Քաղաքական ասպարէզում գերիշխում են տղամարդիկ


Քաղաքական ասպարէզում գերիշխում են տղամարդիկ

  • 09-07-2012 16:50:58   | Հայաստան  |  Յօդուածներ

Չնայած խորհրդարանական ընտրութիւններին կին պատգամաւորների մասնակցութիւնն ապահովող գենդերային քուոտայի սահմանմանը, քաղաքական ասպարէզում գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդկանց: Չնայած անցեալ տարի Ընտրական օրէնսգրքում կատարուած փոփոխութիւնները թոյլ տուեցին, որպէսզի կանանց գենդերային քուոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարէն, այնուհանդերձ, Հայաստանի`նորընտիր 131 պատգամաւոր ունեցող խորհրդարանում կանայք 14 են` կազմելով նշուած քուոտայի շուրջ 11 տոկոսը: Հասարակական կեանքում կանանց առաւել ակտիւ մասնակցութիւն ապահովելու համար իշխանութիւնների աջակցութիւն եւ մասնակիօրէն նաեւ հասարակութեան լայն զանգուածների կողմից համապատասխան ճնշում է հարկաւոր. բացի այդ, կանայք, որպէս կանոն, ֆինանսապէս անկախ չեն, որպէսզի կարողանան սեփական ուժերով իրենց թեկնածութիւնն առաջադրել ընտրութիւններին: 1990թ-ին Գերագոյն խորհրդի 260 պատգամաւորից կանայք ինն էին, առաջին գումարման Աժ-ում`190 պատգամաւորից 12 էին կանայք, նախորդ գումարման Աժ-ում` 2007թ. 131 պատգամաւորից 12-ն էին կանայք: Հինգերորդ գումարման Աժ-ում կանայք 14- են: «Այլ կերպ ասած` քսան տարուայ կտրուածքով կանանց թիւը մեր խորհրդարանում աճել է ընդամէնը 7 տոկոսով: Եւ եթէ հաշուի առնենք այս դինամիկան, ապա այսօրուայ 20 տոկոսանոց քուոտան իրականութիւն դարձնելու համար մենք պէտք է առնուազն 25 տարի ժամանակ», - ասում է «Պրոմեդիա-գենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանեանը: Հայաստանի Հանրապետութեան Ընտրական օրէնսգրքի 108-րդ յօդուածով`ԱԺ ընտրութիւններում համամասնական ընտրակարգով ընտրացուցակի 2-րդ համարից սկսած ամէն հնգեակում յուրաքանչիւր սեռի ներկայացուցիչների թիւը չպէտք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցութիւնների համամասնական ընտրացուցակներում 6-րդ, 11-րդ, 16-րդ , 21-րդ եւ 26-րդ հորիզոնականներում կանայք էին: Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) ընտրութիւնների դիտորդական առաքելութիւնն իր վերջնական զեկոյցում նշում է, որ նախնական ընտրացուցակներում գենդերային քուոտայի պահանջը բաւարարուած էր, քանի որ կանայք կազմում էին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրուած թեկնածուների 22 տոկոսը: Քանի որ խորհրդարանական տեղերը զբաղեցնում են ընտրացուցակներում յաջորդականութեամբ տեղակայուած թեկնածուները, կանանց անունները նոյնպէս պէտք է այդ ցուցակներում յայտնուէին պարբերական յաճախականութեամբ: Տեսականօրէն, սա պէտք է երաշխաւորէր քուոտայի պահանջների իրականացումը: Սակայն կանանցից շատերը, ընտրութիւններից յետոյ ինքնաբացարկ յայտարարելով, իրենց տեղը զիջեցին տղամարդկանց: Գենդերային քուոտան օգտագործուել է միայն համամասնական ընտրակարգով նախատեսուած 90 պատգամաւորական տեղերի դէպքում, սակայն չի գործել մեծամասնական ընտրակարգով նախատեսուած միւս 41 պատգամաւորական մանդատների դէպքում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրուած 155 թեկնածուներից միայն 12 էին կանայք, եւ ԵԱՀԿ զեկոյցում նշւում է, որ կին թեկնածուներից երեքը տեղեկատուութիւն չէին տրամադրել իրենց նախընտրական