Ժողով Կիպրոսում


Ժողով Կիպրոսում

  • 07-03-2011 17:50:02   |   |  Մամլո հաղորդագրություն
Կիպրոսում, Այի Նապայի վանքում, մարտի 3-ին Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները մէկշաբաթեայ խորհրդակցութիւն սկսեցին` ուսումնասիրելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հաւատք եւ Կարգ» յանձնախմբի ստեղծած «Եկեղեցու բնոյթն ու առաքելութիւնը» փաստաթուղթը: Խորհրդակցութեան նպատակն է համաշխարհային քննարկման նիւթ դարձած եկեղեցաբանութեան ընկալման վերաբերեալ ներկայացնել Ուղղափառ Եկեղեցիների տեսակէտը: Հաւաքը հիւրընկալւում է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցին: Հաւաքին մասնակցում էն շուրջ 40 հոգեւորականներ, աստուածաբաններ, երիտասարդներ, ԵՀԽ անդամ Արեւելեան Ուղղափառ եւ Հին Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հաւաքին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրէն, «Հաւատք եւ Կարգ» յանձնախմբի անդամ Տ. Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեանը: Ժողովի բացումը կատարեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Ամենապատուութիւն Քրիզոստոմոս արքեպիսկոպոսը: Ապա բացման խօսքով հանդէս եկաւ ԵՀԽ փոխատենապետ, խորհրդակցութեան ատենապետ Սասիմայի Գենադիոս միտրոպոլիտը: Ողջոյնի իր խօսքում ԵՀԽ գլխաւոր քարտուղար Օլաւ Թուեյթն անդրադարձաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եկեղեցաբանական ընկալման հարցի շուրջ Ուղղափառ Եկեղեցիների բերած կարեւոր ներդրմանը, խօսեց առաջիկայում Եամայկայում կայանալիք Խաղաղութեան կոնֆերանսի մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական Համակարգ Մարտի 7, 2011 թ.
  -   Մամլո հաղորդագրություն