Է.Նալբանդեան. «Հայաստանը կարեւորում է յարաբերութիւնների զարգացումը, ամրապնդումը եւ ընդլայնումը Իռլանդիայի հետ»


Է.Նալբանդեան. «Հայաստանը կարեւորում է յարաբերութիւնների զարգացումը, ամրապնդումը եւ ընդլայնումը Իռլանդիայի հետ»

  • 12-06-2012 14:08:36   | Հայաստան  |  Հարցազրոյցներ

Նախարար Նալբանդեանի ելոյթը եւ պատասխանները հարցերին ԵԱՀԿ գործող նախագահող, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում. Բարեւ Ձեզ, Ուրախ եմ ողջունելու Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին: Չնայած մեր երկու երկրները աշխարհագրօրէն մօտ չեն գտնւում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատուած եղել մեր ժողովուրդների միջեւ: Հայաստանը կարեւորում է յարաբերութիւնների զարգացումը, ամրապնդումը եւ ընդլայնումը Իռլանդիայի հետ: Մենք պարոն Գիլմորի հետ բաւական արդիւնաւէտ հանդիպում էինք ունեցել անցեալ տարի Դուբլինում եւ այս այցելութեան ժամանակ մենք օգտագործեցինք հնարաւորութիւնը քննարկելու համար երկկողմ յարաբերութիւնների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանը աջակցել է Իռլանդիային որպէս ԵԱՀԿ-ի նախագահող ընտրութեանը եւ ես վերահաստատեցի, որ Հայաստանը նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկուելու է իռլանդական նախագահութիւնը` ուղղուած ԵԱՀԿ-ի առաւել արդիւնաւէտ եւ կենսունակ կազմակերպութիւն դարձնելուն: Մենք քննարկեցինք Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցութիւնը կազմակերպութեան գործունէութեան երեք հարթութիւններում: Անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Իռլանդիայի նախագահութեան կարեւոր առաջնահերթութիւններից է կայունութեան ու խաղաղութեան ամրապնդումը Հարաւային Կովկասում, ինչը կարեւոր է նաեւ մեր երկրի համար: Ես տեղեկացրեցի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը այլընտրանք գոյութիւն չունի: Այս առումով Հայաստանի մօտեցումները համահունչ են միջազգային հանրութեան դիրքորոշմանը, որոնք արտայայտուել են եռանախագահող երկրների նախագահների մակարդակով lաքուիլայու՛մ, Մուսկոկայում, Դովիլում: Մենք դեռ այսօր հնարաւորութիւն ենք ունենալու շարունակել քննարկումները այլ հարցերի շուրջ: Սիրով փոխանցում եմ խօսքը պարոն Գիլմորին: Արմնիւզ հեռուստաընկերութիւն: Պարոն Նալբանդեան, վերջերս Թուրքիայի արտգործնախարարը յայտարարութիւն արեց, որում իր մտահոգութիւնը յայտնեց ադրբեջանցի զինուորների մահուան կապակցութեամբ եւ ասաց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին հայկական կողմը չի արձագանքում: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք այս յայտարարութիւնը: Շնորհակալութիւն: Է. Նալբանդեան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ յայտարարութիւնից, թէ իբրեւ ինքը մտահոգուած է վերջին միջադէպերի արդիւնքում միայն ադրբեջանցի զինուորների կորստից, ռասիստական հոտ է գալիս: Երբեւէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգուած լինի ադրբեջանցիների սադրանքների արդիւնքում հայ զինծառայողների սպանութիւններով: Այն ժամանակ, երբ միջազգային հանրութիւնը խստօրէն դատապարտում է այս արիւնալի միջադէպերը եւ կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի յայտարարութիւնները, փաստօրէն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները: Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաեւ մերժում է էահկ Մինսկի խմբի եռանախագահների դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատուութիւնը բարդել այլոց վրայ եւ ձեւացնում է, թէ իբրեւ տեղեակ չէ, թէ ում պատճառով հնարաւոր չեղաւ առաջընթաց արձանագրել Կազանում` հիմնարար սկզբունքների վերաբերեալ համաձայնութեան գալու հարցում: 20 տարի առաջ, երբ Հայաստանը դէմ չեղաւ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրաւմանը որպէս անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կը լինի եւ կը նպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը: Բայց ինչպէս 20 տարիները ցոյց տուեցին, Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չէզոք չէ, այլ նաեւ իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացին: Հարց է առաջանում. արդեօք համատեղելի է Թուրքիայի նմանատիպ կեցուածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ: Արմէնպրես գործակալութիւն, հարցս ուղղուած է պարոն Գիլմորին: Պարոն Գիլմոր, շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջադէպերը յատկապէս ակտիւացան այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը գրեթէ շանտաժի գնով հասաւ նրան, որ շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը չկայացաւ: Արդեօ՞ք յանձնառութիւն ստանձնում է Իռլանդիան Էահկ-ում նախագահութեան ընթացքում անել ամէն ինչ, որպէսզի այդ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը կայանայ: Արդեօ՞ք պատրաստ է գնալ մինչեւ վերջ այս հարցում, չնայած Ադրբեջանի շանտաժին: Է. Նալբանդեան: Ես կը ցանկանայի յաւելել, որ Հայաստանը կողմ է եղել եւ մնում այս մեխանիզմի ստեղծմանը եւ ի տարբերութիւն Ադրբեջանի, երբ որ մենք ինչ-որ բանի մասին պայմանաւորւում ենք, յաջորդ օրը մենք հետ չենք կանգնում: Ես յիշեցնեմ, որ մեխանիզմի ստեղծման վերաբերեալ համապատասխան դրոյթներ են պարունակւում համապատասխան յայտարարութիւնների մէջ, որոնք արուել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների յայտարարութիւններում, որոնք արուել էին սոչիում թէ 2011թ. մարտին եւ թէ 2012թ. յունուարին: Մենք յարգում ենք այդ պայմանաւորուածութիւնները եւ կողմ ենք մեխանիզմի ստեղծմանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:
  -   Հարցազրոյցներ