Թեհրանում աւարտւեց հոգեւոր եւ կոմիտասեան երգերի փառատօնը


Թեհրանում աւարտւեց հոգեւոր եւ կոմիտասեան երգերի փառատօնը

  • 12-01-2011 16:05:34   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ եւ Հայ կնոջ տարւայ առիթով կեանքի կոչւած յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած հոգեւոր եւ կոմիտասեան երգերի փառատօնը նոյն ծրագրով կայացաւ երեք գիշեր՝ յունւարի 9-ին՝ Ս. Սարգիս եկեղեցում, յունւարի 10-ին՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում եւ երէկ՝ յունւարի 11-ին՝ Ս. Թարգմանչաց եկեղեցում՝ Գէորգ աւագ սարկաւագ Հաճեանի կատարմամբ՝ դաշնամուրի եւ երգեհոնի ընկերակցութեամբ Երեւանի Պետական կոնսերւատորիայի ուսանող Տաթեւիկ Արթինեանի: Երէկւայ համերգը նւիրւած էր նորոգ հանգուցեալ գերմանացի հայագէտ, հայ ժողովրդի բարեկամ Վերապատւելի դոկտ. Հերման Գոլցի յիշատակին: Ծրագրի աւարտին Գէորգ աւ. սրկ. Հաճեանը իր երախտագիտական խօսքն ուղղեց՝ Սրբազան Հօրը, Հայ կնոջ տարւայ յանձնախմբին եւ եռօրեայ փառատօնի հանդիսատեսներին, որոնք իրենց ներկայութեամբ եւ ընդառաջումով ապացուցեցին, որ հայ երգը յաւերժական է: Այնուհետեւ Սրբազան Հայրը նախ դրւատանքի խօսք ուղղեց Գէորգ աւ. սրկ. Հաճեանին եւ Տաթեւիկ Արթինեանին, որոնք երեք օր հնաբոյր, բայց երբեք չհնացող հոգեւոր եւ աշխարհիկ երգեր վայելելու առիթը պարգեւեցին, ապա ոգեկոչեց հանգուցեալ դոկտ. Գոլցի յիշատակը՝ նշելով, որ նա Գերմանիայի Հալլէ քաղաքում հիմնել էր հայագիտական կենտրոն եւ մեծ աշխատանք էր տանում Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման եւ հայ ժողովրդի բարեկամ Եօհաննէս Լեպսիուսի արխիւների հաւաքագրման ուղղութեամբ: Նրա ջանքերով էր, որ 2005 թւականին Գերմանիայի Բունդեստագում ներկայացւեց Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը: Սրբազան Հայրը յայտնեց, որ առաջիկայ ուրբաթ առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագից յետոյ, հոգեհանգստեան արարողութիւն կը կատարւի դոկտ. Հերման Գոլցի յիշատակին: «ԱԼԻՔ» օրաթերթ 11 յունւարի 2011 թ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը