Արմէն Աշոտեանն ընդունել է Հհ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազօր դեսպանին


Արմէն Աշոտեանն ընդունել է Հհ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազօր դեսպանին

  • 15-05-2012 12:58:27   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը մայիսի 15-ին ընդունել է Հհ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Կրինայ Ռոդիքայ Պրունարիուին: Ողջունելով դեսպանին` Արմէն Աշոտեանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը նախարարի գլխաւորած պատուիրակութիւնը պաշտօնական այցով գտնուել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնեան գործընթացի հետամուտ խմբի եւ այլ շահառուների միջեւ, ինչպէս նաեւ մշակուել է յաջորդ տարիների գործողութիւնների ծրագիրը: Ըստ այդմ` 2015 թուականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկայ երեք տարիների ընթացքում կը զբաղուի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Նախարարն իր գոհունակութիւնն է յայտնել ռումինական կողմի` բարձր մակարդակով կազմակերպած գագաթաժողովի վերաբերեալ` նշելով, որ այս գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջեւ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել` փորձի փոխանակման եւ հայկական կողմին Քարտուղարութեան փոխանցման տեսանկիւնից: Միաժամանակ Ա. Աշոտեանը դեսպանին տեղեկացրել է, որ յունիսի 27-29-ը Երեւանում նախատեսւում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարութեան պաշտօնական փոխանցումը հայկական կողմին, որին կը մասնակցեն նաեւ Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիայ եւ Հերցոգովինայի կրթութեան եւ գիտութեան նախարարները: Նախարարը յոյս է յայտնել, որ այդ ընթացքում տեղի կ'ունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ: Դեսպան Կրինայ Ռոդիքայ Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրաւամբ երկու երկրների յարաբերութիւններում կրթութիւնն ու մշակոյթը գերակայ ուղղութիւններ են: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրուող կրթաթոշակների խնդրին: Հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսաւորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեան եւ Բուխարեստի համալսարանում հայոց լեզուի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