Կեանքից հեռացաւ մաեստրոյ Օհան Դուրեանը


Կեանքից հեռացաւ մաեստրոյ Օհան Դուրեանը

  • 06-01-2011 17:57:15   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 6 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուարի 6-ին կեանքից հեռացաւ մաեստրոյ Օհան Դուրեանը: Նրա այրին` Ալիս Դուրեան-շամիրեանը, հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Այսօր` Սուրբ Ծննդեան առաւօտեան, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, ժամը 7:45-ին կեանքից հեռացաւ XXդ.-ի մեծագոյն կոմպոզիտորներից մէկը` Օհան Դուրեանը: Իր վերջին խօսքերն իր հանգուցեալ մօրն էին ուղղուած, մտքերն` իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացաւ խաղաղ` յանգելով Մոցարտի երաժշտութեան հնչիւնների ներքոյ, որ խնդրեց միացնել իր համար եւ որոնց հոգեվարքի պահին անգամ` չափ տուեց .... մի վերջին անգամ: Նրա մահճի մօտ էին իր հարազատներն ու ամենամերձաւոր բարեկամները: Օհան Դուրեանն ապրեց քաղաքացու եւ մտաւորականի ամբասիր կեանքով եւ երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշուին: Մնաց իր սկզբունքների հաւատարիմ, որ կոչուած էին ծառայելու իր ժողովրդին: ժամանակներն ու մարդիկ անցօղիկ էն, արժէքները` մնայուն: Եւ Օհան Դուրեանն այդ մնայուն արժէքներից է: Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգութեամբ եւ իր հայրենիքի արժանաւոր քաղաքացիների հոգիներում: Այն ամէնն ինչ ունէր` Դուրեանը տուեց իր ժողովրդին: Եւ ժողովուրդն անշուշտ` կը հատուցի նրա յիշատակին: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ողջ հայութեանն` այն անսահման եւ անկեղծ սիրոյ համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժուար ու ծանր օրերին: Աստուած Ձեզ պահապան: Աղօթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստութեան համար»:
  -   Հասարակութիւն