ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

  • 25-09-2012 10:24:13   | Հայաստան  |  Յօդուածներ

Այս տարվա աշնանը Վրաստանին լուրջ քաղաքական փորձություն է սպասվում. տեղի են ունենալու հերթական եւ չափազանց կարեւոր խորհրդարանական ընտրությունները։ 2012թ. օգոստոսի 1-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակեց հերթական խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։ Օրենքին համապատասխան՝ դրանք պետք է տեղի ունենան ուղիղ 60 օր հետո՝ հոկտեմբերի 1-ին։ Մեր կարծիքով՝ դրանք կլինեն ամենավճռորոշ ընտրությունները Վրաստանի վերջին տասնամյակի պատմության մեջ։ Դրանցից հավանաբար ավելի կարեւոր էին միայն 2003թ. նոյեմբերյան ընտրությունները, որոնք փաստորեն «վարդերի հեղափոխության» դետոնատորը դարձան եւ այդ հանրապետությունում իշխանության բերեցին ներկայիս նախագահին ու նրա թիմին։ Գալիք ընտրությունները հատկանշական են մի շարք պատճառներով։ Բայց ամենագլխավորն այն է, որ դրանք կապվում են Միխայիլ Սահակաշվիլու նախագահության երկրորդ ժամկետի ավարտի հետ։ Ինչ էլ որ ուզենա Վրաստանի գործող նախագահը, միեւնույն է, հաջորդ տարի նրա երկրորդ նախագահության ժամկետն ավարտվում է, եւ նա ստիպված է հեռանալ։ Այլ ելք նա պարզապես չունի։ Ոչ Վրաստանի հասարակական եւ քաղաքական ընտրանին, ոչ, առավել եւս, նրան դեռեւս համակրող որոշակի շրջանակներն արեւմտյան երկրներում ու կառույցներում՝ ոչ ոք պատրաստ չէ ընդունել Սահակաշվիլու երրորդ նախագահությունը։ Չէ՞ որ անգամ Վլադիմիր Պուտինը, որի հետ Միխայիլ Սահակաշվիլին այդքան սիրում է համեմատվել Արեւմուտքում (բնականաբար, ռուս «պաշտոնակցին» միտումնավոր ներկայացնելով ոչ շահավետ լույսով), երկրորդից հետո անմիջապես չգնաց նախագահության երրորդ ժամկետին... Փաստորեն, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ առաջին անգամ Վրաստանի հետխորհրդային պատմության մեջ նրա նախագահը երկու ժամկետից հետո ինքնակամ (անգամ եթե շատերը Վրաստանում դա ընդամենը ձեւական ընթացակարգ են համարում) պաշտոնը հանձնում է մեկ ուրիշին։ Դրանից հետո Վրաստանը կդառնա Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված/մասամբ ճանաչված պետություններից հինգերորդը (եւ վերջինը), որտեղ պետության ղեկավարը կառավարման երկու ժամկետից հետո տեղը կամովին կզիջի իր հաջորդին։ Հայաստանում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում նման նախադեպեր արդեն եղել են։ Իսկ Ադրբեջանում հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիեւը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է գնալ երրորդ ժամկետին, մանավանդ որ ադրբեջանական սահմանադրությունն այդ առիթով սահմանափակումներ փաստորեն չի պարունակում։ Նման պայմաններում հետագայում Միխայիլ Սահակաշվիլուն «աշխատանքի տեղավորելու» հարցը խիստ ակտուալ է դառնում։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Սահակաշվիլին, հրաժարվելով երկրի բարձրագույն ընտրովի պաշտոնից, կփորձի պահպանել իրական իշխանական լծակները՝ օգտագործելով Վրաստանի Սահմանադրության մեջ վերջերս կատարված փոփոխությունները, որոնք երկրի խորհրդարանին օժտում են