Յովհաննէս Յովհաննիսեան. Հայութեան խնդիրները կրօնական հարթութիւնում


Յովհաննէս Յովհաննիսեան. Հայութեան խնդիրները կրօնական հարթութիւնում

  • 17-04-2012 12:19:52   | Հայաստան  |  Յօդուածներ

Հայ ժողովրդի պատմութեան ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերեւս, ամէնից շատ քննարկուած ու վերլուծուած խնդիրների շրջանակի մէջ են մտնում կրօնական, եկեղեցական ու աստուածաբանական բնոյթի հարցերը: Դեռեւս 5-րդ դարում Քաղկեդոնի «տիեզերաժողովի»արդիւնքում տեղի ունեցած քաղկեդոնականների ու հակաքաղկեդոնականների բաժանումը պայմանաւորեց յետագայ ժամանակաշրջանի ոչ միայն եկեղեցակրօնական, այլ նաեւ քաղաքական կեանքի յետագայ ընթացքը: Յետագայում եկեղեցական կեանքում տեղի ունեցած բազմաթիւ այլ բաժանումներն էլ աւելի խորացրին ոչ միայն զուտ եկեղեցական կամ կրօնադաւանաբանական տարբերութիւնները, այլեւ պայմանաւորեցին ազգերի ու տարբեր էթնիկական խմբերի ինքնութեան ձեւաւորման ու տարբերակման գործընթացները: Այս գործընթացներից չէին կարող անմասն մնալ Հայ եկեղեցին եւ Հայ ժողովուրդը: 1054թ. արեւմուտքում տեղի ունեցած Մեծ սխիզմը, իսկ յետագայում` ռեֆորմացիայի դարաշրջանում տեղի ունեցած եկեղեցական պառակտումն ուղղակի ազդեցութիւն ունեցան նաեւ հայ իրականութեան վրայ: Քրիստոնէական տարաբնոյթ ուղղութիւնների ձեւաւորմանը զուգընթաց, արեւմտեան եկեղեցական կառոյցները սկսեցին առաւել ակտիւ միսիոներական գործունէութիւն ծաւալել յատկապէս հայաբնակ շրջաններում` զուգահեռ օգտագործելով իսլամական միջավայրի ճնշման ազդեցութեամբ պայմանաւորուած սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպէս նաեւ հայ ազգաբնակչութեան կրօնական կրթութեան պակասն ու քաղաքական իշխանութեան բացակայութիւնը: Քաղաքական, հասարակական, սոցիալական, կրօնական ու հոգեւոր այդ անկայուն վիճակից էլ երբեմն օգտւում էին կաթոլիկ ու բողոքական քարոզիչները, որոնք ժամանակի ընթացքում ակտիւ քարոզչութեան շնորհիւ կարողացան մեծ թուով հետեւորդներ ձեռք բերել հայ ազգաբնակչութեան շրջանում: Այս իմաստով մտադիր չենք վերլուծել այն պատճառները, որոնց ազդեցութեամբ հայութեան մի ստուար հատուած կրօնափոխ եղաւ, քանի որ այդ պատճառների վերլուծութիւնը կարող է խիստ տարբեր լինել` ադապտացման հնարաւորութիւնների օգտագործումից մինչեւ ֆիզիկական ոչնչացման վտանգին դիմակայելու միակ միջոց: Չնայած դրան, պէտք է նշել, որ ուշ միջնադարեան եկեղեցական եւ քաղաքական պատմութիւնը հեղեղուած է օտարերկրեայ քարոզիչների մասին վկայող պատմութիւններով, ինչը յաճախ դիտուել է որպէս ազգային միասնականութիւնը խաթարող եւ ազգային ինքնութեանը սպառնալիք ներկայացնող լուրջ գործօն: Հայութեան բազմաշերտութիւնն առաւել խորացաւ եւ ընդլայնուեց յատկապէս Մեծ եղեռնից յետոյ, երբ հայութեան տարաբնոյթ կրօնական շերտերը թողեցին հայրենի տները եւ ցրուեցին աշխարհով մէկ: Պէտք է նկատել, որ այդ ժամանակահատուածում եւրոպական պետութիւնների ու կրօնաեկեղեցական կառոյցների կողմից հայ բողոքականներին ու հայ կաթոլիկներին ցոյց տրուած ընդգծուած վերաբերմունքը շատ դէպքերում էլ աւելի խորացրեց հայ առաքելականների եւ հայ աւետարանականների ու կաթոլիկների միջեւ տեղ գտած հակասութիւններն ու անտագոնիստական վերաբերմունքը: Աւելին, շատ դէպքերում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներն ուղղակի մեղադրանքներ էին հնչեցնում այլակրօն հայերի նկատմամբ` դրա մէջ տեսնելով իրենց կոտորածների մեղսակիցների: Նման մօտեցումները ոչ միայն չէին նպաստում ազգային միասնականութեան կայացմանը, այլեւ առաւել էին խորացնում տարաբնոյթ կրօնական պատկանելութիւն ունեցող հայերի միասնական մօտեցումները հայութեանը յուզող հարցերին: Աւելորդ է խօսել այստեղ մահմեդականացուած հայերի մասին, որոնց հայ լինելն առհասարակ մերժւում էր հայ առաքելականների