Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտը կ'երկարաձգուի


Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտը կ'երկարաձգուի

  • 19-04-2012 15:27:26   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ապրիլի 19-ի հերթական նիստում որոշուել է սկսել Հայկական Աէկ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտի երկարացման գործընթացը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, դրա անհրաժեշտութիւնը թելադրուած է ՀՀ էներգետիկ անվտանգութեան եւ անկախութեան ապահովման եւ ՀՀ -ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկէտների հաշուառման նկատառումով: ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտօնագրի ժամկէտն աւարտւում է 2016 թ.-ի սեպտեմբերի 1-ին` շահագործման նախագծային ժամկէտի ` 30 տարի, աւարտին: Մինչ այդ անհրաժեշտ է մշտապէս բարձրացնել էներգաբլոկի անվտանգութեան մակարդակը եւ զուգահեռաբար նաեւ իրականացնել դրա շահագործման ժամկէտի երկարաձգման համար պահանջուող միջոցառումները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին յանձնարարուել է մինչեւ 2013 թ.-ի մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչեւ 2013 թ.-ի օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջուող ֆինանսական միջոցների ծաւալը, մինչեւ 2013 թ.-ի սեպտեմբերի 1-ը կառավարութեան հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտի երկարացման ծրագիրը: «Այս թեմայի շուրջ շատ շահարկումներ կան մամուլում: Տեղեակ էք, որ այս օրերին Հայաստանում է գտնւում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան ղեկավարը: Մեր գործառոյթներն այս բնագաւառում խիստ թափանցիկ են: Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնին` խնդրանքով, որպէսզի մեզ ցուցաբերեն օժանդակութիւն, որպէսզի գործող ատոմակայանի գործունէութեան ժամկէտը երկարաձգենք, ինչպէս նաեւ նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով, եւ մէկը միւսին բացարձակապէս պէտք չէ հակադրել: Երէկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ յստակ ձեւակերպել ենք, յայտնել մեր կառավարութեան պաշտօնական տեսակէտը, եւ այն ամբողջութեամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան աջակցութիւնը: Եւ իրար հակադրելը, ինչ-որ տարբեր, ոչ ստոյգ տեղեկութիւն տրամադրելը, կարծում ենք, տեղին չէ: Այս որոշումն հէնց այս տրամաբանութեան ներքոյ է, այստեղ ոչ մի նորամուծութիւն, ոչ մի գաղտնիք չկայ, շատ հրապարակային գործառոյթ է», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Կառավարութեան մէկ այլ որոշմամբ սահմանուել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի յատկացման կարգը եւ փաթեթի մէջ մտնող ծառայութիւնների ցանկը: Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապէս ծանր, առանձնապէս վնասակար պայմաններ ունեցող պաշտօններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ:
  -   Տնտեսութիւն