ավելի բարձր լիազորություններով։ Թեեւ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնում արդեն նախագահական ընտրություններից հետո, գալիք՝ 2013 թվականին, բայց այդ փաստը էլ ավելի է սրում քաղաքական ինտրիգը, եւ հոկտեմբերյան ընտրությունների նշանակալիությունը Վրաստանում աճում է անհամամասնաբար։ Չէ՞ որ բացի Սահակաշվիլու եւ նրա զինակիցների քաղաքական ճակատագրից, խոսքն արդեն հետագա ողջ տասնամյակում Վրաստանի քաղաքական գծի շարունակման կամ էլ հակառակ՝ իշխանությունների կողմից ընտրությունների ձախողման պարագայում, վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորած առաջատար «Վրացական երազանք» ընդդիմադիր ուժի կողմից դրա էական փոփոխության մասին է։ Ուստի, Սահակաշվիլու եւ իշխող թիմի համար ընտրությունների արդյունքները երկակի իմաստ ունեն ինչպես գործող նախագահի քաղաքական ապագայի ապահովման, այնպես էլ 2003թ. նոյեմբերի «վարդերի հեղափոխությունից» սկիզբ առնող քաղաքականության շարունակման (թեկուզեւ մասամբ) համատեքստում։ Այս ֆոնին միանգամայն բնական է, որ ինչպես եւ գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Վրացական երազանք» շարժումը (որը, փաստորեն, դեռ անցած տարվա աշնանից՝ Իվանիշվիլու ընդդիմություն անցնելուց հետո է սկսել հրապարակային նախընտրական պայքարը), վրացական իշխանությունները նույնպես լուրջ են վերաբերվում հոկտեմբերի 1-ին նշանակված ընտրություններին։ Ընդ որում՝ իշխանական կառույցների գործողությունների «զինանոցը» բավական բազմաբնույթ է՝ հետխորհրդային երկրներին բնորոշ «վարչական ռեսուրսի» կիրառումից (բացահայտ ուժային սարսափեցման տարրերով), հատկապես երկրի շրջաններում, մինչեւ բավական կտրուկ (թեեւ սպասելի) վերափոխությունները հենց Սահակաշվիլու թիմում։ Խոսքն առաջին հերթին «ոչ ֆորմալի ֆորմալացման»՝ ս.թ. հունիսի վերջին Վրաստանի վարչապետի պաշտոնին գերազանցապես հայաբնակ Սամցխե-Ջավախքի ծնունդ եւ ՆԳՆ ամենազոր ղեկավար Վանո Մերաբիշվիլու նշանակման մասին է։ Վրացի հայտնի քաղաքագետ Գիա Նոդիայի խոսքերով՝ Մերաբիշվիլու նշանակմամբ «վարդերի հեղափոխության» հայրերից մեկի՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի զոհվելուց հետո առաջին անգամ վարչապետի պաշտոնի իրական նշանակությունը «սկսեց համապատասխանել իր ֆորմալ աստիճանին»։ Բնական է, եւ դա ընդունում են անգամ գործող իշխանության ակնհայտ կողմնակիցները, որ Մերաբիշվիլու նշանակումը խորհրդանշում է այն փաստը, որ իշխանությունը լրջորեն թերագնահատել է ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժման քաղաքական պոտենցիալը եւ հիմա արդեն փորձում է շտկել բաց թողած հնարավորությունները։ Բայց դրա հետ մեկտեղ ՆԳՆ նախկին ղեկավարի (որը, ի տարբերություն Սահակաշվիլու, քչախոսի եւ խոսքերը քամուն չտվող էֆեկտիվ մենեջերի համբավ ունի) նշանակումը նույնպես ակտուալացրեց խոսակցությունները Սահակաշվիլու հնարավոր հաջորդի թեկնածության մասին՝ միաժամանակ անալոգներ անցկացնելով 2008թ. «ռուսական սցենարով» կադրային փոխատեղումների հետ։ Սակայն ակնհայտ է, որ Վրաստանի «պուտինիզիացիայի»՝ նման չափազանց ուղղագիծ տարբերակը (Գիա Նոդիայի արտահայտությունն