Էդուարդ Շարմազանով. «Միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը»<br />


Էդուարդ Շարմազանով. «Միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը»

  • 01-03-2011 20:45:19   | Հայաստան  |  Քաղաքական
2008թ. մարտի 1-2-ի իրադարձութիւնները երեւան հանեցին վրէժխնդրութեան, քաղաքական նիհիլիզմի այնպիսի չափաբաժին, որը հասարակութեանը կանգնեցրեց պառակտման եզրին։ Մարտի 1-ին Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին այս մասին յայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղար եւ ՀՀԿ մամլոյ քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այդ դէպքերը բնորոշելով որպէս «ցաւալի, անընդունելի , խիստ վտանգաւոր իրադարձութիւններ, որոնք իսկական փորձութիւն էին հասարակութեան համար»։ Ըստ իշխող կուսակցութեան ներկայացուցչի, նախագահական ընտրութիւններին հետեւած իրադարձութիւնները առաւել ցայտուն ցուցադրեցին պետական եւ քաղաքական ինստիտուտների ոչ լիարժէք կայացուածութիւնը։ «Յարկ է նշել, որ ընտրական համակարգի, քաղաքական ուժերի, մամուլի, հաւաքների, ինչպէս նաեւ այլ ազատութիւնների ոչ լիարժէքութիւնն է, որ հնարաւորութիւն տուեց գլուխ բարձրացնել չարութեանն ու անհանդուրժողականութեանը։ Կարծում ենք, որ եթէ աւելի զարգացած լինէին քաղաքացիական հասարակութեան ինստիտուտները, աւելի պատասխանատու լինէին որոշ քաղաքական ուժեր, աւելի արհեստավարժ եւ տեխնիկապէս յագեցած լինէր իրաւապահ համակարգը, հնարաւոր կը լինէր կանխարգելել այդ ցաւալի դէպքերը»,- ասաց Է.Շարմազանովը։ Նա դէպքերից երեք տարի անց արձանագրեց, որ «միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը, վերջնականապէս չանցնելով պառակտման գիծը»։ Ըստ նրա, դա հնարաւոր եղաւ նաեւ երկրի իշխանութիւնների քաղաքական կամքի եւ բարեփոխումների արդիւնքում, որի վառ օրինակներից մէկը ՀՀ նախագահի կողմից Հայաստանի նորագոյն պատմութեան ընթացքում իրականացուած ամենալայնամասշտաբ համաներումն էր։ Է.Շարմազանովը կարեւոր անելիք է համարում հասարակութեան միաւորումը՝ երկխօսելու եւ հանդուրժելու մշակոյթ ձեւաւորելու ճանապարհով։ Է.Շարմազանովը միասնականութեան եւ միասնական պատասխանատուութեան տեսանկիւնից կարեւորեց նաեւ կոալիցիոն ուժերի համատեղ քաղաքական յայտարարութիւնը, որի համաձայն նրանք պատրաստակամութիւն էն յայտնել նախագահ Սարգսեանի գլխաւորութեամբ միասնական ջանքերով ձեռնամուխ լինել լայնամասշտաբ բարեփոխումների։ «Եթէ ոմանց անհրաժեշտ էն ուժեղ ցնցումներ, ապա մեր հասարակութեանը անհրաժեշտ է միայն ու միայն ուժեղ Հայաստան»,- ասաց Է.Շարմազանովը։
  -   Քաղաքական