Կարդինալ Ջանֆրանկո Ռաւասին այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Կարդինալ Ջանֆրանկո Ռաւասին այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

  • 27-10-2014 14:55:51   |   |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Վատիկանի մշակոյթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռաւասին:
Համայն հայութեան հոգեւոր կենտրոնում կարդինալ Ռաւասիի գլխաւորած պատուիրակութեանը ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը: Հիւրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյններն ու բարեմաղթանքները` Յովակիմ Սրբազանը զրոյցի ընթացքում անդրադարձաւ Հայաստանեայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ յարաբերութիւններին եւ սերտ գործակցութեանը: Իր հերթին կարդինալ Ռավասին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին ուղղուած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջոյնները:
Այնուհետեւ կարդինալ Ջանֆրանկո Ռաւասին այցելեց Մայր Տաճար, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի հետ Իջման Սուրբ Սեղանի առաջ աղօթք կատարուեց երկու Քոյր Եկեղեցիների պայծառութեան համար: Վատիկանի մշակոյթի գծով քահանայապետական խորհրդի նախագահն եղաւ նաեւ Մայր Աթոռի «Ռուբեն Սեւակ» թանգարանում:
 
  -   Հասարակութիւն