կողմից, քանի որ աւանդաբար Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները միայն իրենց են համարում էթնիկ հայեր, իսկ այլադաւանների հայ լինելն ընդհանրապէս մերժում էին: Հայ Առաքելական, Կաթոլիկ ու Աւետարանական եկեղեցիների հետ կապուած հարցերում աւելորդ է խօսել կրօնադաւանաբանական, կանոնական կամ ծիսական հարցերի վերաբերեալ, քանի որ եկեղեցիների միջեւ առկայ տարբերութիւնները ոչ միայն մշտապէս գոյութիւն են ունեցել, այլեւ իրենց տարբեր լինելու փաստով պայմանաւորել են հայութեան նկատմամբ դիւերսիֆիկացուած մօտեցումների բազմազանութիւնը: Չնայած կրօնական տարբերութիւններին, պէտք է նշել, որ նշուած եկեղեցիներն ունեն նաեւ կրօնադաւանաբանական նմանութիւններ` կապուած առաջին երեք Տիեզերաժողովների որոշումների ընդունման հետ (Նիկէայ - 325թ., Կոստանդնուպոլիս - 381թ., Եփեսոս - 431թ.), ինչը յաճախ անտեսւում կամ էլ ստորադասւում է յետագայ դարերում շարունակ խորացող տարբերութիւններին ու հակասութիւններին: Միւս կողմից` կրօնական հարցերի արծարծումը կարող է միայն շինծու խնդիր հանդիսանալ եւ չի արտայայտում եկեղեցիների միջեւ առկայ յարաբերութիւնների բնոյթն ու դուրս է հայ ժողովրդին յուզող էական հարցերի համատեքստից: Աւելորդ չէ նշել նաեւ, որ Հայաստանի տարածքում բնակուող հայ կաթոլիկներից շատերը «ժառանգական կրօնական ինքնութեամբ են կաթոլիկ, քան հաւատքովե2: Նրանցից շատերը պատկերացում չունեն իրենց «ֆրանկէ անուանման իմաստաբանական արմատների մասին, Հայ եկեղեցու հետ դաւանանքային հակասութիւնների ընկալում չունեն, իսկ հոգեւոր պահանջների բաւարարման համար հանգիստ դիմում են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների օգնութեանը: Միւս կողմից էլ` պէտք է նշել, որ հայ աւետարանականներին հասարակութեան մէջ անուանել են «ընգլիզէ: Այլ է խնդիրը հայ աւետարանականների պարագայում, որոնք արեւմուտքից ստացած աջակցութեան շնորհիւ էլ առաւել խորացրին իրենց հետեւորդների կրօնական պատկանելութեան գիտակցումը` դրանով ուժեղացնելով կրօնական ինքնութեան դրսեւորումները: Այս տեսանկիւնից յօդուածում հիմնական շեշտադրում է կատարուելու ոչ թէ կրօնական տարբերութիւնների կամ նմանութիւնների, այլ Սփիւռքում եւ Հայաստանի Հանրապետութիւնում ապրող հայ ժողովրդի ազգային միասնականութեան, ինքնութեան արժեւորման, միասնական գործողութիւններ մշակելու, ազգային խնդիրներին միասնաբար արձագանքելու, համաշխարհային ու տեղական մարտահրաւէրներին արագ արձագանքելու եւ ազգային ճակատ կազմելու առումով: Այս տեսանկիւնից տեղին է նկատում քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Քոթանջեանը` նշելով. «հհ-ի եւ Սփիւռքի միջեւ յարաբերութիւնները շարունակում են դժուարութիւններ կրել` կապուած Համաշխարհային հայութեան գլխաւոր համակարգաստեղծ տարրերի` Ազգային պետութեան` ի դէմս Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի միջեւ արդիւնաւէտ փոխշահագրգիռ մոդելի ձեւաւորման անհրաժեշտութիւնը չհասկանալու հետէ: Հայ ինքնութեան խնդիրների շօշափումը կրօնական հարթութիւնում Ֆրեդերիկ Բարթն իր «էթնիկ խմբերն ու սահմաններըէ աշխատութեան մէջ նոր մօտեցումներ է առաջ քաշում խմբային ինքնութիւնների համար եւ նախանշում այդ ինքնութիւնների սահմանները3: Հայ Առաքելական4, Կաթոլիկ եւ Աւետարանական5 եկեղեցիները իւրօրինակ խմբեր են ներկայացնում, որոնք ունեն իրենց բնորոշ ինքնութիւնը եւ դրանով իրենց առանձնացնում են այլ խմբերից, այդ թւում նաեւ հայ ժողովրդի այլ հատուած ներկայացնող եկեղեցիներից: Միւս կողմից` հայութեան կրօնական այս խմբերը ժամանակի ընթացքում ենթարկուել են տարբեր քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցութիւնների, ինչն էլ յաճախ պայմանաւորել է նրանց խմբերի սահմաններն ու ինքնութեան առանձնայատկութիւնները: Գոյութիւն ունենալով աշխարհի տարբեր հատուածներում եւ մշակութային համակարգերում` հայութեան կրօնական խմբերը ձեւաւորել են «բազմակի ինքնութիւններէ, որով նրանք հնարաւորութիւն են ստացել առաւել ադապտատիւ մեխանիզմներ մշակել ու ապահովել իրենց կենսաբանական գոյութիւնը: Առաքելական, կաթոլիկ կամ աւետարանական հայի ինքնութեան կարեւոր բաղադրիչների շարքում է էթնիկ ծագումը կամ էթնիկ պատկանելութիւնը, որը, հնարաւոր է, տարբեր քաղաքական ու այլ պատճառների բերումով թաքցուի կամ էլ, բարենպաստ պայմանների բացակայութեան պատճառով, բաւական երկար ժամանակ որեւէ կերպ չդրսեւորուի: Հայութեան տարբեր շերտերի կրօնական պատկանելութեան խնդիրը հնարաւոր է յաղթահարել միայն ինքնութեան բաղադրիչների մէջ կրօնականի ստորադասմամբ ազգային կամ էթնիկական բաղադրիչին, երբ խնդիր դրուի «ներառմանէ ռազմավարութեամբ իրագործել հայութեան տարբեր հատուածների մոբիլիզացիայ: Մոբիլիզացիան պէտք է տեղի ունենա Հայաստանի իշխանութիւնների ուղղակի միջամտութեան արդիւնքում, երբ ընդհանուր նպատակի իրագործումը կամ ընդհանուր խնդիրների լուծումն առաջին պլան կը մղի առաքելական, կաթոլիկ կամ աւետարանական հայի ոչ թէ կրօնական պատկանելութեան հարցը, այլ հայ լինելու ինքնութեան առաջնահերթութիւնը: Ընդհանուր նպատակների հետապնդումը եւ ընդհանուր խնդիրների լուծումը կարող են յանգեցնել այնպիսի մեխանիզմների մշակմանն ու ընդունմանը, որոնք ոչ միայն երկրորդային պլան կը մղեն Հայ Առաքելական, Կաթոլիկ ու Աւետարանական եկեղեցիների համագործակցութիւնը տարբեր մակարդակների վրայ, այլեւ հնարաւորութիւններ կը ստեղծեն նրանց կողմից համատեղ մարմիններ ստեղծելու եւ արդիւնաւէտ հայանպաստ ծրագրեր իրագործելու համար: Համատեղ ծրագրերի շարունակական իրագործումն աստիճանաբար կը ստորադասի նրանց կրօնական ինքնութիւնն ազգային ինքնութեանը եւ վեր կը կանգնի նրանց հաւատքային տարբերութիւններից: Կրօնական ինքնութեան ստորադասումը էթնիկական ինքնութեանը բաւական դժուար է յատկապէս աւետարանական եկեղեցու հետեւորդների պարագայում, քանի որ նրանց մեծամասնութիւնը մերժում է կրօնական ու էթնիկական ինքնութեան կապը եւ առաջնային համարում կրօնական պատկանելութիւնը: Հայութեան կրօնական ինքնութեան մասին խօսելիս անհրաժեշտ է նշել նաեւ լոկալ ինքնութիւնների խնդիրը, որովհետեւ հնարաւոր չէ Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ եւ Հայ Աւետարանական աւանդական եկեղեցիների հետեւորդների ինքնութիւնների խնդիրը դիտարկել միասնական հայեցակարգերի տեսանկիւնից, քանի որ տեղանքից կախուած` փոխւում են նաեւ նրանց ինքնութիւնների բնոյթն ու բաղկացուցիչները: Այս իմաստով հայաստանաբնակներին անհրաժեշտ է դիտարկել որպէս առանձին միաւոր, իսկ սփիւռքահայերի խնդիրները` բազմափուլ դիւերսիֆիկացման տեսանկիւնից: Միւս կողմից` անհրաժեշտ ենք համարում նշել, որ աւանդական հայկական եկեղեցիների միջեւ երկխօսութեան սկզբնաւորումը պէտք է բխի հասարակական եւ ոչ թէ նեղ անձնական, նոյնիսկ եկեղեցական շահերից, քանի որ ժամանակակից աշխարհում առաջնային պէտք է համարուեն հասարակական պահանջներն ու ներքեւից եկած ազդակները: Այս տեսանկիւնից չի կարելի անտեսել նաեւ այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհն ակտիւօրէն թեւակոխել է սեկուլեարիզմի ու հետսեկուլեարիզմի փուլ, ինչը բաւական ցայտուն երեւում է Հայաստանի Հանրապետութիւնում կրօնականի եւ աշխարհիկի փոխյարաբերութեան իմաստով: Սփիւռքի հայկական գաղթօջախներում եւ Հայաստանում այս փուլերը դրսեւորւում են տարբեր ձեւերով, որի պատճառով էլ կրօնական կամ եկեղեցական երկխօսութիւնը պէտք է իրագործուի աշխարհիկի մասնակցութեան ճանապարհով: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանութիւնները ոչ կրօնական մօտեցումների դիրքերից պէտք է փորձեն նպաստաւոր դաշտ ստեղծել Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ եւ Հայ Աւետարանական եկեղեցիների երկխօսութեան ու հայակենտրոն եւ հայանպաստ համատեղ գործունէութիւն ծաւալելու համար: Հայ եկեղեցական տարբեր կառոյցների ու դրա միջոցով նաեւ հայութեան տարբեր հատուածների միջեւ երկխօսութիւն սկսելու եւ հայակենտրոն գործունէութիւն իրականացնելու համար անհրաժեշտ ենք համարում մէջբերել այտնի աստուածաբան Պաուլ Թիլիխի ձեւակերպած սկզբունքները միջկրօնական երկխօսութեան վերաբերեալ, համաձայն որոնց երկխօսութեան մասնակիցները ընդունում են միւս կողմերի կրօնական գաղափարների արժէքը, որով եւ ընդգծում են երկխօսութեան անհրաժեշտութիւնը: Միւս կողմից` երկխօսութեան մասնակիցը կարող է պնդել իր կրօնական հայեացքները, ինչը ենթադրում է կարծիքների հակադրութիւն, եւ միեւնոյն ժամանակ, անհրաժեշտ են ընդհանրութիւններ ինչպէս երկխօսութեան, այնպէս էլ հակադրութեան համար: Եւ վերջապէս, կողմերը պէտք է բաց լինեն սեփական կրօնական հիմքերը քննադատելու համար6: Պէտք է նկատել, որ Թիլիխի առաջադրած վերջին պահանջը բաւական բարդ է իրագործել հայ եկեղեցական կենտրոնների հետ կապուած, քանի որ դրանցից իւրաքանչիւրը վստահ է ու հաւատացած սեփական սկզբունքների ճշմարտացիութեան մէջ: Կարծում ենք, որ «թիլիխեան պլատֆորմիէ միւս սկզբունքները կարող են կիրառելի լինել Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիների միջեւ երկխօսութեան դաշտ ձեւաւորելու եւ մշտական գործող մարմին ստեղծելու համար: Այս տեսանկիւնից բոլոր երեք եկեղեցական կառոյցներին միաւորող կարող է հանդիսանալ նրանց անուանման մէջ առկայ «հայէ մասնիկի բովանդակային կողմը, քանի որ նրանք բոլորն էլ կոչուած են ծառայելու հայութեան միասնական շահին` լինի ընդհանրական, տեղական, հասարակական, թէ պետական: Միւս կողմից` պէտք է նշել, որ բացի վերկրօնական նոյնութիւններից ու ընդհանրութիւններից, եկեղեցական կառոյցներն ունեն նաեւ ոչ պակաս կարեւորութիւն ունեցող ծիսական, կանոնական, նաեւ դաւանաբանական (օր.` երրորդութեան դոգման) նմանութիւններ, ինչը կարելի է շեշտադրել երկխօսութեան ցանկութեան, կամքի ու հայակենտրոն գործողութիւններ իրագործելու պարագայում: Աւելորդ չէ նշել նաեւ, որ երկխօսութեան կամքի ու «լատենտ կ'ոնֆլիկտիցէ դուրս գալու ցանկութեան առկայութեան դէպքում անհրաժեշտ է այն ինստիտուցիոնալացնել եւ եկեղեցիների ղեկավարների մշտական հանդիպումների մակարդակից իջեցնել դէպի հաւատացեալների լայն շերտեր, մեծացնել անհատական շփումն ու փոխյարաբերութիւնները, անհրաժեշտութեան դէպքում հրատարակել շրջաբերական ուղերձներ եւ այլն: Հայաստանի տարածքում աւանդականօրէն հեգեմոն դիրքեր է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին, որն այլակրօնութիւնը կամ կրօնական այլախոհութիւնը համարում էր ազգապահպանութեանը եւ ազգային միասնութեանը վնասող գործօն: Հետաքրքրական է, որ այլակրօնների դէմ հակափաստարկներ բերելու ժամանակ Հայ Առաքելական եկեղեցին օգտագործում է ոչ թէ դաւանանքային ու կրօնական, այլ միայն ազգային փաստարկներ: Միւս կողմից` պէտք է նշել, որ հայկական Սփիւռքի ձեւաւորումից յետոյ Հայ Կաթոլիկ ու Աւետարանական եկեղեցիները բաւական մեծ դեր ունեցան հայապահպանութեան գործում եւ դրանով հանդերձ նպաստեցին Սփիւռքում նոր իրողութիւնների ձեւաւորմանը: Նշենք միայն, որ կաթոլիկ Մխիթարեան միաբանութիւնը 18-րդ դարից սկսած` անգնահատելի դեր կատարեց հայագիտութեան զարգացման ու հայապահպանութեան գործում, իսկ Հայ Աւետարանական եկեղեցու պարագայում կարելի է նշել աւետարանական Հրանտ Դինքի գործունէութիւնը եւ ողբերգական վախճանը ժամանակակից Թուրքիայում, ով հսկայական դեր ունեցաւ ժամանակակից թուրքական հասարակութեան մէջ հայութեան խնդիրների վերհանման ու հայակենտրոն դիսկուրս ձեւաւորելու գործում: Մեծ եղեռնի յիշողութիւնը եւ պատմական արդարութեան վերականգնումը, Հրանտ Դինքի կերպարը` կրօնական միասնականութեան գրաւական 1915թ. Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած Մեծ եղեռնը եւ դրա հետեւանքով ձեւաւորուած հայկական Սփիւռքը մինչեւ օրս միասնաբար շարունակում է պայքարը յանուն պատմական ճշմարտութեան վերականգնման: Իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ին, անկախ կրօնական ու քաղաքական պատկանելութիւնից, Սփիւռքի եւ Հայաստանի հայութիւնը ոտքի է ելնում` բողոքի ձայն բարձրացնելու Թուրքիայում տեղի ունեցած մեծ ողբերգութեան կապակցութեամբ: Հայ դատի արդարացի լուծումն այն եզակի հարցերից մէկն է, երբ հայ ժողովուրդը մի կողմ է դնում կրօնական տարաձայնութիւնները եւ փորձում միասնական ճակատով հանդէս գալ ընդհանուր հակառակորդի դէմ: Արդարութեան դէմ չմեղանչելու համար պէտք է նշել, որ կրօնական տարբերութիւններն ու հակասութիւնները մի կողմ դրուեցին նաեւ 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ ողջ հայութիւնը միասնաբար ոտքի ելաւ աղէտի հետեւանքները վերացնելու համար: Ցաւօք, այս ընդհանրութիւնն ու միասնականութիւնը դրսեւորւում են միայն Ցեղասպանութեան կամ էլ դժբախտ իրողութիւնների հետ կապուած միջոցառումների ժամանակ, բայց ոչ երբեք Հայաստանի անկախութեան կամ Սահմանադրութեան, կամ էլ որեւէ այլ տօնախմբութեան առնչութեամբ: Յարկ ենք համարում նշել, որ ժամանակակից աշխարհում հայկական միջավայրում վերացել են նախկինում յաճախ հանդիպող սահմանափակութիւնները կրօնական հողի վրայ, երբ առաքելական հայերը չէին ամուսնանում կաթոլիկների կամ աւետարանականների հետ եւ ընդհակառակը7: Տեղեկատուական աշխարհի կանոններն արդէն վերացրել են նախկինում գոյութիւն ունեցող սահմանափակումներն ու ստիպել ժամանակակից մարդուն հրաժարուել արխայիկ մեթոդներից եւ առաջնորդուել նոր կանոններով: Ցաւօք, այդ սահմանափակումները վերացրել են ոչ միայն կրօնական, այլ նաեւ էթնիկական սահմանները, ինչի արդիւնքում օտար միջավայրում հայերը յաճախ ամուսնանում են այլազգիների հետ եւ միջավայրի ազդեցութեան տակ, յատկապէս քրիստոնէական միջավայրում, ձուլւում տեղական մշակոյթին ու կորցնում էթնիկ ինքնութիւնը: Չնայած վերոնշեալ հանգամանքին, չենք կարող չնշել ժամանակակից Թուրքիայում ծպտեալ հայերի շրջանում տեղի ունեցող ներքին ամուսնութիւնների մասին, որոնք նպատակ են հետապնդում անաղարտ պահել հայի էթնիկ նկարագիրը` ելնելով թաքնուած էթնիկ ինքնագիտակցութիւնից, միեւնոյն ժամանակ` արտաքուստ ներկայանալով իբրեւ մուսուլմաններ8: Այս տեսանկիւնից յարկ ենք համարում նշել, որ, չնայած տեղեկատուական դարաշրջանի առաջադրած պայմաններին, ժամանակակից աշխարհում տարբեր ձեւերով փորձ է կատարւում պահպանել հայկական ինքնութիւնը, ինչը լայն հնարաւորութիւններ է ստեղծում նոր գաղափարների ու մօտեցումների շուրջ համախմբուելու համար, որոնցից առաջնայինն ու ամենահիմնականը «հայաստանի Հանրապետութիւնէ գաղափարի շուրջ համախմբուելու հրամայականն է: Այս տեսանկիւնից նպատակայարմար ենք գտնում վերլուծել Սփիւռքի կաթոլիկ եւ աւետարանական մամուլում տեղ գտած հայեացքները, որոնք վերաբերում են Հայաստանին ու Ցեղասպանութեան յիշողութեանը: Վերջին շրջանում Սփիւռքի տարբեր կենտրոններում բուռն քննարկման առարկայ դարձաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի առաջարկած երկպալատ խորհրդարանի գաղափարը շրջանառութեան մէջ դնելու եւ սփիւռքահայերին ներհայաստանեան կեանքին առաւել գործուն ներգրաւելու հարցը, ինչը ոչ միանշանակ ընդունուեց սփիւռքահայերի կողմից9: Այս տեսանկիւնից հետաքրքրական է, որ ներհայաստանեան իրողութեան մասին խօսելիս մի կողմ են դրուել բոլոր տեսակի կրօնական տարբերութիւնները, խնդիրը դիտարկուել է առաւելապէս քաղաքական կամ հայաստանակենտրոն լուծումներ գտնելու տեսանկիւնից, ինչը, կարծում ենք, լաւ նախադէպ է սկսուած