Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենայ «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում<br />


Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենայ «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում

  • 18-01-2011 14:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին (ժամը 14:00-ին) Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենայ «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում: Ելոյթներով հանդէս կգան անվտանգութեան գծով ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլեանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետեանը, գեներալ-մայոր Սամուէլ Սաֆարեանը, գրականագէտ Վարդան Դեւրիկյանը, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արմէն Կարապետեանը, ՄՀՆՋ հրամանատար, գնդապետ Գրիգորի Սարգսեանը: Միջոցառմանը կմասնակցի Աւետիս Ահարոնեանի ժառանգներից (Դեթրոյթ) ԳԱԱ ակադեմիկոս Հրայր Ահարոնեանը: Հիւրեր կլինեն դեսպանատներից, Սփիւռքի հայկական համայնքներից: «Աւետիս Ահարոնեան» առաջին աստիճանի ոսկէ մեդալ կշնորհուի հինգ հայ գործիչների: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Ազգային գրադարանի Հանրութեան հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից, միջոցառման ժամանակ կցուցադրուի «1.500.000+1. Հայրենիք-Սփիռք մշակոյթային կամուրջ» հասարակական կազմակերպութեան նախագահ Արման Աւետիսեանի հեղինակած 4 րոպէանոց տեսանյութը` նուիրուած Հ.Դինքի յիշատակին: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացուեն Հրանտ Դինքին նուիրուած` հայաստանեան եւ սփիւռքի մամուլում հրատարակուած յօդուածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Ուշագրաւ են Հրանտ Դինքի «Երկու մօտ ժողովուրդ, երկու հեռու հարեւաններ», Սոնա Արշունեցու «Ով է սպանել Հրանտ Դինքին» գրքերը, Դինքին նուիրուած բանաստեղծութիւնները: Ի դէեպ, նոյն օրը, նոյն ժամին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մօտ կկազմակերպուի ցոյց` «Թուրքիա, դէմ հանդիման կանգնիր քո պատմութեանը, հարգիր փոքրամասնության իրաւունքները» մակագրութեամբ ցուցապաստառներով, իսկ Անգլիայի լորդերի պալատում տեղի կունենայ միջոցառում, որտեղ «Իրականում ինչ է կատարւում Թուրքիայում» թեմայով կբնախոսի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլին: Հրանտ Դինքը ծնուել է 1954թ. սեպտեմբերի 15-ին: Նշանաւոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերէնով եւ թուրքերենով տպագրվող թերթի` «Ակօսի» գլխաւոր խմբագիրը, Թուրքիայի երեւելի մտավորականերից մէկը, ով յայտնի էր իր անվախ ելոյթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ յօդուածներով: Հ.Դինքը սպանուեց 2007 թուականի յունվարի 19-ին, «Ակօսի» խմբագրատան առաջ: Սպանութիւնն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի աւտոկայանում ոստիկանութիւնը ձերբակալել է 17-ամեայ Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննութեան ընթացքում խօստովանել է իր մեղքը: Հրանտ Դինքին 2007թ.-ի յունիսին ետմահու շնորհուել է ՀՀ նախագահի մրցանակ: Ըստ ՀՀ նախագահի «առաջին անգամն է, որ նախագահի մրցանակը յանձնւում է հետմահու: Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կյիշենք նրան, եւ մենք հաւաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»: Պատմական արդարութեան վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խօսքի ազատութեան եւ մարդու հիմնարար իրաւունքների պաշտպանութեան գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհուած նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից ժամանել էին Դինքի այրին` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը, եւ եղբայրը` Երուանդ Դինքը: Մրցանակը ստանալիս Ռ.Դինքը յայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ եւ պատուաւոր, եւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզուած եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփիւռքը` փոքր կղզիներ են»:
  -   Հասարակութիւն