ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումը՝ ազգային-հասարակական եւ միութենական ներկայացուցիչների հետ


ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումը՝ ազգային-հասարակական եւ միութենական ներկայացուցիչների հետ

  • 10-03-2011 13:58:07   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 10 մարտի 2011 թ. Անքակտելիօրէն Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը շաղկապւած են Հայ Դատի յանձնախմբերն ու նրանց նւիրական ու ծաւալուն հայրենանւէր աշխատանքները՝ ի Սփիւռս աշխարհի, որոնցից, ինչպէս երէկ «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում կայացած հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, սարսափած՝ «Թուրքիան պարտաւորւեց յայտարարել, որ մենք Եւրոպայում դիմագրաւում ենք հայկական ցունամին: Անդրադառնալով հայկական լաբբիինգի աշխատանքներին՝ ցունամի կոչեց դա եւ յատուկ բիւջէ յատկացրեց՝ այդ աշխատանքները չէզոքացնելու համար»՝ յաւելելով, որ նոյնիսկ համագործակցութեան մէջ մտաւ Ադրբեջանի հետ, ուժերը համատեղեցին եւ փորձեցին մեծ բիւջէով, որ գուցէ հարիւր անգամ գերակշռում էր այն բիւջէին, որ Հայ Դատի գրասենեակներն են տրամադրում այդ գործերին, ստեղծել կառոյց՝ չէզոքացնելու կամ հակակշռելու համար մեր կողմից ձեռնարկւած աշխատանքներին: Առաւել յստակեցնելով միտքը՝ պրն. Մարգարեանը նշեց. «Ի՞նչ է սա. իրականութեան մէջ, Հայ Դատ հասկացութիւնը, Հայ Դատի յանձնախումբ հասկացութիւնը հէնց Դաշնակցութիւնն է, աւելի ճիշտ՝ սփիւռքահայութեան քաղաքական կազմակերպւածութիւնն է»: Շտապեցինք Բիւրոյի ներկայացուցչի խօսքի կարեւոր մէջբերմամբ սկսել մեր լրատւութիւնը եւ ապա նոր անցնել երէկ կայացած հանդիպման մանրամասներին: Ինչպէս նշեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ ճրտգ. Գեւիկ Մկրտչեանը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի այցը պատեհ համարելով՝ որոշւեց նախաձեռնել այս հանդիպումը՝ ազգային-հասարակական միաւորների ներկայացուցիչների հետ, որտեղ Բիւրոյի ներկայացուցիչը հակիրճ զեկոյց կը ներկայացնի համահայկական տարողութեամբ աշխատանքների, ինչպէս նաեւ Հայաստանում քաղաքական վերջին անցուդարձերի ու զարգացումների մասին եւ իրապէս էլ Հրանտ Մարգարեանի խօսքը հիմնւեց վերը նշւած ազգային առումով յոյժ կարեւոր հարցերին, որոնցից չէր էլ կարող տարանջատւել Ղարաբաղեան հիմնահարցն ու Ջաւախքը՝ որպէս Հայ Դատի ամբողջութիւն: Վերջում Հրանտ Մարգարեանին ուղղւեցին հարցեր, որոնց բնոյթի հիմքում հէնց քաղաքական իրադարձութիւնների լոյսի տակ առաջացած հարցերն էին:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը