Քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա են մտցրել հայերը


Քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա են մտցրել հայերը

  • 29-07-2012 16:58:33   | Հայաստան  |  Յօդուածներ

Այս օրերին սլաւոնական աշխարհը նշում է Կիեւեան Ռուսիան քրիստոնէացնելու տարելիցը: Խնդրին անպայման պէտք է անդրադառնանք նաեւ մենք, քանի որ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ԿԻԵՒԵԱՆ ՌՈՒՍԻԱՅ ԵՆ ՄՏՑՐԵԼ ՀԱՅԵՐԸ: Հիմնուելով Բիւզանդիայի հայազգի կայսր Կոստանդին Ծիրանածինի այն գրաւոր տեղեկութեան վրայ, որ Կիեւը կոչուել է նաեւ ՍԱՄԲԱՏՈՍ (հայոց աղբիւրները Կիեւն անուանում են ՄԱՆՔԵՐՄԱՆ, երբեմն` Սմբատակերտ), օտար մի քանի պատմաբաններ (Ֆ. Բրաուն, Սէն-Մարտեն, Հ. Լովմիանսկի եւ ուրիշներ) եզրակացրել են, որ Կիեւը Սամբատոս է կոչուել ի պատիւ Բիւզանդիայի հայկազուն կայսր Լեւոն Ե-ի (Լեւոն Հայ, գահակալել է 813 թուականից) որդի Սմբատի` ի երախտագիտութիւն Լեւոն կայսէր, որի ուղարկած հայ վարպետները ամրացրել են Կիեւի բերդն ու պարիսպները: Սա կնշանակի, հայերը սլաւոնական հնագոյն աղբիւրներում յիշատակւում են որպէս Կիեւ քաղաքը բերդի վերածող շինարարներ` 9-րդ դարից սկսուած: Կիեւեան Ռուսիայում (միջնադարեան հայոց աղբիւրները Կիեւեան Ռուսիան կոչում էին Ռութէնիա) քրիստոնէութիւնը եւ լուսաւորութիւնը Կոստանդնուպոլսի Փոտ պատրիարքի (մօրական կողմից հայ, գահակալել է 858-867 եւ 877-886) ձեռամբ, 9-րդ դարում սկսել են հայերը: Կիեւեան Ռուսիա- Ռութէնիայում քրիստոնէութիւնը տարածուել եւ վերջնականապէս ընդունուել է 988-989 թթ., Վլադիմիր Սվիատոսլաւիչ իշխանի օրօք, որի կինը Բիւզանդիայի մակեդոնական (հայկական) արքայատոհմի Վասիլ Բ հայազգի կայսէր (976-1025) քոյր Աննան էր: Բիւզանդիան Կիեւեան Ռուսիան իր ազդեցութեան տակ պահելու համար այդ տարածքը քրիստոնէացրեց հէնց Վասիլ Բ-ի քոյր Աննայի միջոցով: Սա ամուսնանալով Կիեւի իշխան Վլադիմիրի հետ, հայերից բաղկացած իր շքախմբով` եկեղեցականներ, գրիչներ, շինարարներ, արհեստաւորներ, բժիշկներ, առեւտրականներ եւ այլն, մտաւ Կիեւ: Աննայի շքախմբի այդ անդամներին պէտք է կոչել Ռուսիայի լուսաւորիչներ, որովհետեւ հէնց նրանք Ռուսիայ-Ռութէնիայում հիմնեցին դպրոցներ, ձեռագրատներ եւ գիտամշակութային այլ օջախներ: Հայերը Ռութէնիա են մտել նաեւ 1060 թ.