գործընթացին շարունակականութիւն հաղորդելու համար: Միւս կողմից` Սփիւռքի հայկական եկեղեցական կառոյցները միաւեկտոր քաղաքականութիւն են իրականացնում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, քանի որ հայ լինելու հաւատամքն ուղղակիօրէն կապւում է Հայ դատի արդարացի լուծման պահանջի հետ` անկախ կրօնական ու քաղաքական պատկանելութիւնից: Աւելորդ չենք համարում յիշատակել նաեւ, որ թէ՛ Հայ Առաքելական, թէ՛ Հայ Կաթոլիկ եւ թէ՛ Հայ Աւետարանական եկեղեցիները բազմաթիւ նահատակներ ու զոհեր ունեցան հաւատացեալների ու հոգեւորականութեան շրջանում: Չնայած Մխիթարեան միաբանութեան կենտրոնը գտնւում էր Եւրոպայում, սակայն Եղեռնի ժամանակաշրջանում Մխիթարեաններն իրենց կենտրոններն ունէին Մուշում, Տրապիզոնում, Իզմիտում եւ Պարտիզակում, որտեղ էլ գործող Մխիթարեանները զոհ գնացին թուրքական եաթաղանին: Մեծաթիւ զոհեր տուեց նաեւ Զմմառի Հայ Կաթոլիկ եկեղեցին, որոնցից որեւէ մէկը չուրացաւ իր հայկականութիւնը եւ քրիստոնէական հաւատքը10: Մեծաթիւ էին զոհերը Հայ Առաքելական ու Աւետարանական եկեղեցիների նուիրապետների շարքերում, որոնք զոհ գնացին իրենց ազգային ու կրօնական ինքնութեանը պատկանելութեան եւ այդ ինքնութիւնը չուրանալու պատճառով: Այս տեսանկիւնից պէտք է նշել, որ բողոքական հայերն աշխարհի տարբեր երկրներում բաւականաչափ աշխատանք են տարել ու տանում Հայութեան խնդիրների վերհանման ու ազգապահպանութեան խնդրի լուծման ուղղութեամբ: Ցեղասպանութեան յիշողութեան եւ նրա զոհերի մասին կարելի է անվերջ խօսել, սակայն մենք կ'անդրադառնանք այդ յիշողութեան շուրջ ժամանակակից պայմաններում եւ մեթոդներով հայակենտրոն պատկերացումները խորացնելուն եւ հայաստանակենտրոն ինքնութիւնն արմատաւորելուն: Պէտք է նշել, որ այս ինքնութեան արմատաւորումն ուղղակիօրէն կապուած է Հայաստանի վերաբերեալ Սփիւռքում առկայ պատկերացումների հետ, որոնք ոչ միշտ են դրական` պայմանաւորուած բազմաթիւ սփիւռքահայերի բացասական փորձառութեամբ: Այս իմաստով Ցեղասպանութիւնից տուժած հայ աւանդական եկեղեցիները չպէտք է կենտրոնանան անցեալի ծանր յիշողութիւնների վրայ, այլ փորձեն պատմական դասերի շնորհիւ ակտիւ երկխօսութիւն սկսել միմեանց հետ ու համատեղ գործողութիւնների ծրագրեր մշակել հայկական ինքնութիւնը պահպանելու, հայապահպանութիւնը խորացնելու եւ Հայաստանի հզօրացմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերին առաւել լուրջ մասնակցութիւն ունենալու իմաստով: Հայ աւանդական եկեղեցիները համատեղ պէտք է կարողանան ներկայացնել իւրատեսակ հանրային պլատֆորմ, որի խորհուրդները, քննադատութիւնները կարող են օգտակար լինել համատեղ խնդիրների լուծմանը նպաստելու տեսանկիւնից: Այս իմաստով աւելորդ չէ նշել պոլսահայ համայնքում տիրող իրավիճակը Հրանտ Դինքի ակտիւ գործողութիւնների շնորհիւ, երբ հայ եկեղեցական կառոյցները յաճախ մի կողմ էին դնում իրենց տարբերութիւնները եւ նպաստում համատեղ ծրագրերի իրականացմանը: Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ բազմաթիւ խօսակցութիւններ հրապարակ եկան նրա աւետարանական լինելու փաստի վերաբերեալ, ինչը տարաբնոյթ կարծիքների ու մեկնաբանութիւնների տեղիք տուեց թէ՛ հասարակական շրջանակներում եւ թէ՛ մամուլում: Այդ խօսակցութիւններն էլ աւելի սրուեցին, երբ մամուլում տեղեկութիւններ յայտնուեցին Հայ Աւետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատուելի Ռընէ Լեւոնեանի յայտարարութեան կապակցութեամբ, համաձայն որի` Հրանտ Դինքն աւետարանական եկեղեցու անդամ էր11: Չնայած Հրանտ Դինքը սովորել է հայ բողոքական վարժարանում, այնուամենայնիւ, պէտք է նշել, որ նրա համար կրօնական պատկանելութեան կամ ինքնութեան հարցերն էական կամ վճռորոշ նշանակութիւն չեն ունեցել` ի տարբերութիւն ազգային հարցերի կամ համայնքին յուզող վերկրօնական խնդիրների: Այս