Երեւանում է Լատուիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը


Երեւանում է Լատուիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը

  • 15-11-2012 12:16:42   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Լատուիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխաւորած պատուիրակութեանը: Ողջունելով հիւրին կառավարութիւնում վարչապետը նշել է. «Մենք մեծապէս կարեւորում ենք Լատուիայի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել` երկկողմ բազմակողմանի համագործակցութեան խորացման համար»: Լատուիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը եւս շահագրգռուած է Հայաստանի հետ յարաբարերութիւնների ընդլայնմամբ` տարբեր բնագաւառներում: Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցութեանը` զրուցակիցները կարեւորել են հայ-լատուիական առեւտրաշրջանառութեան մակարդակի բարձրացումը: Նշուել է, որ ներկայում ինտենսիւ աշխատանքներ են տարւում հայ-լատուիական միջկառավարական յանձնաժողովի ստեղծման ուղղութեամբ, որը նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը: Էդգարս Ռինկեւիչսը ողջունել է ԵՄ Արեւելեան գործընկերութեան շրջանակներում Հայաստանի կողմից իրականացուող լայնածաւալ բարեփոխումները եւ վստահութիւն յայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մէկը կը լինի, ում հետ կը ստորագրուի վիզայի դիւրացման համաձայնագիրը: Վարչապետ Սարգսեանը տեղեկացրել է, որ ակտիւ աշխատանքներ են տարւում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում եւ այժմ աւարտուել են վեց փուլերից բաղկացած բանակցութիւնների երկու փուլերը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Տիգրան Սարգսեանը նշել է, որ Հայաստանը շահագրգռուած է խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմամբ, փոխարէնն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակւում են հնչել ռազմական հռետորաբանութեամբ եւ ոչ կառուցողական յայտարարութիւններ: Տիգրան Սարգսեանը յիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրուած յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները շարունակում են մնալ սառեցուած` վերջինիս ապակառուցողական քաղաքականութեան հետեւանքով, ինչն արձանագրել են նաեւ ԱՄՆ-ը, Եւրամիութիւնը եւ Ռուսաստանը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Լատուիայի ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցութիւնների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
  -   Քաղաքական