Եթէ թուրքերը չժխտեին Ցեղասպանութիւնը, CBS-ն այս տեսաֆիլմը<br /> չէր հեռարձակի<br />


Եթէ թուրքերը չժխտեին Ցեղասպանութիւնը, CBS-ն այս տեսաֆիլմը
չէր հեռարձակի

  • 03-03-2010 22:00:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքերը պէտք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանութեան մասին փետրուարի 28-ին CBS հեռուստաընկերութեան կողմից հեռարձակուած հաղորդման պատճառով իրենց դժգոհութեան համար: Եթէ չլինէին թուրքական կառավարութեան անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանութիւնը կարող էր վերածուել մի մոռացուած իրադարձութեան համաշխարհային պատմութեան մէջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործութիւնը եւ համառօրէն կրկնում են իրենց հորինած աղաղակող ստերը, ուստի ազնուաբարոյ մարդիկ ամէնուր, տարբեր միջոցներով ձգտում են ի լուր աշխարհի յայտնել ճշմարտութիւնը, ինչպէս դա արեց ամերիկեան յայտնի CBS-ն իր «60 րոպե» հաղորդման մէջ նախորդ կիրակի: Քանի դեռ թուրքերը շարունակում են հրաժարուել ճշմարտութիւնն ընդունելուց, նրանք միջազգային հանրութեան կողմից անարգվելու են որպէս զանգվածային մարդասպաններ եւ ցեղասպանութեան ժխտողներ. արժանի պատիժ նման նողկալի ոճրագործութիւն իրականացնելու եւ այն քողարկելու համար: Հայ ժողովրդի դահիճներ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի եռյակը երբեւէ չէր կարող պատկերացնել, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, նոյնիսկ մէկ դար անց հիշելու են 1915 թուականին նրանց իրագործած ստոր ու անմարդկային ոճրագործութիւնները: Ուշագրաւ է, որ CBS-ի այս հաղորդման հեռարձակումից մի քանի օր առաջ թուրքական կազմակերպութիւններն արդէն կոչ էին անում իրենց անդամներին նամակներ յղել հեռուստաընկերութեան ղեկավարներին` բողոքելով Հայոց Ցեղասպանութեան տեսաֆիլմի դէմ, նոյնիսկ բովանդակութեան մասին ոչինչ չիմանալով: Հայկական յայտնի ասացուածքը` «գող` սիրտը դող» դիպուկ է ներկայացնում թուրքական այս տարօրինակ պահվածքը: Այս արտայայտութիւնը բնութագրում է «բացայայտումից վախեցող գողին»: Իմանալով իրենց մեղաւորութիւնը, թուրքերը մշտական երկյուղի մէջ են, թէ կմեղադրվեն եղեռնագործություն կատարելու համար եւ աղաղաակում են իրենց «անմեղութեան» մասին` նախքան որ որեւէ մէկը նրանց կմեղադրի նման ոճրագործութեան համար: Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող տասներկու րոպե տեւողությամբ տեսանյութը ամբողջովին մերկացրեց անմեղութեան թուրքական առասպելը: CBS-ի թղթակից Բոբ Սայմոնը պրոֆեսոր Պիտեր Բալաքեանի հետ մեկնել էին Դեր Զորի անապատը` «հայկական Օսուենցիմ», որտեղ նրանք հայ զոհերի ոսկորների բեկորներն էին հանում, աւազի մակերեսը մատների ծայրերով ուղղակի փորփրելով: Վստահաբար այս ցնցող պատկերներն անջնջելի հետք թողեցին միլիոնավոր հեռուստադիտողների գիտակցութեան վրայ: Շաղակրատող թուրք ժխտողները չէին կարող ջնջել այն ամէնը, ինչ հեռուստադիտողները տեսան իրենց սեփական աչքերով: Ոչ ոք չի կարող հաւատալ նախկին թուրք դեսպան Նաբի Սենսոյի ստայոդ խօսքերին, որ հայերը չեն սպանուել, այլ պարզապէս տեղահանվել են: Բոբ Սայմոնի ճնշման տակ, Սենսոյը, նախ անտեսեց հողից հանուած ոսկորների նշանակութիւնը, ապա փորձեց իր կեղծ պնդումներին կարեւորութեան շունչ հաղորդել` նշելով, որ ՄԱԿ-ի ցեղասպանութեան սահմանումը պահանջում է «մտադրութիւն» տարրի առկայութիւնը: Ի վերջոյ նա ընդունեց, որ բազմաթիւ հայեր են «ոչնչացուել», սակայն ըստ նրա` թուրքերն այդպիսի մտադրութիւն չեն ունեցել: Օսմանեան կայսրութեան