իմաստով աւելորդ չենք համարում նշել նաեւ այն հանգամանքը, որ Հրանտ Դինքի սպանութեան հետ կապուած` թուրքական կառավարութեան կողմից վճարուած փոխհատուցման գումարը բաժանուեց երեք մասի. մի մասը` Հրանտ Դինքի անուան կրթաթոշակի ֆոնդին, միւսը մասը` Ստամբուլում գործող հայկական Կենտրոնական վարժարանին, երրորդը` Գետիկփաշայի Հայ Աւետարանական եկեղեցուն` Թուրքիայում բնակուող հայաստանցի գաղթականների երեխաների ուսումն ապահովելու համար: Այս հանամանքը հետաքրքրական է այն տեսանկիւնից, որ նոյնիսկ մահուանից յետոյ Հրանտ Դինքը շարունակում էր վեր մնալ կրօնական պատկանելութեան առաջնահերթութիւնից` առաջին պլանի վրայ դնելով իր հայ լինելու եւ Հայութեանն ու Հայաստանին օգտակար լինելու հանգամանքը: Յարկ է նշել նաեւ, որ «ակօսէ շաբաթաթերթը եւս երբեւէ իր էջերում առաջնայնութիւն չի տուել կրօնական պատկանելութեանը, կամ` մարդուն չի դիտարկել այդ տեսանկիւնից, ինչում յստակօրէն երեւում են Դինքի մտածողութիւնն ու դիրքորոշումը կրօնական ինքնութեան հարցերում: Հրանտ Դինքի անձի շեշտադրումն այս համատեքստում կարեւոր է նրանով, որ Հայութեան խնդիրներով մտահոգ իրական հայերի համար չպէտք է նշանակութիւն ունենա այն հանգամանքը, թէ ինքը որ եկեղեցու կամ կրօնական յարանուանութեան անդամ է, այլ Դինքի նման մի կողմ թողնելով կրօնական ինքնութեան հարցերը` զբաղուի առաւելապէս եւ առաջնահերթօրէն ազգային ու ազգապահպան հարցերի վերհանմամբ ու լուծմամբ: Հայաստանի Հանրապետութիւնն իբրեւ վերկրօնական իրականութիւն Հայ հասարակական, ազգային եւ քաղաքական դիսկուրսին միանգամայն նոր որակ ու բովանդակութիւն հաղորդեց Ամն-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնն ազգային եւ կրօնական պատկանելութեան սահմանների կամ, աւելի ճիշտ կը լինի ասել, սահմանների կոտրման մասին: Այս յայտարարութիւնից յետոյ սկսեց ակտիւօրէն քննարկուել հայի ինքնութեան բաղադրիչների ամբողջութիւնը, որտեղ աւանդականօրէն հայ լինելը նոյնացւում էր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելու հետ, իսկ հակառակ դէպքում շրջանառւում էր «դաւաճան հայիէ կամ «ազգի դաւաճանիէ մօտեցումը: Նման մօտեցումը ժամանակակից աշխարհում յղի է լուրջ անհանդուրժողականութեան վտանգներով, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ էթնիկապէս հայերի կրօնական կառոյցների միջեւ երկխօսութիւն սկսելու առումով: Չնայած այս հանգամանքին, Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիւ նուիրապետներ տարբեր հարցազրոյցներում շարունակում են պնդել ազգային ու կրօնական նոյնութիւնը, ինչը ոչ միայն հակասում է ՀՀ նախագահի նախանշած ուղենիշերին, այլ նաեւ վտանգում է Սփիւռքի հայկական կառոյցների միասնականութեանը եւ հայապահպանութեան գործընթացին: Այս տեսանկիւնից պէտք է նշել, որ գիտական դիսկուրսում եւս վերջին շրջանում կարելի է յաճախ հանդիպել «հայրենասէր-ազգի դաւաճանէ եկեղեցական մօտեցման, ինչպէս նաեւ պետական միասնականութեանը խանգարող կրօնական ու էթնիկական ինքնութիւնների նոյնացման քննադատութիւնների, որոնք էլ հիմնական խոչընդոտ են համարւում բազմակարծութեան ու կրօնական երկխօսութեան ճանապարհին12: Այս իմաստով Հայաստանում եւ յանուն հայ ժողովրդի միասնականութեան գործառող բոլոր եկեղեցիները պէտք է առաջին պլան մղեն ոչ թէ հաւատքային տարբերութիւնները, այլ նոյն ազգային ինքնագիտակցութիւնը, նոյն պատմութեան ու ճակատագրի ժառանգորդները լինելու հրամայականը, որի շրջանակներում էլ պէտք է Հայ աւանդական եկեղեցիների միջից ու փոխադարձ յարաբերութիւններից վերանային անհանդուրժողականութիւնն ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու արատաւոր պրակտիկան: Ազգային ինքնագիտակցութեան հետ կապուած` բաւական բնորոշ են հայ մեծ վիպասան Րաֆֆու գաղափարներն ու վկայութիւնները, համաձայն որոնց` բողոքական հայերը մեծ դեր են կատարել Դերսիմի հայերի մէջ քրիստոնէութիւն քարոզելու եւ հայերին դէպի իրենց ազգային արմատները վերադարձնելու ուղղութեամբ: Դրան զուգահեռ, նա նշում է նաեւ, որ ազգային ինքնութեան կարեւոր բաղադրիչն է ազգային ինքնագիտակցութիւնը. «...