140 շէնքերի լուացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները կ'աւարտուեն նախատեսուած ժամկէտից անհամեմատ շուտ


140 շէնքերի լուացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները կ'աւարտուեն նախատեսուած ժամկէտից անհամեմատ շուտ

  • 04-06-2012 15:15:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մայրաքաղաքում աղբահանութեան վճարների հաւաքագրման արդիւնաւէտութիւնը բարձրացնելու նպատակով այսօր տարբեր վարչական շրջաններում կիրառւում են տարբեր մոդելներ: Քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ առաջիկայում կ'ուսումնասիրուեն բոլոր այդ մոդելներն ու ամենաարդիւնաւէտը կը կիրառուի համակարգում: Վերջին տարիների ընթացքում մայրաքաղաքում նկատելի են փոփոխութիւնները աղբահանութեան կազմակերպման ոլորտում, ինչի ապացոյցը բնակիչների բողոքների թուի նուազման միտումն է, նշել է Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ. <<Եթէ նախկինում աղբահանութեան կազմակերպման մասով թէժ գծին ուղղուած զանգերի քանակը գերազանցում էր 1000-ը, ապա այսօր դրանց թիւը կտրուկ նուազել է: Սա արդէն իսկ շօշափելի արդիւնք է ոլորտում: Բնակիչները տեսնում են կատարուող աշխատանքը եւ վճարում են պատշաճ սպասարկման համար>>,-շեշտել է Տարօն Մարգարեանը: Անդրադառնալով 2011 թուականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացուած ճաքալցման եւ ասֆալտբետոնէ ծածկոյթի վերականգնման աշխատանքներն անորակ եւ թերի կատարած կազմակերպութիւններին` շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ այդ կազմակերպութիւններից 4-ը պարտաւորուել են սահմանուած ժամկէտում շտկել եւ աւարտել ասֆալտբետոնէ ծածկի վերականգնման աշխատանքները: Զեկուցուել է նաեւ, որ պարտաւորութիւններից խուսափող ընկերութիւնները օրէնքով սահմանուած կարգով կ'ենթարկուեն պատասխանատուութեան: Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանուած ժամանակացոյցի համաձայն շարունակւում են Ուլնեցու փողոցից Ռուբինեանց փողոց տանող 2.5 կմ երկարութեամբ շրջանցիկ նոր աւօտճանապարհի, ինչպէս նաեւ Լենինգրադեան փողոցը Իսակովի պողոտային կապող աւտոմայրուղու կառուցման աշխատանքները: Շարունակւում է ամենօրեայ հսկողութիւնը մայրաքաղաքի հասարակական աւտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Անցեալ շաբաթուայ ընթացքում դադարեցուել է 2 երթուղիների տեխնիկապէս անսարք 6 մեքենաների շահագործումը: Զեկուցուել է նաեւ, որ նախորդ շաբաթ կայացել են Երեւանի ներքաղաքային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային կանոնաւոր փոխադրումների երթուղիների առաջին մրցոյթները: Երթուղիներ դուրս կը գան բացառապէս այն շարժակազմերը, որոնք կը համապատասխանեն սահմանուած չափանիշներին եւ մասնագիտական յանձնաժողովի կողմից առաւել բարձր միաւորներ կը ստանան: Երեւանի բակային տարածքներում շարունակւում են բարեկարգման, կանաչապատման, ինչպէս նաեւ նոր խաղահրապարակների կառուցման ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Զեկուցուել է, որ նախատեսուած ծրագրով մինչ օրս բակային տարածքներում տեղադրուել է 55 խաղ եւ 345 մարզասարք: Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում զեկուցուել է, որ նախատեսուած ժամկէտից անհամեմատ շուտ կ'աւարտուեն 140 շէնքերի լուացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները: Կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման, Երեւանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման մասով զեկուցուել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանուած ժամանակացոյցի համաձայն: Տարօն Մարգարեանը կանաչ գօտիների պահպանման ու խնամքի աւելացման հետեւողական պահանջ է դրել` ընդգծելով յատկապէս մայրաքաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտութիւնը: Ոռոգումն արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով քաղաքապետը յանձնարարել է արդիւնաւէտօրէն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնաւորապէս` մետրոպոլիտէնի կայարաններում կուտակուող ջրային պաշարները եւ վերականգնել առկայ չգործող պոմպակայանները: մայրաքաղաքում գոյքագրուած եւ վերագործարկման ենթակայ շատրուանների վերանորոգման նպատակով քաղաքապետը յանձնարարել է հետեւողական աշխատանք տանել մասնաւոր ընկերութիւնների հետ, որոնք պատրաստակամութիւն են յայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել այդ հարցում: Պարբերաբար հսկողութիւն է իրականացւում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների յարակից հատուածները բարեկարգելու, կանաչապատելու եւ խնամելու ուղղութեամբ: Զեկուցուել է, որ ինչպէս տնտեսվարողների, այնպէս էլ բնակչութեան կողմից նկատելի է կատարուած աշխատանքների եւ քաղաքային ծրագրերի հանդէպ դրական վերաբերմունքը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել բարեկարգման ծրագրերում բնակիչների առաւել ակտիւ մասնակցութեան համար: Քաղաքապետը յանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շէնքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր: Թէեւ այդ նպատակով Երեւան քաղաքի բիւջէով նախատեսուած են միջոցներ, սակայն յանձնարարուել է համաֆինանսաւորման սկզբունքով այդ աշխատանքներում ներգրաւել նաեւ համատիրութիւններին, ինչի յաջողուած փորձն արդէն կիրառւում է Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանգստեան օրերին երեւանցիների առօրեան առաւել յագեցած անցկացնելու նպատակով մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում մեկնարկել են սպորտային միջոցառումները:
  -   Տնտեսութիւն