«Աւտոմատիկա»ՓԲԸ-ն կը դառնայ 100 տոկոս պետական մասնակցութեամբ բաժնետիրական ընկերութիւն


«Աւտոմատիկա»ՓԲԸ-ն կը դառնայ 100 տոկոս պետական մասնակցութեամբ բաժնետիրական ընկերութիւն

  • 19-04-2012 17:11:35   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 19-ի նիստում կառավարութիւնն իր երկու որոշմամբ փոփոխել եւ լրացրել է նախկինում ընդունած երկու որոշումը, պարզեցրել փոքր եւ միջին գործարարների ձեռնարկատիրական գործունէութեան ընթացքում որպէս գրասենեակ ձեռք բերուող կամ վարձակալուող տարածքների գործընթացը, ինչպէս նաեւ վերացրել խնդրոյ առարկայի վերաբերեալ կառավարութեան երկու որոշումների մէջ եղած հակասութիւնը: Մէկ այլ որոշմամբ նոյնպէս կառավարութիւնն իր նախկին որոշումներից մէկում կատարել է փոփոխութիւններ եւ լրացում, որոնք պայմանաւորուած են բեռների տարանցման համար նախատեսուած ընթացակարգերի պարզեցմամբ, որը կը նպաստի բիզնես միջավայրի բարելաւմանը եւ Հայաստանի տարանցիկ բեռնափոխադրման ծաւալի աւելացմանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, գործադիրն ընդունել է վճարման պետական էլեկտրօնային համակարգի ներդրման եւ գործարկման որոշում, որի համաձայն ՀՀ օրէնսդրութեամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մատուցուող ծառայութեան համար գանձուող վճարի կամ վարչական տուգանքի ֆիզիկական կամ իրաւաբանական անձի վճարման պարտաւորութիւնը համարւում է կատարուած նաեւ այն դէպքում, երբ դրա վճարումն իրականացուել է վճարման պետական էլեկտրօնային համակարգի միջոցով: Վարչապետն անհրաժեշտ է համարել նոր ծառայութեան առաւելութիւնների մասին քաղաքացիներին տեղեկացնել լրատուամիջոցներով, որպէսզի նրանք կարողանան օգտուել դրանից: ՀՀ կառավարութիւնը նոր խմբագրութեամբ է շարադրել իր աւելի վաղ ընդունած որոշումներից մէկը, որով մինչեւ երեք տարի ժամկէտով յետաձգուել էր «Ասկէ գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դէպքում մաքսային մարմինների հաշուարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկէտը: Փոփոխութիւնը թելադրուած էր ներմուծուող ապրանքների ցանկի յստակեցման անհրաժեշտութեամբ: Ընկերութիւնը ներդրումային ծրագրով Չարենցաւանում վերապրոֆիլաւորում է ձուլման արտադրամասը` ամրանների արտադրութիւն կազմակերպելու նպատակով: Եօթ մլրդ դրամի չափով ներդրում կատարելու եւ վերազինումը 2013 թ. աւարտին հասցնելու արդիւնքում ձեռնարկութիւնում կը բացուի մօտ 300 նոր աշխատատեղ: Կառավարութիւնն իր նիստում ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը թոյլատրել է «Աւտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից ՀՀ անունից գնել ընկերութեան կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժէք դրամով, որը վճարուելու է նախարարութեան արտաբիւջետային միջոցների հաշուին: Այսպիսով, ընկերութիւնը դառնում է 100 տոկոս պետական մասնակցութեամբ բաժնետիրական ընկերութիւն եւ կարող է ներգրաւուել ռազմարդիւնաբերական զարգացման պետական ծրագրերում: Փոփոխելով եւ լրացնելով իր նախկին որոշումներից մէկը, գործադիրը յստակօրէն սահմանել է ՀՀ ոստիկանութեան կադրերի ռեզերւում գրանցման հիմքերը եւ որոշման առանձին դրոյթներ համապատասխանեցրել «ոստիկանութիւնում ծառայութեան մասինէ ՀՀ օրէնքին: Մէկ այլ որոշման փոփոխութեամբ կլուծուէն ինչպէս 2013 թուականի, այնպէս էլ յետագայ տարիների տարեսկզբին հանրակրթական ծառայութիւնների մատուցման բնագաւառի խնդիրները եւ կը բացառուի ուսուցիչների աշխատավարձի վճարման ուշացումը, ՀՀ պետական հանրակրթական հաստատութիւնների ֆինանսաւորումը կ'իրականացուի սահմանուած ժամկէտում:
  -   Տնտեսութիւն