է) թե՛ Սահակաշվիլու, թե՛ նրա թիմի համար անցանկալի կլիներ։ Համենայնդեպս, դա բացասաբար կանդրադառնա Սահակաշվիլու կարեւոր «ուժային» ռեսուրսներից մեկի՝ աներեւակայելի կրեատիվ քաղաքական փիառի եւ համաշխարհային հանրության աչքում «դեմոկրատական արեւմտամետ քաղաքական գործչի» իմիջի հմուտ կիրառման խառնուրդի արդյունավետության վրա։ Ուստի, որոշ տեսաբաններ Վրաստանում ենթադրում են, թե բազմաքայլ կադրային «հերթագայությունների» արդյունքում եւ գործող իշխանության համար ներկայիս խորհրդարանական եւ գալիք նախագահական ընտրությունների հաջող արդյունքի դեպքում բարձրագույն իշխանական պաշտոնների հավանական զուգակցումը փոքր-ինչ այլ կինի։ Օրինակ, Միխայիլ Սահակաշվիլին կզբաղեցնի խորհրդարանի նախագահի պաշտոնը (աստիճանաբար վերածվելով համարյա թե վրացական Դեն Սյաոպինի), Վանո Մերաբիշվիլին կմնա վարչապետի պաշտոնին (էականորեն ամրապնդելով իր դիրքերը սահմանադրական փոփոխությունների արդյունքներով), իսկ խորհրդարանի ներկայիս խոսնակ Դավիթ Բաքրաձեն իշխող «Ազգային շարժում» կուսակցության կողմից կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնին՝ բավական կրճատված լիազորություններով։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել Միխայիլ Սահակաշվիլու կողմից երկրի նախագահի պաշտոնին Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգա Ուգուլավայի՝ ներկայիս վրաց քաղաքական իսթեբլիշմենթի միակ ներկայացուցչի առաջադրումը, որը որակով ու դիրքով կարող է համեմատվել Վանո Մերաբիշվիլու հետ։ Բայց այդ տարբերակը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե չհենվելով ներկայիս վարչապետի անվերապահ լոյալության վրա՝ Սահակաշվիլին ցանկանա հավասարակշռել նրան ոչ պակաս ազդեցիկ ու գործունյա Ուգուլավայի հետ։ Որքանով են իրական նման քաղաքական զուգակցումները՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ նման (ինչպես եւ այլ) սցենարների իրականացման համար գործող իշխանությունները պետք է լուծեն կարեւորագույն կարճաժամկետ խնդիրը՝ համոզիչ հաղթանակ տանեն խորհրդարանական ընտրություններում։ Իսկ դա ներկայիս պայմաններում Սահակաշվիլու եւ նրա թիմի համար բավական բարդ խնդիր է, անգամ եթե հաշվի առնենք վարչական ռեսուրսների ու բացահայտ ուժային ճնշման «դասական» կիրառումը հօգուտ իշխող կուսակցության։ Ի դեպ, խորհրդարանական ընտրություններում պարզապես մեծամասնություն հավաքելը կնշանակի միայն կես հաղթանակ իշխող վերնախավի համար։ Շատ ավելի բարդ կլինի լեգիտիմացնել այդ հաղթանակը, որն, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի առանց վարչական ռեսուրսի կիրառման։ Այլ խոսքով՝ Սահակաշվիլուն եւ նրա թիմին անհրաժեշտ կլինի նաեւ հոկտեմբերի 1-ից հետո անցնել լուրջ հետընտրական զարգացումների միջով, քանի որ վերջին ամիսներին հանրային լուրջ աջակցություն ստացող ընդդիմությունը հազիվ թե հեշտությամբ համակերպվի ակնկալվող զանգվածային խախտումների հետ, որոնց մասին արդեն այսօր նախազգուշացնում են «Վրացական երազանք»-ի առաջնորդներն իրենց ընտրողներին ու միջազգային դիտորդներին։ 2012թ. ընտրությունները զգալիորեն տարբերվում են բոլոր նախորդներից, քանի