ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը երկկողմ հանդիպումներ ունեցաւ Սանկտ Պետերբուրգում


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը երկկողմ հանդիպումներ ունեցաւ Սանկտ Պետերբուրգում

  • 23-11-2012 11:25:58   | Ռուսաստան  |  Քաղաքական

 

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը երկկողմ հանդիպումներ ունեցաւ Ռուսաստանի Դաշնութեան Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահ Վալենտինա Մատուիենկոյի հետ: 
ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիւացմանը, միջազգային խորհրդարանական կառոյցներում համագործակցութեանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր: 
Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցութեան ամրապնդման գործում կարեւորեց իր պաշտօնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցութեան յետագայ խորացումը եւ զարգացումը, կարեւորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի էլ աւելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում պարոն Նարիշկինը կարեւոր համարեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական յանձնաժողովի գործունէութիւնը, որի առաջիկայ նիստը տեղի կ'ունենայ նոյեմբերի 29-ին Երեւանում: Նրա համոզմամբ` յանձնաժողովի աշխատանքը էապէս նպաստում է ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալութիւն յայտնեց պարոն Աբրահամեանին ՀԱՊԿ Միաւորուած շտաբի եւ ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետութիւննէի պաշտպանութեան ու անվտանգութեան հարցերով յանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար: 
ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը գոհունակութեամբ փաստեց, որ հայ-ռուսական կապերը ակտիւ զարգանում են, ինչին նպաստեց նաեւ Սերգեյ Նարիշկինի պաշտօնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի յետագայ զարգացումը, միջազգային խորհրդարանական կառոյցներում համագործակցութեան խորացումը: Յովիկ Աբրահամեանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորութիւն է տալիս ՀԱՊԿ-ի գործունեւութեանը: Կազմակերպութիւնը, նրա խօսքով, կայացած ռազմաքաղաքական կառոյց է եւ հետխորհրդային տարածքում կայունութեան պահպանման կարեւոր գործօն: Նրա համոզմամբ` բաւականին արդիւնաւէտ է նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունէութիւնը: ԱԺ նախագահի կարծիքով` որպէս ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպութեան կանոնադիր մարմինների փոխգործակցութեան արդիւնաւէտ օրինակ կարելի նաեւ համարել ՀԱՊԿ Միաւորուած շտաբի եւ պաշտպանութեան ու անվտանգութեան հարցերով յանձնաժողովների նախագահների երեւանեան նիստը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացմանը առնչուող այլ հարցեր եւս: 
Նոյն օրը ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպում ունեցաւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահ Վալենտինա Մատուիենկոյի հետ: 
Տիկին Մատուիենկոն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է եւ բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական յարաբերութիւնների ամրապնդման գործում: Անդրադառնալով յուլիսին Հայաստան կատարած իր պաշտօնական այցին եւ ջերմութեամբ յիշելով այն, նա իր եւ պատուիրակութեան անունից եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնեց Յովիկ Աբրահամեանին ջերմ ընդունելութեան համար: Վալենտինա Մատուիենկոն կարեւորեց եւ արդիւնաւէտ գնահատեց իր պաշտօնական այցը Հայաստան եւ նշեց, որ այցից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւնները թեւակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատուիենկոն կարեւորեց միջխորհրդարանական կապերի յետագայ խորացումը: ՌԴ Դաշնութեան խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ ՀՀ իշխանութիւնների գործունէութիւնը վերջին տարիներին երկրի առաջընթացի եւ հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացման գործում եւ վստահութիւն յայտնեց, որ այս ամէնը գիտակցում է եւ ըստ արժանուոյն կը գնահատի Հայաստանի ժողովուրդը: 
Պարոն Աբրահամեանը գոհունակութեամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցութեան եւ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապէս կարեւորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղութիւններով փոխգործակցութեան յետագայ խորացումը եւ ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցութեան ամրապնդման գործում նա նոյնպէս բարձր գնահատեց տիկին Մատուիենկոյի պաշտօնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունէութեանը` Յովիկ Աբրահամեանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր նշանակութիւն ունի ԱՊՀ անդամ երկրների կեանքում եւ մեծ ներդրում է ունեցել ազգային օրէնսդրութեան զարգացման, միջխորհրդարանական համագործակցութեան խթանման, տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործում: Երկուստէք կարեւորուեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջխորհրդարանական յանձնաժողովի գործունէութիւնը: 
Հանդիպման վերջում Վալենտինա Մատուիենկոն Յովիկ Աբրահամեանին պաշտօնական այցով հրաւիրեց Ռուսաստան: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր եւս: 
 
  -   Քաղաքական