Լեւոն Տեր-Պետրոսեան. «Եվս մի այսպիսի նախաձեռնողական<br /> քաղաքականութիւն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնայ»<br />


Լեւոն Տեր-Պետրոսեան. «Եվս մի այսպիսի նախաձեռնողական
քաղաքականութիւն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնայ»

  • 01-03-2010 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքականութիւն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնայ»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի վարած արտաքին քաղաքականութիւնը` մարտի 1-ի հանրահաւաքում յայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսեանը: Նրա խօսքերով, առասպել է այն խօսակցութիւնը, թէ իբր հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մտել է փակուղի: Իրականում, ըստ ՀԱԿ-ի առաջնորդի, Թուրքիան հասել է իր ուզածին` կասեցրել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, այժմ բոլորովին շտապելու կարիք չունի եւ բանակցութիւնները Հայաստանի հետ կշարունակի միայն ղարաբաղեան խնդրում իր ակնկալած առաջընթացի դէպքում: Լ.Տեր-Պետրոսեանի դիտարկմամբ, Թուրքիան վաղուց է ապացուցել, որ ինքը ճնշումներից վախեցող երկիր չէ: Այդ ամէնը, ինչպէս յայտարարեց ՀՀ առաջին նախագահը, նշանակում է, որ Ս.Սարգսեյանի վարած արտաքին քաղաքականութիւնը խայտառակ կերպով ձախողուել է: Ինչ վերաբերում է մարտի 1-ի խորհրդին, ապա, ըստ Լ.Տեր-Պետրոսեանի, այն առաջին հերթին տասը զոհերի ոգեկոչման եւ ոճիրը համակողմանիօրէն գնահատելու օրն է: Նա յաւելեց, որ խօսելով 2008թ.-ի մարտի 1-ի դէպքերի մասին` շատերը մոռանում են դրանց սկզբնապատճառը` կեղծուած նախագահական ընտրութիւնները: Առաջին նախագահը նշեց, որ եթէ այդ կեղծիքը չլինէր, ժողովուրդը 10 օր շարունակ հանրահաւաքների չէր մասնակցի, իսկ իշխանութիւնը զավթած մարդիկ բռնութեան դիմելու կարիք չէին ունենայ: Նրա կանխատեսմամբ, գալու է մի օր, երբ 2008թ.-ի մարտի 1-ի սպանդի նախօրոք կազմակերպուած լինելը Հաագայի միջազգային դատարանում դառնալու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի դէմ հարուցվելիք քրէական գործի հիմնական փաստարկը: Լ.Տեր-Պետրոսեանի ելոյթից առաջ հնչեցին շուրջ մէկ տասնեակ ելոյթներ: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն անդրադարձան գազի գնի թանկացմանը` նշելով, որ դա ամէնեւին կապ չունի ռուսական գազի սակագնի բարձրացման հետ: Պարզապէս, Հ.Բագրատեանի խօսքերով, ՀՀ իշխանութիւնները այդպիսով «լրացուցիչ հարկ են դրել ժողովրդի վրայ, որպէսզի վերջինս ակամայ սուբսիդավորի հարուստներին»: Հանրահաւաքի աւարտից յետոյ ցուցարարները երթով անցան Երեւանի կենտրոնական փողոցներով:
  -   Քաղաքական