Թեհրանի հայոց թեմի առաջնորդը «Ասպետ»-ի շքանշանով է պարգեւատրել Ռաշտի եւ Անզալիի երկու ազգայինների


Թեհրանի հայոց թեմի առաջնորդը «Ասպետ»-ի շքանշանով է պարգեւատրել Ռաշտի եւ Անզալիի երկու ազգայինների

  • 15-02-2011 15:11:53   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 15 փետրւարի 2011 թ. Ուրբաթ, փետրւարի 4-ը Անզալիի եւ Ռաշտի հայութեան համար եղաւ անապական ուրախութեամբ, հպարտութեամբ եւ խոր գոհունակութեամբ օծուն օր, որովհետեւ այդ օրը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տնօրինումով՝ իրարամերձ երկու համայնքների ազգայիններից՝ Արտուշ Յովհաննիսեանն ու Սիմոն Տէր-Յովսէփեանը պատււեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի կարգի շքանշանով՝ ի գնահատանք իրենց մի քանի տասնեակ տարիների ազգային-եկեղեցական ու հասարակական ոլորտում մատուցած ծառայութիւնների: Ուրբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Աբուլեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանի, մեկնեց Անզալի: Կէսօրին Սրբազան Հայրն ու իր ուղեկիցները հասան Անզալի, որտեղ նրանց հիւրընկալեցին Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Անզալիի շրջանի պատգամաւոր Արտեմ Դովլաթեանը եւ տեղի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը: Կէսօրին ի պատիւ Սրբազան Հօր եւ իր ուղեկիցների՝ Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Սիմոն Տէր-Յովսէփեանը իր բնակարանում յատուկ ճաշ-հիւրասիրութիւն էր կազմակերպել: Օրւայ գլխաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ «Աղաջան» ճամբարի ընդունելութեան սրահում, երեկոյեան ժամը 6:30-ին: Ձեռնարկին ներկայ էին Ռաշտի եւ Անզալիի հայ բնակիչները: Ձեռնարկի բացման խօսքն ասաց տկն. Անետ Տէր-Յովսէփեանը, որը յանուն երկու համայնքների՝ իր ուրախութիւնը յայտնեց այս իւրայատուկ ձեռնարկի համար, ապա հրաւիրեց երկու համայնքների երկարամեայ հոգեւոր հովիւ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանին՝ այս առիթով արտայայտւելու: Տէր Հայրը նախ իր անհուն ուրախութիւնը յայտնեց ձեռնարկի առիթով՝ շեշտելով, որ մեր եկեղեցին միշտ տէր ու պաշտպան է եղել իր ժողովրդին եւ այդ տիրութիւնը արել է անսակարկ նւիրումով ծառայող ազգայինների՝ հաստատ հայորդիների միջոցով: «Այս երկու համայնքներում ունեցել ենք մեծ թւով երախտարժան անձինք, որոնք գործեցին ու անցան. պարզապէս. յիշելու համար մի քանիսին,- ասաց Տէր Հայրը,- յիշենք հանգուցեալ Արսէն Մինասեանին, Յորդանանեանին, Յակոբեանին՝ Ռաշտում, Յովակիմ Սարգսեանին, Աղաջան Մարգարեանին եւ ուրիշների: Շնորհիւ թեմիս առաջնորդ Սրբազան Հօր իմաստուն կարգադրութեան՝ այսօր մեր համայնքների երկու ազգայիններ արժանաւորապէս գնահատւում են»: Իր խօսքի մի այլ մասում Տէր Հայրը յանուն երկու համայնքների՝ յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը՝ իր այս նախաձեռնութեան համար, եւ ապա հրաւիրեց Սրբազան Հօրը՝ արտայայտւելու եւ իր պատգամը փոխանցելու ներկաներին: Սրբազան Հայրը նախ փառք տւեց Աստծուն, որ մէկ անգամ եւս այս գեղեցիկ առիթն ընծայեց՝ միասին լինելու համար, ապա նա իր հերթին ուրախութիւն ու գոհունակութիւն յայտնեց այս առիթով: «Մենք ոչ միայն միշտ թեմի կենտրոնական քաղաքի՝ Թեհրանի ազգայիններին պէտք է գնահատենք, այլ պէտք է գնահատենք նաեւ շրջանում անսակարկ նւիրումով ծառայող մեր ազգայիններին: Երկու ամիս առաջ Արաքում գնահատեցինք շրջանի ազգայիններից Արարատ Քեշիշեանին եւ այսօր ահա եկել ենք գնահատելու Արտուշ Յովհաննիսեանին եւ Սիմոն Տ. Յովսէփեանին, որոնք երկար տարիներ, երեւի մի քանի տասնամեակներ ծառայել ու շարունակում են ծառայել մեր համայնքի ազնիւ զաւակներին»: Իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, որ ընդառաջելով իր խնդրանքին՝ մեր սիրելի ազգայիններին պատւեց «Ասպետ»-ի կարգի շքանշանով: «Մարդու հարստութիւնը անպայմանօրէն իր ունեցածի մէջ չէ,- ասաց Սրբազան Հայրը,- այլ իր տալիքի մէջ. այն, ինչ որ տալիս ես քո ազգին, եկեղեցուն ու հայրենիքին, այն միայն մնում է քեզ»: Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորեց նաեւ երկու համայնքների ներկայացուցիչներին՝ ասելով. «Պրն. Յովհաննիսեանին ու պրն. Տէր-Յովսէփեանին տրւած պատիւը ձեզ էլ է վերադառնում, որովհետեւ դուք կայիք. այդ պատճառով՝ իրենք այսօր այս պատւին են արժանացել»: Այնուհետեւ Սրբազան Հայրն ընթերցեց Վեհափառ Հայրապետի երկու կոնդակները եւ իւրաքանչիւրի կուրծքը զարդարեց «Ասպետ»-ի կարգի շքանշանով: Արարողութեան աւարտին Սիմոն Տէր-Յովսէփեանն ու Արտուշ Յովհաննիսեանը իրենց երախտագիտական զգացմունքներն արտայայտեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Երեկոյեան տեղի ունեցաւ պաշտօնական ընթրիք, որի ընթացքում Թեհրանից եկած հիւրերից Արման Բան դարին իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով, շնորհաւորեց պարգեւատրւողներին եւ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը: Շաբաթ, փետրւարի 5-ի առաւօտեան Սրբազան Հայրը հրաժեշտ տալով Անզալիի համայնքին՝ իր ընկերակիցներով վերադարձաւ Թեհրան:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը