Տարօն Մարգարեան. Իրականացուող բոլոր աշխատանքները պէտք է կատարուեն հաշուի առնելով բնակչի կարծիքն ու առաջարկութիւնները


Տարօն Մարգարեան. Իրականացուող բոլոր աշխատանքները պէտք է կատարուեն հաշուի առնելով բնակչի կարծիքն ու առաջարկութիւնները

  • 25-04-2012 18:58:15   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից: Ինչպէս «Նոյեան Տապանին»յայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, քաղաքապետարանի 2012 թուականի ծրագրերով Քանաքեռ-Զեյթունում նոյնպէս համալիր բարեկարգման ծաւալուն աշխատանքներ են ընթանում. բարեկարգւում են բակային տարածքները, տեղադրւում են զրուցարաններ, նստարաններ, ինչպէս նաեւ երեխաների համար խաղային ատրակցիոններ, վերականգնւում է կենտրոնական եւ երկրորդական փողոցների ասֆալտբետոնեայ ծածկը, թարմացւում են կանաչ գօտիները: Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին ներկայացրել են կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները: Բնակիչներն ընդգծել են, որ իրենք սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին եւ սեփական նախաձեռնութեամբ են ազատում բակերում իրենց կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքները, որոնք եւս շուտով կը բարեկարգուեն ու հանգստի գօտի կը դառնան: Սարկաւագի 72 շէնքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել Տարօն Մարգարեանին` իրենց շէնքին յարակից տարածքը եւս ընդգրկելու բակային տարածքների բարեկարգման ծրագրում: Հաշուի առնելով, որ տուեալ տարածքը ժամանակին օտարուել էր եւ ունէր օրինական սեփականատէր, քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցութիւնների արդիւնքում, տուեալ տարածքն այսօր համայնքային սեփականութիւն է եւ այժմ բարեկարգւում է ու շուտով այն բնակիչների համար կը դառնայ հանգստի գօտի: «Բանակցութիւնների արդիւնքում այս տարածքի սեփականատէրը կամովին հրաժարուեց իր տարածքից եւ այն արդէն ծառայում է որպէս ընդհանուր օգտագործման տարածք: Շնորհակալ եմ նրան, եւ բոլոր նրանց, ովքեր կամովին ազատում են նաեւ ինքնակամ զբաղեցրած հողակտորները, ինչի շնորհիւ մենք աւելի արագ ու աւելի շատ տարածքներ ենք կարողանում բարեկարգել եւ յանձնել մեր բնակիչների տնօրինմանը»,- նշել է քաղաքապետը: Ի խորհրդանշումն այս հարցում Տարօն Մարգարեանի անմիջական աջակցութեան, շէնքի բնակիչներն առաջարկել են քաղաքապետին իրենց հետ միասին ծառ տնկել այդ վայրում: Ծառի եւ ընդհանրապէս տարածքի խնամքի հարցն էլ բնակիչները պարտաւորուել են անձամբ ապահովել: Դաւիթ Անյաղթի 18 շէնքի բակում նախկին անշուք պատերն այսօր վառ գոյներ են ստանում: Երեխաների նկարչութեան թեման այս անգամ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն էր: Ողջունելով երեխաների նախաձեռնութիւնը, Տարօն Մարգարեանը նրանց առաջարկել է գեղեցկացնել ոչ միայն սեփական, այլեւ հարեւան բակային տարածքները:Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակուելու համատեքստում քաղաքապետին անակնկալ են մատուցել նաեւ վարչական շրջանի դպրոցականները, ովքեր գրքի տեսքով խորհրդանշական զգեստներով ողջունել ու գիրք են նուիրել Տարօն Մարգարեանին: շրջայցի շրջանակում բնակիչների հետ ունեցած անմիջական շփումների ընթացքում վերջինները քաղաքապետին են ներկայացրել նաեւ իրենց յուզող խնդիրները: Բարձրացուել է մասանաւորապէս բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը: «Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն, այլ նաեւ միւս վարչական շրջաններում: Մայրաքաղաքի զարգացման այս տարուայ ծրագրով, ոռոգման համակարգի վերականգնմանը զուգահեռ, նաեւ 16 կմ ոռոգման նոր ցանց կ'անցկացնենք: Ծրագրում բակային տարածքները նոյնպէս հաշուի են առնուած»,- ընդգծել է Տարօն Մարգարեանը: Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանօթացել է նաեւ Ուլնեցու փակուղիներն իրար կապող աստիճանավանդակների կառուցման աշխատանքների ընթացքին: Մինչ վարչական շրջանի աշխատակազմի շէնք այցելելը Տարօն Մարգարեանը գնահատել է նաեւ նախորդ տարեվերջին շահագործման յանձնուած Դաւիթ Անյաղթի փողոցի վերգետնեայ անցումը. «Հաշուի առնելով մեր բնակիչների դիմում-խնդրանքները, մենք այս տարի եւս 7 վերգետնեայ անցումներ ենք կառուցում մայրաքաղաքում: Նշեմ, որ այդ աշխատանքները կը լինեն շարունակական», - նշել է քաղաքապետը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում քաղաքապետ Տարօն Մարգարեանը մէկ անգամ եւս կարեւորելով բնակիչների հետ անմիջական շփումը, յանձնարարել է նրանց եւս մասնակից դարձնել բակային տարածքներում ընթացող աշխատանքներին. «Բնակիչների հետ անմիջական շփումը պէտք է լինի ամենօրեայ եւ իրականացուող բոլոր աշխատանքները պէտք է կատարուեն հաշուի առնելով բնակչի կարծիքն ու առաջարկութիւնները»,- ընդգծել է Տարօն Մարգարեանը:
  -   Հասարակութիւն