Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին


Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին

  • 25-02-2011 22:35:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կոզեռն թաղամասի բնակիչների 5-ամեայ բլոկադան մօտեցաւ այն անջրպետին, որը կոչւում է <<չկիրառուող օրէնք>> եւ <<չարամիտ պաշտօնեայ>>, որոնք առաջին իսկ պահից ծառայեցին ձեռք բերողի բացառիկ գերակայ շահին: Անտեսելով վաղեմութեան ժամկէտի աւարտուած լինելու փաստը ձեռք բերողը կատարեց օրէնքի տարրին չհամապատասխանող գնային առաջարկ, որի հետ չէին ներկայացուել սեփականութեան նկարագրութեան արձանագրութեան գնահատման հաշուետուութիւնը, կառավարութեան եւ ձեռք բերողի պայմանագիրը, նաեւ ձեռք բերողի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները: Վերոյիշեալի վերաբերեալ թաղամեասի բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարանի Ծիգ-ին եւ << Լոկալ Դիւելոփըլրզ>> Սպը-ին: Պատասխանն առ այսօր չի ստացուել: Կոզեռն թաղամասում արշալոյսների թուացեալ խաղաղութիւնը ուղեկցւում է բնակիչների տագնապով, քանի որ նրանց մօտ կան բազմաթիւ յուզող հարցեր: Սակայն ոչ քաղաքապետարանի Ծիգ-ից , ոչ էլ ձեռք բերողի կողմից առ այսօր որեւէ անգամ չի եղել այցելութիւն թաղամաս, որպէսզի բնակչութեանը յուզող հարցերին պատասխան տան: Իրացումով անցած տարածքներում նկարահանուած փաստավաւերագրական ֆիլմերը, լուսանկարները եւ բնակիչների պատմածները ցոյց են տալիս իրացուող տարածքների վաղուայ օրը: Սեփականութեան իրացման օրէնքը դառնում է դատավճիռ, իսկ տարածքներն իրացման գօտու մէջ ընդգրկելը` մեղադրական եզրակացութիւն. դատավճռով եւ հարկադիր ծառայութեան միջոցով բնակիչներին դուրս են հրում իրենց բնօրրաններից: Մի խօսքով ժողովրդի վրայ քշում են մի ուղեգլան , որը աշխատում է վերոյիշեալ մոդելով: Անամօթութիւնը հասել է այն աստիճանի, որ անօրինականութիւնը ներկայացւում է որպէս օրէնք, որին զուգահեռ աշխատում են ներդրուած <<Փանջունիներ>> , որ ժողովուրդը օրէնքը չճանաչելով անվերապահօրէն իր սեփականութիւնը յանձնի քմահաճ յանցաւոր թալանին: Ո'վ պէտք է տէր կանգնի օրէնքին, որը մինչեւ այսօր չի պահպանւում: Եւ վերջապէս ե'րբ պէտք է օրէնքը յարգուի ու կանգնեցուի իր իսկական ուղու վրայ: Ե'րբ պէտք է կեղծ օրինական քօղը պատռուի ու երեւա արդարութիւնը: Եւ ի վերջոյ, ոչ ոք շուկայում ինքնակամ, իր որոշած գնով չի վերցնում ապրանքը առանց վաճառողից գինը հարցնելու`վաճառողի բուռը խցկելով իրական արժէքից մի քանի անգամ ցածր գին եւ սպառնալիքներով հեռանում` համարելով առեւտուրը կայացած: Ով այդ թոհ ու բոհով անցել է ու տեսել արտասուքներ երեխաների աչքերում, չի մոռացել սրտի ցաւն ու հոգեկան ապրումները, վիրաւորանքն ու պետութեան կողմից չպաշտպանուած լինելը, ինքն իրեն ի հարկէ ասում է.