«Դոմոդեդովոյ»-ում տեղի ունեցած պայթիւնից զոհուածների թւում Հայաստանի քաղաքացիներ դեռեւս չեն արձանագրուել


«Դոմոդեդովոյ»-ում տեղի ունեցած պայթիւնից զոհուածների թւում Հայաստանի քաղաքացիներ դեռեւս չեն արձանագրուել

  • 24-01-2011 22:16:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 24 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Նախնական տուեալներով` Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովոյ» օդանաւակայանում յունուարի 24-ին տեղի ունեցած պայթիւնից զոհուածների թւում չկան Հայաստանի քաղաքացիներ, «Ազատութիւն» ռադիօկայանին յայտնել է Հայաստանի արտգործնախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը: Ռուսաստանեան լրատուամիջոցների ժամը 20:00-ի սահմաններում հաղորդած տուեալներով, պայթիւնի հետեւանքով զոհուածների թիւը հասել է 35-ի: Հիւանդանոց տեղափոխուածների թուի մասին տարբեր աղբիւրներ հաղորդում են տարբեր թուեր 46-ից մինչեւ 58 մարդ: Չի ճշգրտւում այն անձանց թիւը, որոնց օգնութիւն է ցուցաբերուել տեղում: Աւելի վաղ հաղորդուել էր 31 զոհերի եւ շուրջ 130 վիրաւորների մասին։ Պայթիւնը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:32 ուղեւորների ժամանման սրահում։ Փաստի կապակցութեամբ քրէական գործ է յարուցուել ահաբեկչութեան, սպանութեան եւ ապօրինի զէնք-զինամթերքի յատկանիշներով: Իրաւապահները չեն բացառում, որ պայթիւնը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդուեդեւը կարգադրել է անվտանգութեան յատուկ ռեժիմ սահմանել երկրի բոլոր օդանաւակայաններում եւ այլ տրանսպորտային հանգոյցներում: Ինչպէս «Սիբիր» աւիաընկերութիւնից տեղեկացրել էին «Ազատութիւն» ռադիօկայանին, Երեւանից ժամը 17:55-ին Մոսկուա թռչող ինքնաթիռը (թռիչքը 2.5 ժամ է տեւում) վայրէջք էր կատարելու հէնց «Դոմոդեդովոյ»-ում: Իսկ Մոսկուայից Երեւան ուղեւորուող «Արմաւիայ» աւիաընկերութեան ինքնաթիռը ժամը 16:35-ին նորմալ վայրէջք է կատարել Երեւանում:
  -   Հասարակութիւն