քարոզարշաւների ընթացքում կատարած ծախսերի մասին, ինչը յանգեցնում է այն եզրակացութեանը, որ վերջիններս իրական թեկնածուներ չեն եղել: Աւելին, 41 ընտրատարածքներից միայն 9-ում են կին թեկնածուներ առաջադրուել: Թիւ 38 ընտրատարածքում մեծամասնականով ինքնաառաջադրուած եւ պարտուած, Գիւղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրէն Նարինէ Մովսիսեանը, իրեն պարտուած չհամարելով, ասում է, որ յաղթել է իր ինքնաառաջադրմամբ: Նարինէ Մովսիսեանը ասում է, որ քարոզարշաւի ընթացքում իրեն չեն տրամադրել դահլիճներ, գիւղապետերը ընդհանարապէս հրաժարուել են ընդունել իրենց գիւղերում, նրա առջեւ փակել են հեռուստաընկերութիւնը, ահաբեկել են հարազատներին: «Ես կոտրեցի այն կարծրացած մտածելակերպը, որ պէտք է «դաբրոէ ունենաս, որպէսզի կարողանաս առաջադրուել: Լիակատար բլոկադայի պայմաններում`առանց շտաբի, առանց լիարժէք քարոզչութեան, առանց Զլմ-ի հետ շփուելու, առանց քաղաքական յենարանի, ես կարողացայ հաւաքել 1340 ձայն: Ես ինձ պարտուած չեմ համարում»,- պնդում է Մովսիսեանը IWPR-ին: Հանրային խորհրդի Գենդերային եւ ժողովրդագրական հարցերով յանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանեանը նշում է, որ կնոջ ճանապարհը թոյլատրուած է մինչեւ ամենաբարձր մակարդակի պաշտօններ, բայց ոչ քաղաքական բնոյթի: «Քաղաքական պաշտօնը յենարան է ծառայում բիզնեսին, եւ այս պաշտօնը զիջելուն տղամարդիկ դեռեւս պատրաստ չեն: Խոչընդոտող գործօնների թւում է նաեւ հասարակական ընկալումը` մարդիկ կանանց չեն ընտրում, քանի որ չունեն նրանց նկատմամբ վստահութեան քուէ», - ասում է Վարդանեանը: Սակայն Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնից ԱԺ պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը, որը երկրորդ անգամ է խորհրդարան մուտք գործում կուսակցութեան համամասնական ցուցակով, ասում է, որ անցել են այն տարիները, երբ կանայք համարւում էին տղամարդ քաղաքական գործչի «սուռոգատէ տեսակը: Փոխուել է կնոջ հանդէպ հանրային ընկալումը: «Շատ ակտիւ կանանց խումբ է լինելու այս խորհրդարանում: Ծանօթ եմ շատերի ներուժին: Ասեմ, որ երեք միջազգային կարեւորագոյն պատուիրակութիւնները (Եւրոպայի խորհուրդ, Եվրանեսթ)կանայք են ներկայացնելու: Եւ դա պատահական չի արուել, հէնց նրանց է վստահուած հայաստանի շահերը ներկայացնել միջազգային կարեւորագոյն հարթակներում», - ասում է Զոհրաբեանը iwpr-ին: Նա ասում է, որ կանայք իրենք են մեղաւոր, քանի որ շատերը քաղաքականութիւնը համարում են տղամարդկանց գործունէութեան ոլորտ: «Մեր մէջ այդ կոմպլեքսը մերժենք ու յետոյ նոր տղամարդկանցից պահանջենք յարգել գենդերային հաւասարութիւնը», - ասում է նա: Այնուամենայնիւ, «Միտք»վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Երուանդ Բոզոյեանը նշում է, որ կանայք իսկապէս բազում խնդիրների են բախւում Հայաստանում, որտեղ գերիշխող դերը պատկանում է տղամարդուն: «Դայ պայմանաւորուած է նաեւ նրանով, որ քաղաքացիական հասարակութեան դերն է նուազել մեզ մօտ: ... Երկրում, որտեղ ազգային մենթալիտետում անգամ հայրը իշխող է ու նրա հրամանները պէտք է կատարեն կինն ու զաւակները, չի կարող գենդերային հաւասարակշռութիւն պահպանուել քաղաքական դաշտում», - ասում է նա IWPR-ին: Գայիանէ Մկրտչեանը «Արմենիանաու»էլեկտրօնային պարբերականի թղթակիցն է: «Կովկասեան լրատու»
  -   Յօդուածներ