<< Ահա թէ որն է բացառիկ գերակայ շահը>>: Վիրաւորանքը, զրկանքը եւ կորուստը, այն էլ հայրենակցի կողմից մարդկանց սրտերում առաջացնում է լքուածութիւն, որը տանում է գաղթի: 19.02.2009 թ. ՀՀ Կառավարութեան 168-ն որոշմամբ տարածքը նախատեսուած էր քաղաքաշինական նպատակների համար եւ բնականաբար պէտք է կառուցուեն բազմաբնակարանային շէնքեր: Եթէ մենք ձեռքի տակ ունենաինք այն ծրագիրը, որը պէտք է իրականացուէր Կոզեռն թաղամասում, մենք կը կարողանայինք հաշուել ձեռք բերողի շահոյթն ու եկամուտի չափը, սակայն այսօր դա կարելի է անել մօտաւոր հաշուարկների հիման վրայ: <<Լոկալ Դիւելոփլըրզ>> - ի շէնքերը մայրաքաղաքում կառուցւում են 16 յարկից ոչ ցածր, իսկ եթէ մեր թաղամասում կառուցուեն անգամ կէսը, իրացնողը կ'ունենայ 300 %-անոց շահոյթ: Մենք ունենք հաշուարկ /անհրաժեշտութեան դէպքում կարող ենք ներկայացնել/, որ այդ 300 %-անոց եկամուտի չափը մօտ 200 մլն. ԱՄՆ դոլլար է: Այս պայմաններում ասենք նաեւ, որ թաղամասի բնակիչներին արուած գնային առաջարկի ընդհանուր գումարը կազմել է մօտ 5 – 6 մլն. ԱՄՆ դոլլար, իսկ բնակ.մակերեսով փոխհատուցումը կարող է կազմել ընդամէնը 1 -2 մլն. ԱՄՆ դոլլարով աւել: Թաղամասի բնակչութիւնը, եթէ իր ձեռքի տակ չունենայ ձեռք բերողի գնահատման հաշուետուութիւնը, ստիպուած կը լինի առանց համեմատութեան գնահատել եւ ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի Ծիգ-ին եւ ձեռքբերողին իր սեփականութեան գնահատման առարկութիւնը եւ իր իսկ առաջարկը: Եթէ քաղաքացուց վերցնում են հողատարածք, ուրեմն պէտք է բարի լինեն վճարել այդ հողատարածքի համար առանձին, շինութիւնների համար առանձին եւ նրանց հանրագումարի յաւելեալ 15 %-ը , որը օրէնքի 11 յօդուածի 1-ին եւ 2-րդ կէտերի պահանջն է: Ի հարկէ գլխաւոր պրոբլեմը փողն է, բայց եթէ կատարւում է առք ու վաճառք եւ օրէնքի պահանջը արդարացի առեւտուրն է, պէտք է պահպանել առեւտրի կանոնները: Աւելացնենք նաեւ այն, որ ձեռք բերողի ընդհանուր առաջարկը, եթէ համեմատենք տարածքի չափերի հետ պարզւում է , որ 1 հա համար առաջարկւում է մօտարուորապէս 1,2 մլն դոլլար: Մի'թէ Երեւան քաղաքի մասնաւոր շէնքերի բնակտարածքի կառուցապատուած 1 հա այդքան արժէ: Ուստի թաղամասի բնակիչները նորից մնում են այն համոզմունքին, որ այս ձեռքբերողի հետ գործարքը հնարաւոր չէ: Թաղամասի բնակչութիւնը առընչուելով ներկայ գործընթացի զարգացումներին եւ առաջնորդուելով Հասարակութեան եւ Պետութեան կարիքների համար սեփականութեան օտարման մասին օրէնքի լրացումներից, որն ընդունուել է 19.05.2009 թուականին եւ հաստատուել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից 27.05.2009 թուականին, խնդրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին գործուն միջամտութեամբ նախատեսուած պետութեան անունից պայմանագիրը կնքելու լիազօրութիւնը, որպէս պատուիրակուած լիազօրութիւն վերապահելու Երեւանի քաղաքապետին` յոյս ունենալով, որ պետական մարմինը կը կատարի օրէնքի պահանջը եւ բնակչութեանը հեռու կը պահի դատական վէճերից եւ աւելորդ էքսցեսներից:
  -   Մամլո հաղորդագրություն