դաւանութիւնների բազմատեսակութիւնը չէ ոչնչացնում ազգային միութիւնը – միութիւնը պէտք է որոնել այդ մասների ներդաշնակութեան մէջ, որի հիմնական մոթիւը պէտք է լինի ազգայնութիւնն իր բարձր նշանակութեամբե13: Ազգային միասնութեան գործը հնարաւոր չէ պատկերացնել առանց Հայաստանի բարձրագոյն իշխանութիւնների հովանու, ինչպէս նաեւ Հայ Առաքելական եկեղեցու` այլակրօնների նկատմամբ որոշակի հանդուրժողական քաղաքականութեան, որը կը յանգեցնի կրօնական երկխօսութեան եւ ազգային միասնական ծրագրերի իրագործման: Վերոնշեալի արդիւնքում` կարծում ենք, որ հետեւեալ դրոյթների իրագործումը հիմք կը հանդիսանայ նշուած նպատակներին հասնելու համար. Հայաստանի Հանրապետութեան հզօրացման ու բարգաւաճման տեսլականը պէտք է հիմք հանդիսանայ Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիների համագործակցութեան ու համատեղ պլատֆորմի ձեւաւորման համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, Արցախի խնդրի արդարացի լուծման, Արցախի քաղաքական, ռազմական, տնտեսական անվտանգութեան հզօրացման նպատակով աւանդական հայ եկեղեցական կառոյցները պէտք է մի կողմ թողնեն տարաձայնութիւնները եւ լծուէն հայրենանպաստ այս գործին: Ճանաչելով միմեանց կրօնադաւանաբանական եւ եկեղեցական տարբերութիւնները` Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիները պէտք է մշտապէս երկխօսութեան մէջ գտնուեն իրար հետ` Հայաստանի Հանրապետութեան շահը հետապնդելու եւ Հայութեան խնդիրները համատեղ լուծելու նպատակով, քանի որ աւանդական հայկական եկեղեցական կառոյցներն ունեն միեւնոյն էթնիկական բաղադրիչը եւ միեւնոյն մշակութային ու պատմական ժառանգութիւնը: Հայ Առաքելական, Աւետարանական եւ Կաթոլիկ եկեղեցիները Սփիւռքի տարբեր կենտրոններում պէտք է ստեղծեն համատեղ պլատֆորմներ, որոնք պէտք է ենթարկուեն եկեղեցիների գլուխներից կազմուած համատեղ էկումենիկ խորհրդին, որը կը գործի Հայաստանի Հանրապետութեան նախագահի հովանու ներքոյ եւ համատեղ գործողութիւններ կ'իրականացնի Հայաստանում տօների ժամանակ եւ Հայութեանը յուզող միջոցառումների կազմակերպման առումով: Սփիւռքում գործող հայկական աւանդական եկեղեցիները պէտք է համատեղ ռազմավարական եւ գործողութիւնների ծրագրեր մշակեն հայապահպանութեան ուղղութեամբ, քանի որ եկեղեցական համայնքների միջեւ առկայ հակասութիւններն ու տարաձայնութիւնները ոչ միայն չեն նպաստում, այլեւ իրական սպառնալիքներին աւելացնում են նորերը (իբրեւ օրինակ կարելի է մէջբերել Ջավախքում գործող Հայ Առաքելական եւ Հայ Կաթոլիկ եկեղեցիների բնական համագործակցութիւնը): Հայ աւանդական եկեղեցիների համատեղ գործողութիւններն ու համատեղ ծրագրերը պէտք է զերծ լինեն կուսակցական ազդեցութիւններից եւ հիմնականում նպատակաուղղուեն պետական ու ազգային ծրագրերի իրականացմանը: Համատեղ գործողութիւնների շարքում պէտք է իրականացուեն երիտասարդական, բարեգործական, կրթական, մշակութային ծրագրեր, որոնք ուղղուած կը լինեն սփիւռքահայերին` համախմբուելու Հայաստանի Հանրապետութեան գաղափարի եւ Մայր հայրենիքի գաղափարն արմատաւորելու շուրջ: Հայ Առաքելական, Աւետարանական եւ Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները պէտք է հնարաւորութիւն ունենան պարբերաբար գումարելու ակադեմիական հայագիտական կոնֆերանսներ, իսկ երիտասարդները` Հայաստանում մասնակցեն ամենամեայ ամառային դպրոցի: Յովհաննէս Յովհաննիսեան Պատմական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմութեան եւ եկեղեցաբանութեան ամբիոնի դոցենտ «Նորավանք» ՀԿ
  -   Յօդուածներ