Ըստ Արմէն Մարտիրոսեանի, իշխանութիւններն անցել են շարքային<br /> քաղաքացիներից վերջին լուման քամելու քաղաքականութեանը<br />


Ըստ Արմէն Մարտիրոսեանի, իշխանութիւններն անցել են շարքային
քաղաքացիներից վերջին լուման քամելու քաղաքականութեանը

  • 10-02-2011 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԳԻՒՄՐԻ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ի Գիւմրիից դէպի «Բաւրա» մաքսային անցակէտ կազմակերպուել է ավտոերթ, որի շուրջ երկու հարիւր վարորդները իրենց բողոքն են յայտնել աւտոմեքենաների մաքսազերծման նոր պայմանների դէմ: Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան, Ավտոերթին մասնակցել են նաեւ «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան անդամներ եւ պատգամաւորներ, Ժողովրդական կուսակցութեան նախագահ Տիգրան Կարապետեանը, Հայ Ազգային Կոնգրեսի Գիւմրու տարածքային ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանը, Գիւմրիի «Ասպարէզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղեանը, «Հայք» ուսանողական-երիտասարդական միութեան ակտիւիստները: Ոստիկանների հարուցած խոչընդոտների պատճառով ավտոերթին չկարողացան միանալ Արթիկից Գիւմրի ուղեւորուած մի քանի տասնեակ վարորդներ` իրենց աւտոմեքենաներով: Ոստիկանները նաեւ փորձել են խոչընդոտել Գիւմրիից դուրս եկած մեքենաներին` ուղեւորուելու դէպի Բաւրայի անցակէտ, ինչը, սակայն, «Ժառանգութեան» պատգամաւորների ջանքերով կանխուել է: Բաւրայի անցակէտում վարորդները եւ նրանց ուղեկցող հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարճատեւ պիկետ են անցկացրել, ապա մաքսակէտ ներկայացրել միջանկեալ պահանջ` երկարաձգել վրացական համարանիշներով մեքենաների ժամկէտը 1 ամսով: Այնուհետեւ Գիւմրիի Թատերական հրապարակում տեղի է ունեցել ինքնաբուխ հանրահաւաք: ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը խիստ քննադատութեան է ենթարկել իշխանութիւններին` նշելով, որ վերջինները, չկարողանալով, իսկ աւելի ճիշտ` չցանկանալով յաւուր պատշաճի հարկել այն 30-40 ընտանիքներին, որոնք տնօրինում են տնտեսութեան 80 տոկոսը, անցել են շարքային քաղաքացիներից վերջին լուման քամելու քաղաքականութեանը: Խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանն իր ելոյթում նշել է, որ եթէ իշխանութիւնները շարունակեն ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելու արատաւոր գործելաոճը, ապա կհասնեն նրան, որ Հայաստանի ժողովուրդը եւս կըմբոստանա եւ կընդվզի` ինչպէս այլ երկրների ժողովուրդներ դա վերջերս իրականացրեցին եւ կհասնի իշխանութեան փոփոխությանը: «Ժառանգութեան» վարչութեան փոխնախագահ Ռուբէն Յակոբեանը յայտարարել է, որ կուսակցութիւնը կաջակցի վարորդների պայքարին, եւ որ պէտք է գնալ աւելի ակտիւ եւ հետեւողական գործողութիւնների: Նա նաեւ կուսակցութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել պաշտպանել այն վարորդների իրաւունքները, ում հանդէպ իշխանութիւնները, մասնաւորապէս` ուժային կառոյցները, կհամարձակուեն հետապնդումներ իրականացնել: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ ողորմելի վիճակում յայտնուած իշխանութիւններն արդէն սկսել են մտնել առաւել ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների գրպանները, պատգամաւոր Զարուհի Փոստանջյանը հանրահաւաքի մասնակիցներին առաջարկել է կառավարութեանը փոխանցելու համար հաւաքել 10-ական դրամ:
  -   Տնտեսութիւն