ԿՀԳՄ-ում կազմակերպւել էր Ռ. Կորիւնի գրքի շնորհանդէսը


ԿՀԳՄ-ում կազմակերպւել էր Ռ. Կորիւնի գրքի շնորհանդէսը

  • 14-03-2011 14:10:26   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Նոր հայերէն գիրք էր լոյս տեսել, կազմակերպւել էր նրա շնորհանդէսը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան կողմից: Ինչ գեղեցիկ աւանդոյթ` մեծարել հեղինակին, այսինքն` փառաբանել հայ գիրն ու գրականութիւնը, փառաբանել նրա արարողին` Սբ. Մեսրոպ Մաշտոցին եւ նրանից շառաւիղւող ոսկեայ շղթան բիւր օղակներով: Իւրաքանչիւր հայ գրքի հեղինակ օղակւում է այդ շղթային: Շղթան հազարագանձ մեզ առաջնորդում է դէպի յաւերժութիւն: Շնորհանդէս էր, հինգշաբթի Մարտի 3, 2011 թիւ: Գարնան յաջորդող երրորդ օրը: Այս եղանակին գետինը զարթնում եւ եռում է: Բնութիւնը փթթում եւ ծաղկում է: Ահա Մարտեան օր, ասում են` Մարտը գիժ ամիս է, ամպագոռգոռ եւ յորդ անձրեւներով յղի, սակայն այդ օրը արեւոտ եւ երեկոյեան երկինքը զարդարւած էր մոգական աստղերով: Շնորհանդէսը զուգադիպում էր նաեւ Վարդանանքին: Ազգային եւ կրօնական տօն: Վարդանանք դարձան ոգեղէն աստղեր հայոց երկնքում էն վերից հսկելու, էն վերից արիութեան ոգի ներշնչելու քաջաց ընդդէմ թշնամաց: Շնորհանդէսի երեկոյին Գլենդէլի հանրային գրադարանի դահլիճը լեցուն էր հանդիսականներով: Հանդէսի մեկնարկումը կատարեց ԿՀԳՄ նախագահ` բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Նա մի շարք յայտարարութիւններից յետոյ տեղեկացրեց Հրանդ եւ Մանուշ Սիմոնեանների միջոցով միութեանս կատարւած տարեկան նւիրատւութեան մասին, ապա ամբիոն հրաւիրեց վիպասան Պօղոս Գիւպելեանին հանդիսավարելու երեկոն: Նա իր գրաւոր խօսքի մէջ ուրախութիւն յայտնելով շնորհանդէսի առիթով ասաց` «Այս երեկոյ Ռ. Կորիւնի` « Արեւավառ իմ երկիր » հատորին շուրջը հաւաքւած ենք տօնական ոգիով…Արձակ գործը գրւած դասական ուղղագրութեամբ լարւած հետաքրքրութեամբ կը կարդացւի…»: Ապա նա անդրադարձաւ միութեանս որդեգրած ուղեգծին նկատել տալով որ խտրականութիւն չի արւում գրքի շնորհանդէսի հարցում դիմողների նկատմամբ` «….Միութենէն ներս տիրող եղբայրական ոգին միայն վաստակաւորներուն չէ յատկացներ…»: Բեմ հրաւիրւեց երիտասարդ մտաւորական, բանասէր եւ «Լոյս» գրքերի հեղինակ Յովսէփ Նալբանդեանը ողջոյնի խօսք ասելու: Նա գնահատեց հեղինակին եւ նրա հրատարակած գրքերը ասելով` «…Ուրեմն` սիրելի Ռուբէնին պիտի ըսեմ, որ ան իր մեղեդին ունի, եթէ մեղեդի չունենար, չորս տարւայ մէջ երրորդ գիրքը հրատարակելու խիզախութիւնը չէր ունենար…»: Նա նկատի առնելով հեղինակի անցեալի ծառայութիւնները եւ ներկայի գրական աշխատանքները ասաց. «…Որպէս երկար տարիներու ազգային-հասարակական գործիչ հրապարակագրական քո շունչովդ թէ’ քայլ կը պահես հասարակութեան հետ եւ միեւնոյն ժամանակ մեր առօրեայ հոգսերը, ազգային խնդիրները հողորդակից կը դարձնես մեր ժողովրդին»: Այնուհետեւ նա ընթերցեց հեղինակի կենսագրութիւնը: Գրքից ընթերցում կատարեցին` Այլին եւ Արեւիկ Քէշիշեաններըը, նրանք իրենց արտայայտիչ ընթերցումներով գրքի ոգին արտայայտող պատառիկներ հրամցրեցին լսարանին արժանանալով գնահատանքի: Մեր սիրելի մայեստրօ Հենրիկ Անասեանի ելոյթը, գոհունակութեամբ ընկալւեց, թէ մտքերով եւ թէ հետաքրքիր ազդեցիկ առոգանութեամբ, նա սրտցաւութեամբ եւ ուրախութեամբ գնահատեց ու քաջալերեց Ռ.Կորիւնին շարունակելու եւ ստեղծագործելու գեղարւեստի ոգուն հաւատարիմ ձգտումով: նա իր գրաւոր ողջոյնի խօսքում այսպէս է գրում` «Ռուբէ’ն ջան, եղբայր պատւակա’ն, նկատելի է, որ դու բան ես ուզում ասել, ասելիք ունես: Դա’ լաւ է, շա’տ լաւ, խնդիրը ասելու արւեստի մէջ է…»: Նրա ելոյթին միախառնւած էր նաեւ գրականագէտի ակնարկ արժեւորում : Ուղերձներ էին յղւել մեծարւողին` Իրան Քամարա Լիլիան հայ յանձնախմբի եւ ընկերների կողմից, որոնք ընթերցւեցին հանդիսավարի միջոցով: Միտք բանին գնահատանք էր գրքի հեղինակի անցեալի ծառայութեամբ կեանքի մասին եւ թէ «Արեւավառ իմ երկիր » գրքի հրատարակութեան առիթով շնորհաւորանքներ: Մեր սիրելի Ջանիբեկը բեմ հրաւիրւեց, նա իր համեստութեամբ եւ գրողի բարձր գիտակցութեամբ շնորհաւորեց հեղինակին ասելով` «Շատ ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է հաւաքւել, որովհետեւ գրողի երազանքը իրականացել է…Անասեան մարդու համով խօսքերը լսելուց յետոյ, չեմ գիտի, իմ խօսքն ինչպէս արտայայտեմ»: Նա ողջոյնի խօսքը այսպէս է աւարտում. «Մենք էլ, Ռ. Կորիւն, քո գրչակից ընկերներ եւ թէ ընթերցող-բարեկամներ, սրտալի ձեռնւենք ու սրտալի մաղթենք` այսուհետեւ նոյնպէս ճամփիդ լոյս-բարին շատ լինի եւ նորանոր երկունքներով ներկայանաս»: Իւրաքանչիւր հեղինակ ցանկանում է, որ իր գրքի մասին գրւի եւ խօսւի, մտքերի թարմութեան, մտածելակերպի, շարահիւսութեան, ուղղագրութեան, ոճի, ժանրի, անւան եւ շապիկի մասին ի միոյ բանիւ գրքի իրական պատկերը երեւան գայ, անաչառ եւ անկողմնակալ գնահատականներ լսի եւ կարդայ: Սրաթափանց եւ բանիմաց գրաքննադատի գործ է սա, պրիզմակով հայեցող, որ երեւան բերի իրականն ու անիրականը, հարազատն ու անհարազատը, գեղեցիկն ու տգեղը, ազգայինն ու ապազգայինը, հայրենասիրութիւնն ու օտարամոլութիւնը, մարդասիրութիւնն ու ժողովրդասիրութիւնը, մէկ խօսքով գրքի էութիւնը ի յայտ բերելու անաչառ նախանձախնդրութեամբ: Գրքի արժեւորման տեսակէտից սիրով յանձն էր առել բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Նա իր գրաւոր գրախօսականում անդրադարձաւ գրքի տարբեր գլուխների վերլուծութեան ներկայացնելով իր գնահատականը, բերում ենք նրա ելոյթից պարբերութիւններ, նա այսպէս է բնութագրում գիրքը. «Աշխարհաճանաչութեան իր պրպտումների մէջ Ռ. Կորիւնը աւելի դիտող ու ճանաչող է, մտածող, կշռադատող, ապա զգացող: Ինքնաճանաչման եւ ինքնահաստատման առհաւատչեան են կազմում նրա տրամաբանութիւնը եւ եզրահանգումները: Նա գրում է մտածումով, յիշողութեամբ…»: Մի այլ պարբերութեամբ նա գրում է` «Կեանքի ու աշխարհքի հանդէպ աշխարհայեցողութեամբ լաւատեսօրէն հաւատաւոր, ձգտում է լաւին ու բարուն… Գրականութիւնը նրա համար նւիրական գործ է, այդ սիրով է նա տոգորւած գրում իր էջերը»: Գրաքննադատ Գրիշ Դաւթեանը գրքի պատմւածքների նկատմամբ իր տեսակէտն ու կարծիքն է նկատելի դարձնում ասելով` «Պատմւածքները անձնական կեանքի, հանդիպումների, խօսակցութիւնների շարադրանքներ են, իրական, իրապաշտօրէն անկեղծութեամբ գրւած: Այնուամենայնիւ, տոգորւած են լաւն ու բարին, իրաւն ու արդարութիւնը պաշտպանող մարդկային ու հեղինակային ազնիւ կողմնորոշմամբ»: Նա իր անաչառ գրաւոր խօսքը այսպէս է աւարտում. «…Նրա արւեստի հիմնական ձեւը հեղինակային անկեղծութիւնն է, գրական բնոյթը` կեանքի հետ նրա փոխյարաբերութեան վիճակի արտայայտութիւնն է »: Բանաստեղծ եւ երգիծաբան Ներսէս Տէր Մեսրոպեանը ուրախ եւ խանդավառ տրամադրութեամբ խօսքն ուղղելով հեղինակին ասաց` «Իրանահայ միութեան գրադարան-ընթերցարանի ընկերների եւ Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսաթերթի վարչութեան կողմից ջերմօրէն ողջունում եմ մեր սիրելի` Ռ. Կորիւնի երրորդ գրքի հրատարակչութիւնը, որը իմ տեսակէտով մի կատարեալ յաղթանակ եղաւ իր համար: Գիրքը թէ’ ներքին բովանդակութեամբ եւ թէ’ արտաքին կազմւածքով բացառիկ էր…»: Յաջորդ սրտի խօսք ասողը Խորէն Արամունին էր, նա ասաց. «Ուրախ եմ Ռուբէնի հետ ծանօթանալուս համար, նրա կենսագրութիւնը արդէն ինձ յայտնի է»: Նրա կարծիքով լսարանը շատ լուրջ էր, իբր ոգեւորութիւն առաջացնելու միտումով հիւմորով խօսքեր ասաց… Անդրադառնալով գրքի խորագրին ասաց` «Սա այն սիրտն է մեր Ռուբէնի կրծքի տակ, որ վառւում է հայրենիքի համար: Ռուբէնը ահաւոր հայրենասէր է, «չմտածող հայրենասէր», այսինքն չի կարող որեւէ վատ բան ընդունել հայրենիքի մասին…»: Հայրենիքը սիրւում է բանականութեամբ, հայրենիքի սէրն ու կարօտը անժխտելի իրականութիւն է: Խորէնը գրքի լեզուն նմանեցրեց հարազատ մեր իրանահայ պապերի լեզւին, ուրիշ տեսակ էլ չի կարող լինի, մենք մեր արմատներից ենք սնունդ ստանում: Միութեանս քարտուղար բանաստեղծ Գարուշ Յարեանցը իր սիրասուն դստեր ամուսնութեան պատճառով երեկոյից բացակայում էր: Այդ առիթով շնորհաւորում ենք` մաղթելով նորապսակ զոյգերին երջանիկ կեանք: Նրա սրտի խօսք` «Րաֆֆու աւանդների յաջորդը» (գրչակցի յորդորը), որը տպւել է գրքի մէջ, ընթերցեց Արսինէ Վարդազարեանը տպաւորիչ առոգանութեամբ արժանանալով ծափերի: Բեմ հրաւիրւեց տիկ. Նւարդ Առաքելեանը, իրանագէտ բանասէր, թարգմանիչ, ժամանակին դասախօս եւ հաղորդավար խմբագիր: Նա ներկայացել էր Փերիոյ Ազգագրական միութեան կողմից ողջոյնի խօսք ասելու: Նա ուրախութիւն յայտնեց, որ քառասուն տարի առաջ Թեհրանում հեղինակի դպրոցական սաներից է եղել` « Թեհրանի հայոց ազգային «Թունեան» դպրոցի նախկին սանիս մտքովն անգամ չէր անցնի ներկայ գտնւելու Ռ. Կորիւնի գրքի շնորհանդէսին»: Նա շնորհաւորեց Վարդանանքը: Նա պատմութեան ակնարկ արեց Սասանեանների եւ Սեֆեվեանների վարած հայավնաս քաղաքականութեան մասին: Նա շնորհաւորելով գիրքն ասաց` «…Ձեր բոլոր նախկին սաների, ինչպէս նաեւ ուսուցիչ գործընկերների անունից եւ Փերիոյ միութեան անունից, շնորհաւորում ենք գրքի շնորհանդէսը մաղթելով նորանոր գրքերի ծնունդ»: Նա շարունակելով խօսքը. «Ռ.Կորիւնի գիրքը մեզ ներկայանում է որպէս հիւսւած իրական պատմութիւններ: Գիրքը դիւրընթեռնելի է…Լեզուն շաղախւած է գրաբարեան հարուստ արտայայտչամիջոցներով… Հեղինակը հայ քաղաքացուն ասելիք ունի »: մի այլ հատւածով. «…Գիրքը իւրօրինակ արժէք է ներկայացնում մեր ժամանակների կեանքն ուսումնասիրող նաեւ յաջորդ սերունդների համար…»: Յարգելի դասախօսը գրքից ընթերցում է կատարում հաստատելու հեղինակի մտահոգութիւնները ուծացման գնացող ներկայ սերնդի մասին »: Բեմ հրաւիրւեց մեր միութեան հանդիպուներին մասնակցող եւ օգտաշատ սիրելի Վահէ Աւետիսեանը, նա անկեղծ սրտի յուզական բառերով շնորհաւորեց հեղինակին եւ գովաբանեց ելոյթ ունեցողներին: Նա հիացմունքով արտայայտւեց գրքի խորագրի եւ շապիկի պատկերի ու նրա հեղինակ մեծն արւեստագէտ Մարտիրոս Սարեանի մասին: Ապա գրքի շապիկի պատկերով պատրաստւած հրաւիրատոմսը խոշորացրած եւ շրջանակած նւիրեց հեղինակին: Նախքան գինեձօնի արարողութիւնը հեղինակը երկխօսք գրութիւնով բոլոր մասնակիցներից սրտագինս շնորհակալութիւն յայտնեց ասելով. «Այս հոգեպարար երեկոյին, քաղցր ու յուզախառն հոգեվիճակ է ինձ պարուրել ի տես այս պատւական ներկայութիւնը մեծարանքի, մասնաւորաբար` տաղանդաւոր գրչի ու բանի հեղինակ անձերի…»: Հետաքրքիր երեկոյ, ներկաները մասնակցեցին գինեձօնին, բոսոր գինին հայկական կաթիլ-կաթիլ հեղւում էր նորալոյս գրքի էջերին , ողջ գիրքը թաթախւեց հայոց երկրի արեւավառ խաղողի բերքով, ինչպէս Սբ. Ծնունդի եւ Սբ. Զատկի թաթախման գիշերը իւրաքանչիւր հայ ընտանիքի սեղանին եկեղեցուց բերւած նշխարքը թաթախւում եւ լուծւում է գինու մէջ, որից մասունք սրբութեան Յիսուսի արիւնն ու մարմինը խորհրդանշող բաժանւում է ընտանիքի անդամների մէջ որպէս ծումի կամ պասի լրման նշան, մեղքերի քաւութեան ու թողութեան Սբ. հաղորդութիւն: Գինովացած գիրքը յիշատակ պահւեց: Բացառիկ երեկոյ, մեծարանքի գեղեցիկ հանդիսութիւն: Գոհ հանդէսից, գոհ հիւրասիրութիւնից ներկաները թողեցին սրահը բարձր տրամադրութեամբ: Այլին Ք. Մարտի 8, 2011 Գլենդէլ, Լոս Անջելէս
  -   Մամլո հաղորդագրություն