Յունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչեանը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի հետ<br />


Յունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչեանը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի հետ

  • 07-05-2011 16:41:29   |   |  Քաղաքական
Մայիսի 6-ին Յունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչեանը հանդիպում ունեցաւ Սալոնիկի քաղաքապետ Եանիս Բուտարիսի հետ: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները: Դեսպան Ղալաչեանը եւ քաղաքապետ Բուտարիսը քննարկեցին Հայաստանի եւ Յունաստանի մեծութեամբ երկրորդ քաղաքների` Գիւմրիի եւ Սալոնիկի միջեւ կապերի ընդլայնման, մշակոյթի, տնտեսութեան եւ այլ բնագաւառներում փոխշահաւէտ համագործակցութեան զարգացման հեռանկարները: Կողմերը նշեցին, որ հայ-հունական երկկողմ յարաբերութիւններում կարեւոր դեր է վերապահուած երկու բարեկամ երկրների քաղաքների ու բնակավայրերի միջեւ համագործակցային կապերի, քոյր-քաղաքների յարաբերութիւնների հաստատմանն ու ամրապնդմանը: Այդ առումով երկուստէք կարեւորուեց Սալոնիկում հնուց ի վեր գոյութիւն ունեցող հայ համայնքի դերը, որը կարող է երկու քաղաքների «բարեկամութեան կամուրջ» դառնալ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, զրուցակիցները նշեցին, որ մշակոյթի ոլորտում համագործակցութիւնը կարող է արդիւնաւէտ լինել արդէն յաջորդ տարի, երբ Յունաստանում անցկացուէն Հայաստանի մշակոյթի օրերը, իսկ Սալոնիկը նշելու է թուրքական լծից քաղաքի ազատագրման 100-ամեակը: Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխշահաւէտ համագործակցութեան համար լաւ նախադրեալներ կստեղծուէն նաեւ այս տարուայ յուլիսից Սալոնիկը Հայաստանի հետ կապող ուղիղ չուերթի գործարկմամբ: Դեսպան Ղալաչեանը Սալոնիկի քաղաքապետին յանձնեց Գիւմրիի քաղաքապետի կողմից Հայաստան այցելելու հրաւէրը, որը սիրով ընդունուեց: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ քաղաքապետ Բուտարիսի գլխաւորած պատուիրակութեան այցը տեղի կ'ունենայ արդէն առաջիկայ ամռանը:
  -   Քաղաքական