չորս կողմերից տեղահանված 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաները ու՞ր եւ ինչպե՞ս անհետ կորան: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը, ով այդ հարցազրոյցից յետոյ առանց ձեւականութիւնների ազատուեց պաշտօնից, միտումնաւոր չհիշեց ՄԱԿ-ի` ցեղասպանութեան սահմանման մէկ այլ յօդուած. «Որեւէ խմբի համար կանխամտածուած այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք պատճառ կդառնան նրա ֆիզիկական ոչնչացման»: Մնում է ափսոսալ, որ CBS-ն այս Ցեղասպանութեան ժխտողին ազատ ամբիոն տրամադրեց, մի բան, որը երբեք տեղի չէր ունենայ, եթէ ծրագրում խօսք գնար Հոլոքոստի մասին: Արդեօ՞ք CBS-ը թոյլ կտար որեւէ նացիստի կամ Հոլոքոստը ժխտողի եթերում ներկայացնել «այս հարցի միւս երեսը»: Իհարկէ, հնարաւոր չէ տասներկու րոպեների ընթացքում ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան ամբողջական պատկերը: «60 րոպե» հաղորդման տեսաֆիլմը կարող էր աւելի ցնցող տպաւորութիւն թողնել, եթէ արտադրողները փոքր-ինչ բծախնդիր լինէին իրենց հետաքննութեան մէջ: Օրինակ, ճիշտ չէ, որ «Միացեալ Նահանգների ոչ մի նախագահ երբեք չի արտասանել ցեղասպանութիւն բառը»: Հանրայայտ է, որ նախագահ Ռեյգանը 1981 թուականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում վկայակոչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Բոբ Սայմոնը նաեւ յայտարարեց, որ թուրքական կողմի քաղաքական ճնշումների շնորհիւ ձախողուեց Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի անցկացումը ԱՄՆ-ի Կոնգրեսում 2007 թվակյանին: Նա չնշեց այն երկու բանաձեւերը, որոնք Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունուել են 1975 եւ 1984 թուականներին: Երբ Սայմոնը թուրք դեսպանից հետաքրքրուեց, թէ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարների ությակն ինչու էր համախմբուել Թուրքիայի յետեւում 2007 թուականի բանաձեւը վիժեցնելու համար, դեսպան Սենսոյն իր պատասխանում մատնանշեց Թուրքիայի կարեւորութիւնը Միացեալ Նահանգների համար: Ըստ թուրք դեսպանի, աշխարհաքաղաքական նկատառումները շատ աւելի ծանրակշիռ են քան 1.5 միլիոն մարդկանց կեանքը: Վերջում Բոբ Սայմոնը սխալ մեկնաբանութիւն կատարեց` յայտարարելով, որ հայ-թուրքական արձանագրություններում առկայ յօդուածը պահանջում է ստեղծել մի պատմական յանձնաժողով, որը «կորոշի Ցեղասպանութեան իրողութիւնը»: Չնայած այդ յօդուածը շատ յստակ ձեւակերպուած չէ, սակայն այն չի ենթադրում նման փաստահավաք յանձնաժողովի ստեղծում: Անկախ այս մի քանի բացթողումներից, միլիոնավոր ամերիկացիներ, ովքեր դիտեցին այս հաղորդումը, էկրանից հեռացան քաջ գիտակցելով, որ թուրքերը 1915 թուականին մասնակցել են «ռասայական բնաջնջման», ինչպէս ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն էր զեկուցել Պետդեպարտամենտին: CBS-ին թուրքական բացասական մեկնաբանութիւնների հեղեղումներին հակազդելու համար, մեր ընթերցողներին խնդրում ենք իրենց երախտագիտական նամակները յղել «60 րոպե»-ին, նրա լուսաբանող հաղորդման համար, որն արդիւնաւէտօրէն պայքարում է ցեղասպանութեան ժխտման դէմ: Հեռուստածրագիրը դիտելու եւ մեկնաբանութիւն ուղարկելու համար խնդրում ենք սեղմել այստեղ. http://www.cbsnews.com/video/watch/?id=6253043n Միաժամանակ մեր շնորհակալութիւնն ենք յայտնում պրոֆ. Բալաքյանին` նրա համոզիչ պարզաբանումների եւ CBS-ի անձնակազմին Սիրիայի անապատներն ուղեկցելու համար: Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ. Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