«Սփիւռք» ամառային դպրոց-2012 մասնակցութեան յայտերի ընդունման ժամկէտը երկարացւում է մինչեւ ս.թ. յունիսի 10-ը


«Սփիւռք» ամառային դպրոց-2012 մասնակցութեան յայտերի ընդունման ժամկէտը երկարացւում է մինչեւ ս.թ. յունիսի 10-ը

  • 17-05-2012 11:44:05   | Հայաստան  |  Հայտարարություններ
Սփիւռքի հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու արմատաւորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզուի իմացութեան մակարդակի բարձրացմանը, Սփիւռքի ԶԼՄ-երի գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցութեան, ուսուցիչների վերապատրաստման նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հենքի վրայ 2012թ. կազմակերպում է «Սփիւռք» ամառային դպրոց: «Սփիւռք» դպրոցում գործելու են դասընթացնէր հինգ ուղղութիւններով. 1. Հայոց լեզուի արագացուած դասընթաց, 2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացնէր, 3. Կրթօջախների տնօրէնների, կազմակերպիչների եւ ուսուցիչների, վերապատրաստում, 4. Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, 5. Սփիւռքի լրագրողների դասընթաց: 1. Հայոց լեզուի արագացուած ուսուցում - 2012թ., 25 յունիսի-13 յուլիսի Հայոց լեզուի ուսուցումն իրականացուելու է` Լեզուական իմացութեան երեք մակարդակով համապատասխան խմբերում` արեւելահայերէն ու արեւմտահայերէն: Դասընթացներում կը դասաւանդեն Հանրապետութեան եւ սփիւռքի յայտնի լեզուաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կը զուգակցուեն տեսական-գործնական գիտելիքները, սովորողները կունենան տարբեր միջավայրերում ազգային լեզուով հաղորդակցուելու, լեզուի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտուելու հնարաւորութիւն: Երեքշաբաթեայ դասընթացներին կարող են մասնակցել սփիւռքահայեր` առանց տարիքային սահմանափակման: 2.Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացնէր - 2012 թ., 25 յունիսի-13 յուլիսի Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփիւռքի ազգային վարժարանների, ամենօրեայ եւ մէկօրեայ դպրոցների տնօրէններ, մայրենի լեզուի, հայոց պատմութեան ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատուութիւն է տրուելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղութեամբ փորձի փոխանակմանը, հայաստանեան կրթօջախների մասնագէտների եւ մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացուի Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախօսների, հանրապետութեան փորձառու մանկավարժների մասնակցութեամբ: Կը քննարկուեն Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում սփիւռքի կրթօջախների դերակատարութեան բարձրացման հարցեր: 3.Ազգային երգ ու պարի դասընթացնէր – 2012թ., 18-29 յունիսի Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացների նպատակը սփիւռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտութեան ուսուցիչներին, պարուսոյցներին ծանօթացնելն է հայկական երգերի ու պարերի իւրայատկութեանը, գաղափարական ուղղուածութեանը, պատմական նշանակութեանը, մշակման եղանակներին, կառուցուածքային դասակարգմանը եւ աւանդաբար ժառանգուած ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտութեանը: Դասընթացները կը վարեն հանրապետութեան ճանաչուած երաժշտագէտներ, պարուսոյցնէր: 4.Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց – 2012 թ., 9-21-ը յուլիսի Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփիւռքի երիտասարդական կազմակերպութիւնների 20-30 տարեկան ղեկավարներ եւ հայկական կառոյցների երիտասարդ ներկայացուցիչներ: Դպրոցի նպատակն է` - Սփիւռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողութեան դաշտ, կապել հայրենիքին, ծանօթացնել նախարարութեան համակարգին, ներքին եւ արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանութեան համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել յետագայ համագործակցութեան ձեւեր եւ միջոցներ: - Քննարկել Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հեռանկարներն ու ձեւերը` հայապահպանութեան, հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման, ձուլման դէմ պայքարի հարցերը: - Համատեղ քննարկումների, երկխօսութեան արդիւնքում առաջարկել հայկական համայնքներում արդիւնաւէտ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիւ ներգրաւման ձեւեր եւ միջոցներ, ստեղծել նրանց ակտիւացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր: 5.Սփիւռքի լրագրողների դասընթաց – 2012 թ., 9-21-ը յուլիսի Սփիւռքի լրագրողների դպրոցում կը վերապատրաստուեն Սփիւռքի ինչպէս հայկական ԶԼՄ-ում աշխատող, այնպէս էլ համայնքների կողմից երաշխաւորուած լրագրողներ, ովքեր պատրաստւում են աշխատել տուեալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացուի «հայ-թուրքական յարաբերութիւններն արդի փուլում», «հայ-ադրբեջանական յարաբերութիւններ» եւ «ցեղասպանագիտութիւն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփիւռքի լրագրողները հնարաւորութիւն կունենան տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի եւ Սփիւռքի ճանաչուած եւ բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանօթանալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկայ լինել համահայկական նշանակութեան խնդիրներին նուիրուած դասախօսութիւնների: Դասընթացների մասնակիցների համար կը կազմակերպուեն մշակութային միջոցառումներ, այցելութիւններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակոյթի գործիչների հետ: Դասընթացներն անցկացուելու են հայերէնով: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները: Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաեւ սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Մասնակիցներից կարիք ունեցողները կապահովուեն գիշերակացով` ՀՀ սփիւռքի նախարարութեան հաշուին: Ցանկացողներին խնդրում ենք մինչեւ 2012թ. Յունիսի 10-ը ներկայացնել համապատասխան յայտերը (յայտաձեւերը կցուած են) ՀՀ սփիւռքի նախարարութիւն հետեւեալ հասցէով` ք. Երեւան, Վազգէն Սարգսեան, 26/1: E-mail: allarmenian@mindiaspora.am, gitakrtakan.diaspora@yandex.com, gitakrtakan-diaspora@mail.ru կամ զանգահարել +37410585601 /117/: «Սփիւռք» ամառային դպրոցի մասին տեղեկատուութիւնը, դասընթացների մասնակցութեան յայտերը զետեղուած են ՀՀ սփիւռքի նախարարութեան կայքէջում` www.mindiaspora.am եւ «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրօնային թերթում: ՀՀ սփիւռքի նախարարութիւն
  -   Հայտարարություններ