Տիգրան Սարգսեան. Չնայած մեծ աղմուկին, մենք մեր նպատակին հասանք եւ փրկեցինք Մինաս Աւետիսեանի որմնանկարները


Տիգրան Սարգսեան. Չնայած մեծ աղմուկին, մենք մեր նպատակին հասանք եւ փրկեցինք Մինաս Աւետիսեանի որմնանկարները

  • 19-04-2012 15:45:29   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ապրիլի 19-ի հերթական նիստում ՀՀ կառավարութիւնը վերաբաշխում է կատարել 2012 թ.-ի պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մէկում: Արձանագրուել է, որ դեռեւս 2008 թ.-ին կառավարութեան հաւանութեանն արժանացած հայեցակարգով մինչեւ 2013 թ. յունուարի 1-ը ձեւաւորուել են աղէտի գօտու բնակավայրերում սահմանուած կարգով հաշուառուած մօտ 6 հազար 972 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պարտաւորութիւններ: 2012 թ.-ի պետբիւջէով նախատեսւում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ յատկացնել շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռքբերման համար ֆինանսական աջակցութեան տրամադրմանը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ընդունուած որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը յատկացուել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը: Կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Պետութեան կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման պայմանագրերում փոփոխութիւններ ու լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերին, որոնց շնորհիւ հնարաւոր կը լինի Գիւմրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրեան քաղաքներում, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գիւղական համայնքներում լրացուցիչ բնակարանների (բնակելի տների) կառուցմամբ ապահովել անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձեւաւորուած պարտաւորութիւնների ամբողջական կատարումը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գիւղի նախկին մշակոյթի տան նախասրահում գտնուող Մինաս Աւետիսեանի որմնանկարի անխաթարութիւնն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտութիւն է առաջացել կատարել ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, կառավարութիւնը որոշել է այդ նպատակով ծախսուելիք մօտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշուին` ս.թ. չորրորդ եռամսեակում այն վերականգնելու պայմանով: «Անհրաժեշտ է շիրակցիներին տեղեակ պահել, որ որմնանկարը մնալու է հէնց մշակոյթի տանը, որովհետեւ կրկին լուրեր են պտտւում, թէ իբր գումարը յատկացւում է, որպէսզի որմնանկարը տեղափոխուի, - ասել է Տիգրան Սարգսեանը: - Մեր քաղաքացիներին հաւաստիացնում ենք, որ այս յատկացումները կատարում ենք մշակոյթի տունը կարգի բերելու նպատակով, եւ որմնանկարն էլ մնալու է հէնց այնտեղ: Կարծում եմ, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գիւմրեցիները կը գտնեն հովանաւորներ, մանաւանդ որ Գիւմրիում հիւրանոցային շինարարութիւնը մեծ թափով զարգանում է եւ խնդիր չի լինի գտնել հովանաւորների, ովքեր 10-20 մլն կը յատկացնեն որմնանկարները փրկելու համար: Պէտք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղաւ այդ ամբողջ գործառոյթի շուրջ, այնուամենայնիւ, մենք մեր նպատակին հասանք եւ փրկեցինք որմնանկարները, ինչի արդիւնքում մեր քաղաքացիներն այսօր հնարաւորութիւն ունեն վայելելու դրանք»: Կառավարութիւնը համաձայնել է Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնուող անշարժ գոյքի, իրաւաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցութեան մասնաւորեցումից կուտակուած միջոցների մնացորդից 219 մլն դրամն ուղղել Ռուբինեանց փողոցի հիմնանորոգման իրականացմանը: Նախատեսւում է հիմնանորոգել Ռուբինեանց փողոցի` Պարոյր Սեւակի փողոցի աւտոդպրոցի հատուածից մինչեւ Աւանի ուղետար եւ Աւանի ուղետարի Աճառեան փողոցի Զեյթուն տանող հատուածի երթեւեկելի մասի ասֆալտբետոնէ ծածկը, կարգաբերել ու փոխարինել դիտահորերը եւ անձրեւորսիչները, վերականգնել փողոցի շուրջ 70 տոկոսի մայթերի ասֆալտբետոնէ ծածկը, կառուցել հաշմանդամների համար նախատեսուած մէկ թեքուղի:
  -   Տնտեսութիւն