ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարութեան եւ Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի միջեւ կնքուեց համաձայնագիր


ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարութեան եւ Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի միջեւ կնքուեց համաձայնագիր

  • 11-05-2011 18:46:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կրթութեան ու գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը եւ Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը մայիսի 11-ին ստորագրեցին համաձայնագիր Հանրային եւ հայկական այլ եռուստատեսութիւնների եթերում կրթական, մշակութային եւ գիտական հաղորդումների բազմազանութեան ապահովման մասին: Լրագրողների հետ զրոյցում Ա.Աշոտեանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը բաղկացած է չորս հիմնական կէտերից, որոնցից երեքը յստակ նշուած նպատակներ են հետապնդում, իսկ չորրորդը թողնուել է որպէս «բաց պատուհան»` յետագայ նոր նպատակների համար: «Երեք հիմնական կէտերից են «Հայ ասպետ» հեռուստամրցախաղի անցկացումը, որն այս տարուանից հովանաւորուելու է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից, սոցիալական գովազդների ցուցադրութեան պարտադրումը բոլոր հայական հեռուստաալիքների ամենառեյտինգային հաղորդումների ընթացքում, ինչպէս նաեւ երջանկայիշատակ Ռոբերտ Սահակեանցի կողմից ռուսական եթերի համար նկարահանած անիմացիոն ֆիլմերի թարգմանութիւնն ու եթեր հեռարձակումը»,- ասաց Ա.Աշոտեանը։ Ա.Ալեքսանեանը, անդրադառնալով «Եւրոտեսիլ» երգի մրցոյթին, նշեց, որ 2005-ից մրցոյթին մասնակցող Հայաստանը աւանդաբար անցել է եզրափակիչ փուլ եւ լաւագոյն տասնեակում է եղել։ Նա խորհուրդ տուեց այսօրուայ իրավիճակը ողբերգութեան չվերածել:«Պէտք է ուղղակի հանգիստ նայել, յաջորդ տարիներին էլ են մասնակցութիւններ լինելու: Հիմա պէտք է ուղղակի աջակցել, որպէսզի Էմմին զգա, որ բոլորը իր կողքին են, միայնակ չեն թողնում իրեն»,- ասաց Ա.Ալեքսանեանը, յաւելելով. «Երէկ ոչ միայն Հայաստանը չանցաւ եզրափակիչ, այլեւ` Թուրքիան, որը նոյնպէս միշտ եզրափակիչում է եղել եւ միշտ բարձր տեղեր է գրաւել»: Ա.Յարութիւնեանը նշեց, որ դեռ վաղ է յաջորդ մրցոյթի մասնակցի մասին խօսելը, յիշեցնելով, որ մինչ այդ այս տարուայ դեկտեմբերին Հայաստանում անցկացուելիք մանկական «Եւրոտեսիլ»-ի մասնակցի ընտրութիւնը պէտք է կատարուի։
  -   Հասարակութիւն