Երեխաների միջազգային օրը Երեւանում կը նշուի տօնական միջոցառումներով


Երեխաների միջազգային օրը Երեւանում կը նշուի տօնական միջոցառումներով

  • 29-05-2012 16:25:42   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրն այս տարի Երեւանում նշուելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում` բազմաթիւ տօնական միջոցառումներով` տօնախմբութիւններով, կաւճանկար-մրցոյթներով, համերգային ծրագրերով, հիւրասիրութեամբ: Այդուհանդերձ, գլխաւոր միջոցառումները տեղի են ունենալու Երեւանի կենդանաբանական այգում եւ Յաղթանակ զբօսայգում: Երեւանի կենդանաբանական այգու մուտքը յունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանութեան միջազգային օրն այգում նախատեսուած են նաեւ համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հիւրասիրութիւն: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնուոմ են, որ Յաղթանակի զբօսայգում Երեւանի քաղաքապետարանը տօնական միջոցառումները նախապատրաստել է <<Ուրախ ժամանց>> ՍՊԸ-ի հետ համատեղ: Զբօսայգում 25 ատրակցիոններ մինչեւ 16 տարեկան երեխաների համար յունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00, իսկ մանկական տօնական միջոցառումները շարունակուելու են մինչեւ ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբօսայգու բեմում ելոյթ են ունենալու հայկական էստրադայի յայտնի երգիչներ: 22:00-ին կտրուի մեծ հրավառութիւն: <<Նախորդ տարիների վիճակագրական տուեալները եւ վերջին տարիներին տօնական միջոցառումներին քաղաքացիների ակտիւ մասնակցութիւնը համադրելով` միջոցառումներն ու հիւրասիրութիւնը նախատեսել ենք ստացուած թուից շատ աւելի` 150.000 երխաների համար. հաշուի ենք առել նաեւ, որ այդ օրը մայրաքաղաքի տօնական միջոցառումներին մասնակցում են Երեւանին սահմանակից մարզերից հիւրեր>>,- նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակոյթի եւ տուրիզմի վարչութեան պետ Կամօ Մովսէսեանը, եւ յաւելել, որ ամբողջ օրը տօնակատարութիւնների վայրերում հերթապահելու են քաղաքացիների անվտանգութիւնն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շտապ օգնութիւնը, ինչպէս նաեւ նախապէս հերթագրուած եւ հաստատագրուած երիտասարդ կամաւորներ: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթութեան վարչութեան պետ Գայիանէ Սողոմոնեանն էլ ընդգծել է, որ յունիսի 1-ին նախատեսուած հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաեւ Երեւանում գործող 3 յատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները եւս, անհրաժեշտութեան դէպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:
  -   Տնտեսութիւն