Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ


Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ

  • 10-05-2012 18:19:01   |   |  Քաղաքական

Դեսպան Քոչարեանի հանդիպումը Լիբանանի նախագահի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ Մայիսի 7-ին եւ 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ: Քննարկուել են հայ-լիբանանեան երկկողմ բարեկամական յարաբերութիւններին առնչուող խնդիրներ: Ընդգծուել է քաղաքական յարաբերութիւնների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատուիրակութիւնների փոխայցելութիւնների շարունակականութեան պահպանման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպութիւններում սերտ համագործակցութեան եւ փոխադարձ աջակցութեան անհրաժեշտութիւնը: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարեանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տօնակատարութիւնների մանրամասները, որոնք նուիրուած էին հայ գրատպութեան 500-ամեակին եւ «Երեւանը որպէս համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն: Կարեւորուել է Լիբանանի մշակոյթի նախարարի եւ Բէյրութի քաղաքապետի ղեկավարած պատուիրակութիւնների մասնակցութիւնն անցկացուած միջոցառումներին, ինչը, անկասկած, կը նպաստի մշակութային յարաբերութիւնների խորացմանը եւ երկու քոյր քաղաքներ ` Երեւանի եւ Բէյրութի արդիւնաւէտ համագործակցութեանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպմանն անդրադարձ է կատարուել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարեանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, ինչպէս նաեւ արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
  -   Քաղաքական