Անկարան միջամտում է Ցեղասպանութեան ճանաչման բոլոր նախաձեռնութիւնների կասեցմանը


Անկարան միջամտում է Ցեղասպանութեան ճանաչման բոլոր նախաձեռնութիւնների կասեցմանը

  • 04-02-2011 15:13:11   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայոց ցեղասպանութիւնը ժխտող Թուրքիայի նախագահը սովորական երեւոյթ է: Այդ պատճառով ոչ ոք տեղին չհամարեց անդրադառնալ յունուարի 27-ին Ստարսբուրգում Աբդուլահ Գիւլի արած յայտարարութիւնը: Պատասխանելով պատգամաւորի Ցեղասպանութեան վերաբերող հարցին` Եւրամիութեանն անդամակցելու յաւակնութիւն ունեցող երկրի նախագահը յայտարարեց, որ 1915 թուականի դէպքերը բնութագրող ճիշտ տերմինը ,գենոցիդըէ չէ եւ չի կարծում, թէ Ցեղասպանութիւն է եղել: Թուրքական նացիոնալիզմի սահմաններում տեղաւորուող յայտարարութեանը անդրադառնալու կարիք չէր լինի, եթէ այն արուած չլինէր Ստրասբուրգում: Այս քաղաքում 1987թ. յունիսի 18-ին Եւրոպական խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանութեան փաստը եւ Թուրքիայի մուտքը Եւրոպա պայմանաւորեց Ցեղասպանութեան դատապարտման հետ: Նոյն Ստրասբուրգում 1998թ. ապրիլի 24-ին Եւրոպայի Խորհուրդը նոյն հարցով բանաձեւ ընդունեց: Սակայն, ըստ ամենայնի, Թուրքիայի ղեկավարութեան վրայ տպաւորութիւն գործելու համար աւելին է պէտք, այլապէս ցեղասպանութեան ժխումն այդ երկրում արդէն ոչ միայն ներքին սպառման գաղափարախօսութիւն է, այլեւ արտահանման ենթակայ երեւոյթ: 2005թ. Թուրքիայի արտգործնախարարութիւնը նոյն Աբդուլահ Գիւլի գլխաւորութեամբ Ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարը պաշտօնապէս հռչակեց իր առաջնահերթութիւններից մէկը: Անկարան միջամտում է պատմական փաստի ճանաչման բոլոր նախաձեռնութիւնների կասեցմանը: Դրա օրինակները շատ էն: Վերջին ճղճիմ փաստը կշեռքի նժարներին Սինոպում ֆրանսիական EDF-ի հետ ատոմակայան կառուցելն ու Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը դնելն էր: Այդ կերպ Թուրքիան փոքր քայլերով, շանտաժի լեզուով կարողանում է ընդմիշտ կոծկել այդ յանցագործութիւն-տաբուն: Ցեղասպանութիւնն աւարտին հասցնելու քաղաքականութիւնը կարող է ի վերջոյ յաղթել: Թուրք առաջնորդների յարձակման տակ Եւրոպայում իրական քաղաքականութեան եւ շուկայի օրէնքի պահանջներին համապատասխան երկրորդ պլան էն մղւում մարդու իրաւունքները: Դրա հետեւանքը կը լինի փոքրոգութիւնը եւ սեփական արժէքներից հեռանալը: Տուժում էն ոչ միայն սերունդներն ու ժողովրդավարական արժէքները, այլեւ թուրք ժողովուրդը, որը ազգայնական մոլեռանդութեան ճիրաններում միաւորւում է աւանդական հայատեացութեան, այժմ էլ հակահրէականութեան հողի վրայ: Այս ամէնը ցոյց է տալիս, որ Արեւմուտքի պետական շահերի յաւէրժական զոհերն էն արեւելքի քրիստոնեաներն ու փոքրամասնութիւնները: Այս աճուրդի դահլիճում կարծես թէ զարմացող այլեւս չկայ: Արա Թորանեան «Nouvelles d'Armenie» ամսագիր
  -   Յօդուածներ