Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել<br /> Հայաստանի նախագահին<br />


Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել
Հայաստանի նախագահին

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 16-ին հաւատարմագրերի յանձնման կապակցութեամբ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Թիան Չանչունին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրուած է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում յարաբերութիւնների խորացմամբ: Նրա խօսքերով, վերջին շրջանում տնտեսութեան ոլորտում ձեռնարկուած լուրջ քայլերի շնորհիւ` առեւտրաշրջանառութեան ցուցանիշներով Չինաստանն այսօր Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է: Ս.Սարգսեանը կարեւորել է նաեւ հումանիտար ոլորտում գործակցութեան ընդլայնումը եւ այդ ուղղութեամբ իրականացyող միջոցառումները: Նորանշանակ դեսպանը Ս.Սարգսեանին հաղորդել է ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի ողջոյնները եւ ընդգծել Չինաստանի եւ չին ժողովրդի խորը յարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Թ.Չանչունն ասել է, որ Չինաստանի կառավարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ համագործակցութեան զարգացմանը: Նրա խօսքերով, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից ի վեր հայ-չինական քաղաքական, տնտեսական համագործակցութիւնը, հումանիտար կապերը հետեւողականօրէն զարգանում են, եւ այսօր արդէն տեսանելի են արդիւնքները: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, զրոյցի ընթացքում քննարկուել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցութեան զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նշուվել է, որ աւարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մէկը` քլորոպրենային կաուչուկի արտադրութեան համատեղ ձեռնարկութեան կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Չինաստանի արդիւնաւէտ գործակցութիւնը միջազգային կառոյցներում, միմեանց խնդիրների նկատմամբ անկողմնակալ ու հաւասարակշիռ դիրքորոշումը:
  -   Քաղաքական