որ Վրաստանի գործող իշխանությունների դեմ միանգամից մի քանի գործոն է հանդես գալիս. ընդդիմության ուժը եւ հասունությունը (Իվանիշվիլու շարժման «հովանու» տակ է հավաքվել ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը, որոնց դժվար է մեղադրել մարգինալ լինելու մեջ), միլիարդատեր Իվանիշվիլու լուրջ ֆինանսական հնարավորությունները (պաշտոնական տվյալներով՝ Վրաստանի ամենահարուստ մարդն է), ինչպես նաեւ այն, որ Արեւմուտքը «հոգնել» է Սահակաշվիլու արտառոց եւ հաճախ ավելորդ կտրուկ գործողություններից։ Ի վերջո, իրենց ազդեցությունը կունենա նաեւ վերջին տասնամյակում քաղաքական համակարգի պլյուրալիզացիան եւ համեմատաբար անկախ լրատվամիջոցների զարգացումը, ինչը նույնպես կգործի գործող նախագահի եւ նրա թիմի դեմ։ Համենայնդեպս, Իվանիշվիլու բազմամարդ հանրահավաքները երկրի կարեւոր քաղաքներում, նրա կողմնակիցների տվյալներով, որոնք տեղի են ունեցել մայիսի վերջին Թբիլիսիում եւ օգոստոսի 5-ին Բաթումում, հավաքել են ավելի քան 100 եւ 50 հազար մարդ՝ համապատասխանաբար։ Թվերը շատ ավելին են, քան իշխող կուսակցության եւ գործող նախագահի վերջին նախընտրական քաղաքական գործողությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են նաեւ «տեղերում» վարչական ռեսուրսի զգալի ներգրավմամբ։ Եվ այնուամենայնիվ, անգամ այս պայմաններում Սահակաշվիլին դեռ պահուստում ունի հին, բայց եւ բազմիցս կիրառված ու դեռ պահանջված քաղաքական հաղթաթուղթը՝ Արեւմուտքին անայլընտրանք կամային առաջնորդի իր ֆենոմեն/իմիջի ցուցադրումը «ոչ ադեկվատ» ընդդիմության ֆոնին։ Մինչեւ այժմ դա Սահակաշվիլուն միշտ թույլ է տվել առանց առանձնակի դժվարության օգտագործել իր «վարչական ռեսուրսը» միջազգային հանրության կարծիքի վրա եւ հաջողությամբ «կառավարել» ընտրությունները։ Բայց թե որքանով այդ հաղթաթուղթը, Վրաստանի նախագահի անզուսպ քաղաքական իմպրովիզացիայի հետ միասին, արդյունավետ կլինի այս անգամ, պարզ կդառնա արդեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում՝ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքում եւ ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիում տիրող իրավիճակին, ապա մինչեւ ընտրություններ առանձնակի քաղաքական զարգացումներ տեղի չեն ունենա։ Իշխանությունները, ինչպես սովորաբար, ոստիկանական-ուժային կոշտ հսկողության տակ գտնվող այս շրջանները կօգտագործեն որպես հայ եւ ադրբեջանցի ընտրողների ձայների ինքնատիպ «գանձանակ»։ Վարչական ռեսուրսների հանդեպ հանրային վերահսկողությունն այս շրջաններում միշտ ավելի ցածր է եղել, իսկ ոստիկանական հսկողությունը՝ միշտ ավելի բարձր, ինչը թույլ է տվել իշխանություններին այս շրջաններն ավելի բացահայտորեն օգտագործել իրենց օգտին ընտրողների ձայները «դասավորելու» համար։ Իսկ թե ինչպես կանդրադառնան ընտրությունների արդյունքները գերազանցապես հայաբնակ եւ ադրբեջանաբնակ շրջանների բնակիչների վրա՝ պարզ կդառնա միայն արդեն հոկտեմբերին։ Եվ ոչ միայն այս շրջանների, այլ նաեւ մնացած ողջ Վրաստանի բնակչության վրա նույնպես... Սերգեյ Մինասյան Պ.գ.թ., Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2012
  -   Յօդուածներ