` Կիեւի իշխան Թէոդոր Դմիտրիեւիչ Զուբի (որոշ աղբիւրներ սրան կոչում էին Իզեասլաւ) հրաւէր-հրովարտակով: Հնագոյն ռութէն, հայոց եւ լատին աղբիւրներում նշւում է, որ նրանք կոչւում էին ՆԱՇՈԽԱՉԵԱՆ, այսինքն` խաչակիրներ: Դա այդպէս է, քանի որ Կիեւ մտած հայերն իրենց վրայ խաչ էին կրում, իսկ ՆԱԾՈԽԱՉ բառը հին սլաւոներէն ՆՕՇՕ եւ հայերէն ԽԱՉ բառերի բարդոյթն է, որը նշանակում է ԽԱՉԱԿԻՐ: Հետեւաբար` խաչակրաց առաջին արշաւանքի սկզբից (1089 թ.) 34 տարի առաջ խաչակրաց արշաւանքները հայերը սկսել են Կիեւեան Ռուսիայից (մանրամասն տե’ս ռաֆայէլ Համբարձումեան, Սադոկ բարոնչը լեհահայոց պատմութեան ուսումնասիրող, Երեւան, 1998 թ., էջ 39, 42, 45, 34-46): Այսպիսով` քրիստոնէութիւնը Կիեւեան Ռուսիա-Ռութէնիա է մտել հայերի ձեռքով... Կիեւեան Ռուսիա-Ռութէնիայի իշխանական հարստութեան (դինաստիա) մէջ նոյնպէս եղել են հայկական ծագում ունեցողներ: Օրինակ` Չեռնիգովի իշխան Վլադիմիր Մոնոմախը, որը Կիեւի իշխան դարձաւ 1113-1125 թթ.: Նա իր մօրական պապ Բիւզանդիայի Կոստանդին Մոնոմախ կայսէր հետեւութեամբ իրեն կոչում էր Մոնոմախ: Վլադիմիր Մոնոմախը կազմել- հրապարակել է «Կանոնադրութիւն» երկը `սկզբնաւորելով Կիեւեան Ռուսիայի իրաւագիտութիւնն ու օրէնսդրութիւնը: Նա միաւորեց հին Ռուսիայի բոլոր իշխանութիւնները , գրեց հին սլաւոնական գրականութեան լաւագոյն էջը` իր որդիներին ուղղած «Խրատ»-ը: Վլադիմիր Մոնոմախ հայկազունի վեցերորդ որդի Եուրի Դոլգորուկին (1125-1157) արեւելեան սլաւոն ժողովուրդների պատմութեան մէջ մնաց նաեւ որպէս իրեն պատկանող Մոսկուայ աննշան գիւղը քաղաքի վերածած իշխան (վստահ եմ, որ Եուրի Դոլգորուկիին պատկանող Մոսկուայ աննշան գիւղը նոյնպէս հայերն են հիմնել): Սլաւոնական աղբիւրների իսկ տեղեկութեամբ Եուրի Դոլգորուկիի պատուին ԺԲ դ. Վլադիմիրի մէջ ս. Գէորգ եկեղեցին, որը սլաւոնական ճարտարապետութեան հնագոյն կոթողներից է, դարձեալ կառուցել են հայ վարպետները: Մոսկուա աննշան գիւղ-բնակատեղին ճոխ քաղաք դարձրին Եուրի Դոլգորուկիի հրաւէրով այստեղ եկած միջնադարում «Ծովահայեաց Հայաստան» անուանւող Ղրիմի Սուդակ քաղաքը շէնացրած հայ վաճառականները, որոնց սլաւոնական աղբիւրները անուանում են «Սուրոժցի» վաճառականներ: Նրա «Դոլգորուկի» մականունը հայոց Բագրատունիների «Երկայնաբազուկ» մականուան թարգմանութիւնն է սլաւորէնի , իսկ իր զինանշանի վրայի առիւծը` բագրատունեաց զինանշանի առիւծն է: Սլաւոնական-ռուսական բազմապիսի աղբիւրների վկայութիւններով հայերը 10-19-րդ դդ. ընթացքում Կիեւեան Ռուսիայում եւ Ռուսաստանում կառուցել են բազմաթիւ տաճարներ, ծաղկազարդել-գրել են բազմաթիւ ձեռագրեր, նկարել են հարիւրաւոր սրբապատկերներ եւ մեծանուն անձանց դիմանկարներ, նկարազարդել եկեղեցիներ, զարգացրել են այդ տարածքների գիտութիւնը, մշակոյթը, գրչութեան արուեստն ու մանրանկարչութիւնը, առեւտուրը, տնտեսութիւնը, արդիւնաբերութիւնն ու գիւղատնտեսութիւնը: Ռաֆայէլ Համբարձումեան
  -   Յօդուածներ