Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար յաջողուած համատիրութիւններին աջակցելու նպատակով


Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար յաջողուած համատիրութիւններին աջակցելու նպատակով

  • 28-02-2011 18:53:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համատիրութիւնների աշխատանքը պէտք է կայանայ համակարգային առումով, նշել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը հերթական աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում, որտեղ ներկայացուել է 2010թ.-ին համատիրութիւնների աշխատանքային գործունէութեան վերաբերեալ տեղեկատուութիւնը, ինչպէս նաեւ վարչական շրջանների եւ համատիրութիւնների համատեղ կազմած 2011թ.-ի ծրագրերը: Քաղաքապետի համոզմամբ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար յաջողուած համատիրութիւններին աջակցելու նպատակով, ինչն իր հերթին խթան կը հանդիսանայ միւսների համար. ,այսինքն` օգնենք կայացածին: Սա, համոզուած եմ, աւելի արդիւնաւէտ կլինիէ,-ասել է քաղաքապետը: Վարչական շրջանների ղեկավարներին առաջարկուել է պարբերաբար խորհրդակցութիւններ կազմակերպել համատիրութիւնների հետ, բացի այդ նոյնական եւ պարզ ձեւ մշակել համատիրութիւնների կողմից օրէնքով սահմանուած կարգով ներկայացուող հաշուետուութիւնների համար: Անդրադառնալով Երեւան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարութեան ժամկէտների խախտումներին, Կարէն Կարապետեանը յանձնարարել է հետեւողականօրէն շարունակել աշխատանքը եւ օրէնքով նախատեսուած միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղութեամբ. <<Մեզ համար նախ եւ առաջ պէտք է յստակ լինի, թէ քանի՞ կառուցապատող կայ քաղաքում, ո՞վ է սեփականութեան իրաւունքով կամ վարձակալութեամբ հող վերցրել ու դրանից յետոյ ժամկէտների համար չի դիմել: Գոյքագրման արդիւնքում լիարժէք պատկեր ունենալուց յետոյ կառուցապատողների պայմանագրերի մասին տեղեկատուութիւնը ուղղորդել վարչական շրջաններ եւ հետեւողական հսկողութիւն իրականացնել պարտաւորութիւնների հետ կապուած>>,- ընդգծել է քաղաքապետը: Շեշտուել է, որ շինարարութեան ժամկէտների պահպանումը լինելու է ոչ թէ միանուագ ակցիայ, այլ կրելու է ամենօրեայ աշխատանքային բնոյթ: Գործարար միջավայրի բարելաւման եւ ներդրումային միջոցների ներգրաւման հետ կապուած, Կարէն Կարապետեանն ընդգծել է իրաւական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու եւ ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտութիւնը, յանձնարարելով` ներկայացնել համապատասխան առաջարկութիւններ: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ շփումը պէտք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրաւաբանական անձանց դիմումների, գրութիւնների, ինչպէս նաեւ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցուած, շեշտել է Կարէն Կարապետեանը: Խօսելով մայրաքաղաքի վերելակային տնտեսութեան բարելաւման անհրաժեշտութեան շուրջ, Երեւանի քաղաքապետը յանձնարարել է մշակել յստակ հայեցակարգ, որը իրատեսօրէն կը դիտարկի վերելակային տնտեսութեան առկայ խնդիրները: Ըստ այդմ, յանձնարարուել է հաշուարկել մայրաքաղաքում առկայ վերելակների վերանորոգման եւ նորացման համար անհրաժեշտ միջոցները եւ համապատասխան առաջարկ ներկայացնել այդ նպատակով վարկային եւ ներդրումային ծրագրեր ներգրաւելու համար: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Տնտեսութիւն