«Ջերմուկ» քաղաքն ունի ընտրութեան երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդիւնաբերութեան կենտրոն


«Ջերմուկ» քաղաքն ունի ընտրութեան երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդիւնաբերութեան կենտրոն

  • 12-06-2012 16:04:12   |   |  Հասարակութիւն

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Յովհաննիսեանը բաց նամակ է տարածել, ուր անդրադարձել է Ջերմուկին եւ Ամուլսարին: «Հրապարակը»-ը ներկայացնում է նամակը. «Յարգելի «Գէոթիմ» ընկերութիւն, կոչ ենք անում Ջերմուկ քաղաքում առկայ խնդիրները շահարկելու փոխարէն, չշեղել հասարակութեան ուշադրութիւնը հաքնարդիւնաբերութեան հետեւանքով շրջակայ միջավայրին եւ ՀՀ բնակչութեանը հասցուող վնասներից, զբաղուել սեփական գործունէութիւնից բխող ռիսկերի պարզաբանմամբ պատասխանել ժողովրդի անհանգստութեանն ու փորձագէտների անպատասխան հարցերին: Ջերմուկի քաղաքապետարանն այս էլ քանի տարի է ակտիւ գործողութիւն է իրականացնում տուրիզմի եւ ենթակառուցուածքների զարգացման, ներդրումների ակտիւացման ոլորտում: Վերջին 5 տարիներիների ընթացքում քաղաքում կատարուել են շուրջ 4 մլրդ դրամի ներդրում, կառուցւում է երկու խոշոր հիւրանոց` մօտ 150 ական աշխատատեղերով, իսկ ներդրումների ծաւալը տարէց տարի մեծանում է: նախատեսւում է քաղաքային աղբավայրի վերամշակման գործարանի կառուցում, որը կը սպասարկի նաեւ յարակից համայնքներին: հաստատուած է կոյուղու կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման ծրագիրը: Քաղաքապետարանն հետամուտ է առկայ խնդիրների լուծման ուղղութեամբ համապատասխան գործողութիւններն իրականացնելուն եւ պատրաստ է իր գործունէութեան մասին տեղեկացնել շահագրգիռ անձանց եւ կազմակերպութիւններին: «Գէոթիմ» ընկերութեան գործունէութիւնը Ջերմուկ քաղաքին կանգնեցնելու է էլ աւելի մեծ խնդիրների առջեւ, իսկ նոյն ընկերութեան կողմից քաղաքային աղբավայրի, աւազահանքի եւ քարհանքի առկայութեան հետեւանքով առաջացող վտանգների շահարկումները համեմատելի չեն իր իսկ գործունէութիւնից բխող ռիսկերի հետ: Ի տարբերութիւն վերջինիս գործունէութիւնից բխող հետեւանքների` քաղաքային աղբավայրի, աւազահանքի եւ քարհանքի առաջացրած բնապահպանական խնդիրները քիչ ջանքեր պահանջող եւ լուծելի խնդիրներ են: Հաշուի առնելով ընկերութեան հետազօտութիւնը իրականացուել են որոշակի դիտաւորութեամբ եւ բացթողումներով, յատկապէս ջրային ռեսուրսների վերաբերեալ` այն է, տարածքի ջրաերկրաբանական ուսումնասիրութիւնները կատարուել են տարուայ համեմատաբար չորային ժամանակահատուածում`սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 20, իսկ կատարուած հետազօտութիւնը առ Ամուլսարի բաց հանքի պայթեցումների յարուցած ցնցումների մակերեսային գնահատում ըստ շինութիւններին հասցուող հնարաւոր վնասների, չի կարող երաշխաւորել հանքային աղբիւրների հիդրոդինամիկ ռեժիմի անվտանգութիւնը, քանի որ նման հետազօտութիւն արուած չէ, Ջերմուկի քաղաքապետարանը պահանջում է Բնապահպանութեան նախարարութիւնից Ջերմուկ համայնքը համարել ազդակիր համայնք: Կատարուած եւ սպասուող ներդրումները քաղաքի համար ունեն կենսական նշանակութիւն եւ երկարաժամկէտ բնոյթ, որոնք ի չիք կը դառնան հանքի շահագործման դէպքում: 2008 թուականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբօսաշրջային կենտրոն յայտարարելու մասին»N 1064-ն որոշմամբ արդէն իսկ ուրուագծել է իր զարգացման ուղին, եւ քաղաքից ընդամէնը 12 կմ հեռաւորութեան վրայ գտնուող նման խոշոր հանքարդիւնաբերութիւնը «Ջերմուկ»բրենդի վրայ չի կարող ազդեցութիւն չթողնել: Քաղաքն այժմ ունի ընտրութեան երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդիւնաբերութեան կենտրոն, ի լուր աշխարհի յայտնում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչութիւնն ընտրել է առաջին տարբերակը»: Ջերմուկի քաղաքապետ` Վարդան Յովհաննիսեան
  -   Հասարակութիւն