչ Երեւան>> ծրագրի համար: Առանձնակի ուշադրութեան է արժանի այն հանգամանքը, որ շաբաթօրեակին ներգրաւուել էին բազմաթիւ երեւանցիներ`մեծից փոքր, ովքեր հէնց իրենց բակերում իրականացրին շաբաթօրեակն ու ծառատունկը: Յատուկ շնորհակալութիւն հէնց նրանց, որ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքի հանդէպ սէրը միայն բառերով չի արտայայտւում: Վստահ եմ, որ նման հոգատարութեամբ առաջնորդուելով կարճ ժամանակ անց մենք կ'ունենանք մեր բոլորի երազած կանաչ, մաքուր ու բարեկարգ Երեւանը>>, - ընդգծել է Տարօն Մարգարեանն ու յանձնարարել յատուկ ուշադրութիւն դարձնել նորատունկ ծառերի յետագայ խնամքին: Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում Երեւանն առաւել գրաւիչ դարձնելու եւ ընդհանուր երեւանեան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարօն Մարգարեանը յանձնարարել է սկսել մայրաքաղաքի շէնքերի լուացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները, ինչպէս նաեւ կամարանցումների նկարազարդման գործընթացը: Զեկուցուել է, որ արդէն աւարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների եւ այգիների արտաքին լուսաւորութեան ցանցի անցկացման աշխատանքները: երեւան քաղաքի զարգացման ծրագրով միայն այս տարուայ ընթացքում գիշերային լուսաւորութեամբ կ'ապահովուի եւս 168 փողոց եւ բակ, ինչպէս նաեւ 14 այգի: Քաղաքապետին զեկուցուել է, որ մայրաքաղաքում ընթացքի մէջ են նաեւ նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարօն Մարգարեանը յանձնարարել է անհրաժեշտութեան դէպքում աւելացնել դրանց քանակը: Զեկուցուել է, որ սահմանուած ժամանակացոյցով շարունակւում են մայրաքաղաքի այս տարուայ ծրագրով նախատեսուած խոշոր ճանապարհաշինական ծրագրերը: Այս համատեքստում Տարօն Մարգարեանը յանձնարարել է ամենօրեայ հսկողութիւն իրականացնել, ինչպէս ճանապարհաշինական ծրագրերի, այնպէս էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստօրէն հետեւելով սահմանուած ժամանակացոյցի պահպանմանն ու աշխատանքների որակին. << Հսկողութիւնը պէտք է լինի ամենօրեայ ոչ միայն կենտրոնական եւ երկրորդական փողոցների մասով, այլեւ լուրջ ուշադրութիւն պէտք է դարձնել նաեւ բակային տարածքներում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակին>>,-շեշտել է քաղաքապետը: Աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում մէկ անգամ եւս ուշադրութիւն է հրաւիրուել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր աւտոբուսները GPS համակարգով եւ WiFi կապով համալրելու հարցին, ինչպէս նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու եւ պայմանագրային պարտաւորութիւնները կատարելու խնդրին: Զեկուցուել է, որ քաղաքապետի յանձնարարութեամբ արդէն գործարկուել են Հանրապետութեան հրապարակի շատրուանային համալիրն ու <<Կարապի լիճ>> ջրաւազանը: Ի դէպ շուտով, քաղաքապետի յանձնարարութեամբ Երեւանի կենդանաբանական այգուց կարապներ կը տեղափոխուեն <<Կարապի լիճ>> եւ մեր համաքաղաքացիները հնարաւորութիւն կ'ունենան ամէն օր հիանալու լճում լողացող կարապներով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, զեկուցուել է նաեւ, որ այս տարի գործարկման նախապատրաստուող շատրուանային միւս համալիրների ուղղութեամբ աշխատանքները եւս կ'աւարտուեն սահմանուած ժամկէտներում եւ կը գործարկուեն մայիսի 1-ին:
  -   Տնտեսութիւն